Հասարակություն

Ոչ տոնական

Ոչ տոնական

Աշխատանքի և աշխատողների համերաշխության օրվա առիթով վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ուղերձի մի հատվածի հետ համաձայն եմ: Ահա այն. «Եվ թերևս մենք պետք է ուժ ունենանք խոստովանելու, որ մենք վատ ենք ապրում մեր չիմացածի չափով և լավ ապրում ենք մեր իմացածի չափով, և մեր բարեկեցությունն ընդլայնելու համար մեզ պետք է փոքրացնել մեր չիմացածի ծավալը և ընդլայնել մեր իմացածի ծավալը, իսկ սա հնարավոր է աշխատանքի և կրթության, կրթության և աշխատանքի ամենասերտ փոխկապակցման միջոցով»։

Խորհրդային անցյալում պաշտոնի ու փողի հետ մեկտեղ, որքան էլ զարմանալի թվա առաջին հայացքից, արժևորված էր նաև կրթվածությունը: Անկախության տարիների ընթացքում հասարակության մեջ կրթության ցածր հեղինակությունը վկայեց, որ դրա արժևորումը ոչ թե ազգային հատկանիշ էր, այլ փոխառնված էր խորհրդային իրականությունից՝ որքան էլ դա դուր չգա հայաստանյան  արևմտամետներին: Ինչը ևս զարմանալի էր՝ հաշվի առնելով գրի ու դպրության նկատմամբ մեր ժողովրդի հարգալից վերաբերմունքը: 

Այդ հանգամանքը կարելի է բացատրել նրանով, որ բազմաթիվ երևույթներ, որոնք մեզ թվում էին մեր մտածողության անբաժանելի բաղադրիչներ, իրականում այդպիսին չէին: Այլապես դրանք կապիտալի կուտակման պայմաններում ևս կպահպանվեին ճիշտ այնպես, ինչպես մեր լեզուն՝ հայերենը: Իսկ երբ սկսվում է կապիտալի կուտակման ժամանակաշրջանը՝ մնացած համարյա ամեն ինչ արժեզրկվում է: Բայց հենց այդ հանգամանքը վկայում է, որ այդ ամեն ինչի շարքում է գտնվել նաև կրթությունը: Եվ ոչ պակաս զարմանալի է, որ մի քանի տասնամյա անկախության ժամանակահատվածում չգտնվեց պետության ղեկավար, ով իրապես կգնահատեր կրթության դերը: Ու պետք է հայտնվեր «ազգակործան պատուհասը», ինչպես նրան բնորոշել էր իր երբեմնի հոգևոր հայրը, որպեսզի խոսքի մակարդակում կատարվեր նման արժևորում: Բայց հենց խոսքի մակարդակում, քանի որ ինչպես բազմաթիվ այլ հարցերում ևս, նրա խոսքն ու գործը՝ էլ չասած նախկին ու ներկա խոսքը, շատ հազվադեպ են համապատասխանել միմյանց:

Ինչևէ, եթե իր զբաղեցրած պաշտոնից կառչած անձն իր մեջ ուժ է գտնում խոստովանելու վերը նշվածը, ապա պետք է հավելյալ ուժ գտնի, որպեսզի խոստովանի, որ վերջին յոթ տարում նրա չարածն ավելի մեծ վնաս է պատճառել, քան իր նախորդներինը երկու-երեք տասնամյակում: Որովհետև նախորդների ժամանակ եղած թերությունները նպաստեցին, որպեսզի ինքը բազմի վարչապետի աթոռին: Ու հենց այդ քայլով պարտավորություն ստանձնի վերացնել բոլոր այն թերությունները, որ մի ժամանակ մեծ ոգևորությամբ մերժում էր ինքը: Բայց քանի որ արդեն անցել է յոթ տարի, ինչ ինքը վարչապետ է, ու ինքն ընդունում է այդ երևույթի գոյությունը, դա նշանակում է, որ չի արվել ոչինչ: Եվ մի կարևոր հանգամանք ևս. «մենք» ասելով վերջինս հաստատ նկատի ունի բոլորին՝ բացի իրենից. դա կյանքն է վկայում: Բայց դրանում, ինչպես պատերազմի դեպքում էր, ամենամեծ պատասխանատվությունը կրում է հենց ինքը՝ որպես պետության ղեկավար: Ու հենց ինքն էլ մեղավոր է բոլոր արվածների (բազմահազար զոհեր, Արցախի կորուստ, անվտանգության սպառնալիքներ) ու բոլոր չարվածների համար: Այն չարվածների, որ պետք է արվեին իր կողմից, քանի որ իր առաջնորդությամբ մերժվեց Սերժն ու նրա «գահը» բաժին հասավ իրեն:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image