Իշխանությունները հնարավոր է Գյումրիում խաղարկեն «Երեւան 2» կամ «Ալավերդի 2» սցենարը: Երեւանում, հիշեցնենք, 2021-ին պաշտոնանկ արեցին Հայկ Մարությանին, Ալավերդիում 2023-ին` Արկադի Թամազյանին: Նախօրեին գրել էինք, որ «Բալասանյան դաշինքը» դադարեցնում է կոալիցիոն համագործակցությունը ՔՊ-ի հետ: Մեր հրապարակումից րոպեներ անց ՔՊ-ն որոշեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել` հայտարարեց, որ խզում է «Բալասանյան դաշինքի» հետ համագործակցությունը, որովհետեւ «Գյումրին չի կառավարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ իրականացվում է ստվերային կառավարում»: Խոսքն այն մասին է, որ դաշինքը կառավարում են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու որդին` Միսակը: 2021-ի ընտրություններում այս դաշինքն էր հաղթել, բայց այն ժամանակ Բալասանյանը գործարքի գնաց` գրեթե ամբողջությամբ զիջելով իշխանությունը եւ պահպանելով միայն քաղաքապետի պաշտոնը, որն իր դրածոն զբաղեցրեց: Դրա դիմաց էլ որդին` Միսակ Բալասանյանը, վերջերս նշանակվեց Իրաքում դեսպան:
Իրականում, Գյումրու մեր աղբյուրներն ասում են, որ ինչքան էլ Բալասանյաններն էին կառավարում իրենց առաջադրած քաղաքապետին, սակայն վերջինս անգլիական թագուհու կարգավիճակում էր, Գյումրու իրական կառավարիչները ՔՊ-ական փոխքաղաքապետերն էին, հատկապես՝ Արթուր Պապիկյանը` Պնախարար Սուրեն Պապիկյանի հորեղբորորդին, մյուս փոխքաղաքապետն Աննա Հակոբյանի ազգականն է: Ուստի համոզիչ չէ, թե կոալիցիան դադարեցնելու պատճառն իրական իշխանություն չունենալն է: Ասում են` ՔՊ տեղական գործիչները Նիկոլ Փաշինյանին համոզել են, թե ձեր կառավարությունը Գյումրիին փող է տալիս, իսկ արված աշխատանքը վերագրվում է Բալասանյաններին: Մեկ այլ թեմա էլ կա` իբրեւ թե Բալասանյանները կամ նրանց պաշտոնյաներն ինչ-որ տեղ հայհոյել են Փաշինյանին, ձայնագրությունը դրել են վարչապետի սեղանին, եւ ամեն ինչ դրանից է սկսվել: Իրականում` պատճառը կամ առիթը կարեւոր էլ չէ, կարեւորը շարունակությունն է։
Երեկվանից տարբեր սցենարներ են քննարկվում: Առաջինն Ալավերդու տարբերակն է` մարդագողությամբ եւ ոստիկանությամբ նոր քաղաքապետ նշանակելն ու իշխանությունը զավթելը: Իսկ մինչ այդ կփորձեն գործող համայնքապետի ինքնակամ հրաժարականը ստանալ: Եթե չստացվի` անվստահություն կհայտնեն։ Պլան Բ-ով էլ արտահերթ ընտրությունների սցենարն է` ավագանին լուծարելով։
Սակայն, մեր աղբյուրի կարծիքով, եթե Բալասանյանի եւ ՔՊ-ի ճանապարհներն իսկապես բաժանվում են, ապա տրամաբանությունը հուշում է, որ մոտ ապագայում Միսակ Բալասանյանին պետք է հետ կանչեն դեսպանի պաշտոնից: Հնարավո՞ր է նման բան՝ հարցրինք գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանին։ «Ձեր բոլոր հարցերին կարող եմ պատասխանել միայն դեկտեմբերի 11-ից հետո»: Պարզվեց` այդ օրը Գյումրու ՔՊ-ական ավագանին ասուլիս է տալու։ Եթե Բալասանյանի որդին շարունակի դիվանագիտական աշխատանքը, կնշանակի, որ Փաշինյանը հայրաքաղաքում փորձելու է կրկնել մայրաքաղաքի սցենարը։ Բանն այն է, որ 2021-ին գյումրեցիները «Բալասանյան դաշինքին» ձայն են տվել մի պատճառով, որ եղել է ՔՊ-ին ընդդիմադիր, իսկ նախկին քաղաքապետ Բալասանյանը բավականին ազդեցություն ուներ Գյումրիում: Գյումրու ընդդիմադիրներն էլ չմասնակցեցին ընտրություններին եւ իրենց էլեկտորատն ուղղորդեցին Բալասանյանի կողմը։ Սակայն ընտրություններից հետո պարզվեց, որ Բալասանյանը ջնջել է ճակատի հերթական գիրը եւ հարել ՔՊ-ին։ Հիմա փորձում են տարանջատվել, եւ առաջիկայում հնարավոր է ընդդիմադիր ներկայացումներ բեմադրվեն, որպեսզի առաջիկա ընտրություններին չկորցնեն Գյումրին։ Գյումրու ավագանու մյուս ուժերը` ՀՀԿ-ն, ԱԵ-ն, ավելի շատ կոալիցիա կկազմեն Բալասանյանի, քան ՔՊ-ի հետ, ուստի քվորումի խնդիր ավագանին չի ունենա, իսկ միայն «Զարթոնքի» հետ համագործակցությամբ, ՔՊ-ն չի ունենա բավարար մանդատներ` քաղաքապետին անվստահություն հայտնելու համար, մնում է նրան քրեական գործով ծնկի բերելը, ինչը մեր աղբյուրները քիչ հավանական են համարում։
Մի բան փաստ է, որ չնայած Հայաստանին սպառնացող անվտանգային խնդիրներին, Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ մտահոգությունը սեփական աթոռը պահպանելն է, ուստի վարչական ողջ ռեսուրսն ուղղվում է հենց այս նպատակին։ Ընդ որում` օրենքի եւ ընտրողի կամքի խախտմամբ: Կա նաեւ տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ԱԺ արտահերթ ընտրությունների, եւ դրանով է պայմանավորված ՏԻՄ-երը զավթելու այս մարմաջը։ Մենք, ի դեպ, շաբաթներ առաջ էինք գրել, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ հավաքին ասել է, թե պետք է լրջորեն զբաղվել բոլոր այն համայնքներով, որտեղ իրենք ընդդիմություն են: Սակայն կոնկրետացրել է միայն Ալավերդու եւ Տաթեւի հարցը, թե իշխանությունը պետք է վերցնել։
Հիշեցնենք, որ 2021-ի ընտրություններից հետո Տաթեւում ՔՊ-ն ընդդիմություն է, իսկ կոալիցիոն իշխանությունը կազմված է «Ապրելու երկիր» եւ «Շանթ» դաշինքներից, ՔՊ-ն մի քանի անգամ վերահաշվարկ պահանջեց, որ 1 մանդատի առավելություն ունենա, ապա դիմեց դատարան, սակայն մինչ օրս վճիռ չի կայացվել: Իսկ հիմա, երբ առջեւում համապետական ընտրություններն են, բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում են՝ համայնքներում իշխանություն ունենալու համար։ Այնպես որ, մեծ հավանականությամբ՝ շուտով Տաթեւում էլ ականատես կլինենք իշխանազավթման օպերացիայի։