Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսնու՝ ՔՊ-ական Արամայիս Միրզոյանի շուրջ օղակը սեղմվում է։ Չի բացառվում, որ կնոջ պաշտոնանկությունից հետո բանը հասնի նույնիսկ կալանավորման, եւ Միրզոյանին մեղադրանք առաջադրեն իր գազալցակայանում կատարված սպանության վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում։ Շուրջ 2 ամիս է անցել, սակայն իրավապահները չեն կարողանում հայտնաբերել սպանության միակ կասկածյալին՝ Միրզոյանի ընկերոջը՝ Կարեն Բադամյանին («Ճապ» մականունով)։ Կասկածներ կան, որ սպանությունից հետո հենց Միրզոյանն է ընկերոջը «փախցրել» երկրից։ Թերեւս պատահական չէ, որ քննիչի սենյակում կոտրել էր հեռախոսը, որպեսզի չառգրավեն։ Սակայն կոտրված վիճակում քննիչը հեռախոսն առգրավել է, վերականգնել սպանության հետ առնչվող նյութերը։
Հիշեցնենք․ մարտի 21-ի գիշերը Արտիմետ խճուղի 1 հասցեում գտնվող բենզալցակայանում սպանվեց 36-ամյա Արթուր Պարոնյանը։ Մեզ պատմեցին, որ Ճապը շատ մտերիմ է ավագանու ՔՊ-ական անդամ Արամայիս Միրզոյանի հետ, եւ չբացառեցին, որ վեճի եւ սպանության հիմքում էլ նախկին քաղաքապետի ամուսնու հետ կապված «թեմա» կա։ «Ճապն ու Արամիկն իրար հալալ են պրիզնատ գալիս, ու էս թեման շատ շուտվա բազառ ա։ Ճապը գողական ա գնում, բայց զակոննի գող չի, նախկինում էլ ա աչքի ընկել նմանատիպ պատմություններով»,- մեզ ասել էր Վաղարշապատի բնակիչներից մեկը։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ, նախնական տվյալներով, մարտի 22-ին, ժամը 01։30-ի սահմաններում Արմավիրի մարզի Արտիմետ բնակավայրի սկզբնամասում գտնվող գազալցակայանի տարածքում մի խումբ անձանց միջեւ վիճաբանություն է եղել, արդյունքում տղամարդը կրակոց է արձակել 36-ամյա Արթուր Պարոնյանի ուղղությամբ: Բժշկական կենտրոնում գիտակցության չգալով՝ Պարոնյանը մահացել է։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը «Հրապարակ»-ին հայտնել էր, որ գազալցակայանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ 155-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնել էին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Կարեն Բադամյանի նկատմամբ, եւ մինչ օրս նրան հայտնաբերել չի հաջողվել։