Խաղաղությունը վերածվել է թավշամոլների նոր քաղաքական գաղափարախոսության: 1990-ականներին՝ Արցախյան ազատամարտի շրջանում, ՀՀՇ-ն սոցիալական ծանր կացությունը հիմնավորում էր պատերազմով, եւ մարդկանց պարզաբանում էին, որ արցախյան կոնֆլիկտն է պատճառը, որ դուք վատ եք ապրում, երբ պատերազմն ավարտվի, ամեն ինչ կկարգավորվի: Հայաստանում 30 տարի անց պաշտոնապես 650 հազար մարդ աղքատ է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ ավելի շատ: Հիմա ո՞րն է պատճառը՝ խաղաղությո՞ւնը, որ մարդիկ հայտնվել են սոցիալական եւ իրավական անարդարության թիրախում, թե՞ ապաշնորհ կառավարումը, որն ամեն քայլափոխին սպառնում է հավանական պատերազմով եւ այլ արհավիրքներով:
Մեծ չէ՞ այն փրկագինը, որը մենք ազգովի պետք է վճարենք հանուն նիկոլյան խաղաղության, որի մասին իշխանահաճո սոխակները (ԶԼՄ-ներ, անհատներ, կուսակցություններ եւ այլ արբանյակներ) դայլայլում են ամեն օր: Արցախի հանձնմամբ ոչ թե փակվեց պանդորայի արկղը, այլ՝ բացվեց: «Արցախը Հայաստան է, եւ վերջ»-ը փոխարինվեց «Արեւմտյան Ադրբեջան» հասկացությամբ, որը մարտահրավեր է ոչ թե ՀՀ քաղաքական եւ տարածքային ինքնիշխանությանը, այլ իր մասշտաբներով ընդգրկում է ողջ Հայաստանը:
Ո´չ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի եւ ո´չ էլ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան հռչակագրում գրված չէ ոչինչ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակման, կաթողիկոսի գահընկեցման եւ Նիկոլի ինքնաօծման, ՀՀ սահմանադրության փոփոխության, 4-րդ հանրապետության հռչակման, ներքին սոցիալական բեւեռացման, հասարակությանը սեւ-սպիտակի տարաբաժանելու, աստղաբաշխական պարգեւավճարներով ցնցուղների ընդունման եւ նեղ ցեղախմբով խրախճանքների կազմակերպման, թոշակառուներին ծաղրուծանակի ենթարկելու, բանակի կրճատման, պետական համակարգի կազմալուծման, դատական համակարգի ոչնչացման, իշխանությունների կոռումպացման, հոգեւորականների, քաղաքական գործիչների, լրագրողների, դասախոսների, փաստաբանների հետապնդման եւ արդարադատության համակարգում «քաղբանտարկյալ» հասկացության ինստիտուցիոնալացման եւ այլ շատ բաների մասին: Ի դեպ, այս երեւույթների մասին գրված չէ նաեւ թավշյա խաղաղապաշտների կուսակցական կամ կառավարության ծրագրերում:
Պատերազմը վերածել են սպառնալիքի, իսկ խաղաղությունը՝ իրենց վերարտադրման գործիքակազմի եւ լուրջ դեմքերով կառուցում են նոր՝ «իրական Հայաստան», որը, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունի, որովհետեւ ՀՀ սուվերեն տարածքից 20 հազար հեկտար (200 ք/կմ) գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ Սեւ լճի մոտի հայկական մարտական հենակետ մեր զինվորները շարժվում են ազերիների օղակի միջով: Հիմա հռետորական հարցադրում․ ո՞րն է այդ՝ խաղաղություն ասվածը, եւ որտե՞ղ է մեր ինքնիշխանությունը: Ակամայից հանգում ենք մի տրագիկոմեդիկ մտայնության, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ է այնքանով, որքանով որ իրենից ոչինչ կախված չէ: Որքան այս իշխանությունները խոսում են մշտնջենական խաղաղության մասին, այնքան պատերազմի հավանականությունն ավելի է աճում, իսկ ինքնիշխանության մասին իրենց գերուրույն դատողություններով՝ պետությունն անխռով եւ հաշվենկատորեն մղում են վիլայեթացման հորիզոնական: Հանրային համերաշխության եւ սոցիալական արդարության գաղափարները պետք է լինեն գերակա՝ տրոհված հասարակության վերամիավորման եւ ժողովրդի առաջնորդման ազգային-քաղաքական օրակարգի ձեւավորման առանցքում:
Արեգ Սավգուլյան