Բրիտանական թանգարանում պահվող՝ Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված նմուշները՝ գլուխը եւ ձախ ձեռքը, արդեն Հայաստանում են։ Դրանք սեպտեմբերի 21-ից կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր աստվածություն. Անահիտից մինչեւ Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Ք․ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։ «Մայր աստվածություն․ Անահիտից մինչեւ Մարիամ» խորագրով ցուցահանդեսում Բրիտանական թանգարանից բերված մասունքները համադրվելու են Պատմության թանգարանի շատ արժեքավոր հավաքածուի հետ՝ սկսած նեոլիթյան ժամանակներից մինչեւ քրիստոնեություն, մեր օրերը։ Բոլորը Մարիամ Աստվածածնին նվիրված ցուցանմուշներ են։ «Նպատակն է՝ այս նմուշների միջոցով պատմել ամենակարեւոր երեւույթներից մեկի՝ մայր աստվածության եւ, ընդհանրապես, հավերժ թեմայի՝ մոր գաղափարի մասին։ Այս առումով Պատմության թանգարանն ունի արժեքավոր, համաշխարհային նշանակության հավաքածու, որը, հանդիպելով Բրիտանական թանգարանում պահված մասունքներին, մեր այցելուների համար նորովի կմեկնաբանի այն բովանդակությունը, մեսիջները, որոնք մենք փորձում ենք փոխանցել մեր այցելուներին»։ Սա ընդունված բացատրությունն է։ Սակայն։
Պոլիթեիստական մայր աստվածության գաղափարը չի կարող որեւէ կապ ունենալ մոնոթեիստական քրիստոնեական հավատքի սկզբունքների, առավել եւս՝ Սբ Աստվածածնի հետ։ Այստեղ կա շատ լուրջ մասնագիտական սխալ, որը հասկանալի չէ, թե ինչ նպատակով է թույլ տրվել։ Պոլիթեիզմի կամ բազմաստվածության մեջ կարող է լինել ցանկացած երեւույթի աստվածություն։ Հայկական պոլիթեիզմը կամ հին հայկական հեթանոսական դիցարանը, որի մաս է կազմել Անահիտ դիցուհին, բացառություն չէ։ Քրիստոնեության մեջ, որը մոնոթեիստական կամ միաստված կրոն է, կա միայն մեկ եռանձնյա Աստվածություն։ Սբ Մարիամ Աստվածածինը երբեք չի կարող դրվել նույն հարթության մեջ, ինչ Անահիտ դիցուհին, որպես աստվածություն։ Քրիստոնեական ընկալումով՝ Սբ Մարիամ Աստվածածինը կամ Աստվածամայրը, կամ Սբ Կույսը մեծագույն սրբուհին է, ով ընտրվել է Աստծո կողմից՝ մարդկության փրկության ծրագրի իրականացման մեջ ունենալու իր դերակատարումը՝ ինն ամիս իր կրծքի տակ կրելով Աստվածորդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ մարմնացյալ Լոգոսին կամ Աստվածային Խոսքին՝ եռանձնյա Աստվածության՝ Սբ Երրորդության երկրորդ Անձին։ Սակայն, այս ամենով հանդերձ, Սբ Աստվածածինը եղել է, մնում է ու կմնա որպես մարդ եւ ոչ երբեք աստվածություն։
Սբ Աստվածածնին քրիստոնեական ընկալումով հեթանոսական մայր աստվածության խորհրդանիշ Անահիտ դիցուհու հետ նույնացնելն այլ բան չէ, քան աստվածանարգություն կամ աստվածահայհոյություն։ Սա պարզ է, ինչպես այն, որ 1+1=2։ Հայկական նախաքրիստոնեական կամ հեթանոսական դիցարանի մասնագետներն իրենք էլ կարող են փաստել, թե որքանով են հեռու, թեկուզ մայրության գաղափարի համատեքստում, Անահիտ դիցուհին եւ Սբ Մարիամ Աստվածածինը։ Հետեւաբար, Հայաստան բերված Անահիտ դիցուհու բրոնզաձույլ արձանի դիմաքանդակն ու ձախ ձեռքն այլ բան, քան զուտ պատմական-մշակութային արժեք, չեն կարող ներկայացնել։