Մի օգտատեր գրել էր, թե խանութներում շաքար չկա։ Տնային տնտեսուհիներից մեկն էլ ոչ ցանցային սուպերմարկետում, այլ սովորական խանութում բողոքում էր, թե 1 կիլոգրամի համար 420 դրամանոց շաքարի այլընտրանքը «Մառանիկի» 1000 (1 կգ) դրամանոց շաքարավազն է։
«Հրապարակը» ուսումնասիրեց մայրաքաղաքի ամենաոպուլյար ցանցային սուպերմարկետների՝ «Երևանի սիթիի» ու «ՍԱՍ»-ի շաքարավազի առկայությունն ու գնային առաջարկները։
«Երևան սիթիում» շաքարավազի 5 կիլոգրամանոց պարկը վաճառվում է 2225 դրամով. Այսինքն՝ 1 կգ-ն՝ 445 դրամով։ Հենց մեկ կիլոգրամանոց փաթեթն էլ վաճառվում է 445 դրամով։
Սրանք ամենաէժան գներն են, իսկ արտասահմանյան «Միստրալ», մրգային կամ սև եղեգնի շաքարավազները, բնականաբար, շատ ավելի թանկ են՝ 1410 դրամ՝ 500 գրամի համար, 2290 դրամ 900 գրամանոց «Միստրալի» համար։ Կամ մրգային շաքարավազ «Ռասպակ»՝ 810 դրամ՝ 250 գրամի դիմաց։

«Սաս»-ում․ սովորական շաքարավազ՝ 450 դրամ ,իսկ VIP տեսակները՝ եղեգնաշաքար «Blonvilliers» 500գ- 2990 դրամ, շաքարավազ «Մառանիկ»՝ 1100 դրամ, շաքարավազ՝ 450 դրամ։
Այսինքն՝ շաքարավազ կա, այլ բան է գինը, որը, համաձայն ՏՄՊՊՀ-ի հուլիսի 1-ի հաղորդագրության՝ վերջին շաբաթներին որոշակիորեն նվազել արձանագրել՝ կարագի, ձեթի, ալյուրի գների հետ միասին։
Այսպես 29․06․2021 թ․, այսինքն՝ մեկ շաբաթ առաջ շաքարավազն արժեցել է (պարկով ) 370 դրամ, դրանից 2 շաբաթ՝ առաջ՝ 02․06․2021 թ՝ 385 դրամ, (ՏՄՊՊՀ-ն «որոշակի նվազում» այդ 15 դրամն էր նկատի ունեցել), իսկ ընդամենը մեկ շաբաթ անց այն արժե 445 դրամ։ Այսինքն՝ թանկացել է 75 դրամով։15 դրամի էժանացումը նշել են, 75 դրամի թանկացումը՝ ոչ։
Իսկ հիմա մի քիչ ավելի գլոբալ․ դրա համար առաջարկում եմ մի քիչ՝ 3 տարի հետ գնալ ու հիշել։ Ինչպես հիշում ենք՝ 2018 թվականի հուլիսից շաքարավազն ու բանանը համարվում են հեղափոխության պրոդուկտներ․ 2018-ի հուլիսին կառավարությունը հանդիսավոր հայտարարեց, որ շաքարավազի գինը տարեսկզբից նվազել է 26 տոկոսով․ ոլորտում ստեղծված մրցակցության շնորհիվ նվազել են շաքարավազի գները։
«Ներկա դրությամբ շաքարավազի մեկ կիլոգրամն արժե 285 դրամ (0.59 դոլար)՝ տարեսկզբի 390 դրամի (0.81 դոլար) համեմատ, այսինքն՝ գինը նվազել է 26 տոկոսով», – մեկնաբանել էր ՏՄՊՊՀ այն ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանը։ Հիմա այն 285 -ից դարձել է 445-450 դրամ։
Այսինքն՝ 3 տարի անց հեղափոխության այդ քաղցր պրոդուկտը թանկացել է գրեթե 100 տոկոսով։
Հ․Գ․ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Հրապարակին» հայտնեց, որ իրենք ևս նկատել են շուկայում շաքարավազի գների էական աճ, ինչի կապակցությամբ սկսել են մոնիթորինգ, որի արդյունքները կհայտնեն վաղը՝ հայաստանյան շուկայի գները համեմատելով միջազգային գների դինամիկայի հետ։