Արսեն Խեչոյանը ծնվել է Երևանում։ Քրոջ կրտսեր եղբայրն էր։ Հինգ տարեկանից հաճախել է Ա. Ազարյանի անվան մարզադպրոցը, այնուհետև Հ. Շահինյանի անվան մարզադպրոցը։
Սպորտը Արսենի կյանքն էր և ապագայի նպատակները նույնպես կապված էին սպորտի հետ...
Արսենը սովորել է Երևանի թիվ 22 միջնակարգ դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, զուգահեռ զբաղվել է դասական ըմբշամարտով։
Քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Սակայն ուսումը կիսատ թողնելով 2019թ դեկտեմբերի 27-ին զորակոչվել է Հայոց Բանակ։
«Արսենը փոքր տարիքից արդեն տարբերվում էր իր հասակակիցներից հավասարակշռված բնավորությամբ ։ Սիրված էր թե դպրոցում, թե ուսուցիչների և թե մարզիչների կողմից... համեստ էր այդքան սիրված լինելով հանդերձ։ Տանել չէր կարողանում անարդարությունը, սուտը։ Շատ նվիրված ու հավատարիմ ընկեր էր... Խելացի և աշխատասեր ... Ընկերները պատմում են թե ինչպես էր միշտ կանգնում թույլի և անօգնականի կողքին , փորձելով պաշտպանել..․»,- պատմում են հարազատները։
«Շատ բարի, խելացի, համակերպվող տղա էր, կյանքում ոչ մեկին չէր նեղացնի, շատ հանգիստ բնավորություն ուներ».- ասում է Արսենի ընկերը` Մերուժը։
Արսեն Խեչոյանը շատ օրինակելի և սիրված զինվոր էր։ Վեց ամիս ծառայելով Հոկտեմբերյանի զորամասում տեղափոխվել է Արցախի Մատաղիսի զորամաս, որպես ջոկի հրամանատար դիրքի ավագ, կրտսեր սերժանտ։
Սակայն չարաբաստիկ պատերազմն Արսենի կողքով էլ աննկատ չանցավ...
2020թ հոկտեմբերի 7-ին Արսեն Խեչոյանի կյանքի ուղին փոխվեց, բռնելով հավերժի ճամփան...
Սպորտը նրա համար կյանք էր... բայց առավել Հայրենիքը սիրեց... կյանքից առավել...
Հանգչիր խաղաղությամբ մեր Հերոս։
