Հայաստանում վրացական համարանիշներով մեքենա վարողներն անհասկանալի իրավիճակի առջև են կանգնել։ Բանն այն է, որ հունվարի 1-ից արդեն չեն կարողանալու վրացական համարներով մեքենաներ վարել Հայաստանում՝ պետք է մաքսազերծեն այդ ավտոմեքենաները։ Վրացական համարանիշներով մեքենաների վարորդները կիրակի օրը հավաք են անցկացրել, նրանք պահանջում են մինչև հունվարի 1-ը մաքսազերծելու համար սահմանված մաքսային արժեքի 30 տոկոսի փոխարեն 10 տոկոս սահմանել մաքսազերծման գինը, իսկ ժամկետը՝ երկարաձգել․
«Օրինակ՝ իմ մեքենան Վրաստանում արժե 4 հազար դոլար, Հայաստանում նմանատիպ մեքենան արժե 7 հազար դոլար, մաքսային հաշվիչով երբ հաշվել են, իմ մեքենան գնահատել են 6 մլն 700 հազար դրամ, ես վճարելու եմ 6 մլն 700 հազար դրամի 30 տոկոսը։ Բոլորս էլ ուզում ենք լինել ՀՀ հարկատու, ես անձամբ շատ կուզեմ, որ ես հայկական համարանիշներ ունենամ, մյուս տարի գնամ՝ Հայաստանում գույքահարկ վճարեմ, որ այդ գույքահարկից թոշակառուին թոշակ գնա, ուսուցչին՝ աշխատավարձ, ինձ համար էլ լավ կլինի, որ ճանապարհները սարքին լինեն, իմ մեքենան էլ տեխնիկական խնդիրներ չունենա։ Հիմա մեր առջև ծառացած է այն հարցը, որ գումարի չափերը շատ մեծ են, տրված է 25 օրյա ժամկետ, այսինքն՝ հունվարի 1-ից հետո այլևս չենք կարողանալու 30 տոկոսով մաքսազերծել ու պիտի տանք մաքսային արժեքի 100 տոկոսը»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը՝ Կարեն Գրիգորյանը։
«Մարդկանց մոտ կա թյուր կարծիք, որ մենք Վրաստանում ենք գույքահարկ վճարում, Վրաստանում ենք հարկեր վճարում․ մենք Վրաստանում ոչ մի հարկ չենք վճարում։ Մենք գալիս ենք Հայաստան, սահմանին երաշխիքային գրավ ենք վճարում, որը իմ պարագայում կազմել է տարեկան 260 հազար դրամ, դրան գումարած սովորական ԱՊՊԱ վճարը»,- հավելեց Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով՝ Վրաստանում էլ արդեն հասկացել են, թե հայ վարորդներին ինչ է սպասվում, և մեքենաների գները իջեցրել են, որպեսզի հայերից մեքենաները էժանով գնեն․ «Մենք պահանջում ենք, որ եթե մաքսային հաշվիչով եք հաշվում, լավ եք անում, բայց եկեք մի քիչ այդ տոկոսադրույքը իջեցրեք, սարքեք 10 տոկոս, սահմանեք վեցամսյա ժամկետ, և աջ ղեկով մեքենաների համար ժամկետ սահմանեք, որ մինչև այսինչ ժամկետը ներկրված մեքենաները կարողանան մաքսազերծել՝ պայմանով, որ ղեկը պիտի փոխեն։ Այսօր մենք տեսնում ենք, որ հայկական համարներով շատ մեքենաներ կան աջ ղեկով, որոնք ազատ քշում են, տարին մեկ անգամ տեխզննում են անցնում, բա եթե չի կարելի, տեխզննում ինչի՞ համար եք անում։ Այսինքն՝ ստացվում է, որ մարդը բերել է մի հատ մեքենա, դա վարում է որպես տաքսի, իր վրա դրված է 3 մլն մաքսազերծման վճար, որ մինչև տարվա վերջ տանի մաքսազերծի, եթե չէ, ուրեմն թող տանի, Վրաստանում վաճառի։ Եթե ես իմ մեքենան գնել եմ 4 հազար դոլարով, ես կապվեցի շուկայի դիլլերների հետ, որպեսզի արագ վաճառեմ, որովհետև ես այդքան ռեսուրս չունեմ, որ գնամ ամիսներով մնամ Վրաստանի ավտոշուկաներում, որպեսզի կարողանամ վաճառել, իմ մեքենայի համար առաջարկեցին 1500 դոլար, քանի որ իրենք գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, իրենք էլ մյուս կողմից են սեղմում»,- ասաց քաղաքացին։
«Ես 2022 թվականի սեպտեմբերին եմ իմ մեքենան ներկրել Հայաստան, 2023 թվականի սեպտեմբերին ևս մեկ անգամ անցել եմ սահմանը, այդ 250 հազարը ևս մեկ անգամ վճարել եմ, որպեսզի ևս 1 տարի կարողանամ վարել այստեղ, բայց հիմա ես խնդրի առաջ եմ կանգնած, որ եթե մինչև հունվարի 1-ը չանեմ մաքսազերծումը, ապա մինչև մյուս տարվա սեպտեմբեր կարող եմ մեքենան վարել, բայց դրանից հետո այլևս չեմ կարողանալու վարել։ Այսինքն՝ պիտի տանեմ, գույքս այնտեղ շպրտեմ, Վրաստանում էլ մեքենաների առքուվաճառքով հիմնականում ադրբեջանցիներն են զբաղվում, պիտի տանեմ՝ մեքենաս նվեր տամ իրե՞նց։ Մեր ասածը դա է, որ տվեք 6 ամիս ժամկետ, ունե՞նք 3 հազար մեքենա, որը, իմ հաշվարկներով ավելի շատ է՝ 9-10 հազար, ապա տվեք ժամանակ, որ մեր պետությունը մյուս տարի ունենա այդ 10 հազար մեքենաների գույքահարկը, բայց եթե ժամանակ չեղավ․․․»։
Գրիգորյանը նշեց նաև, որ փաստորեն այն գումարով, որն իրենից պահանջվում է մաքսազերծման համար, կարող էր Հայաստանում ավելի լավ մեքենա գնել, եթե իմանար, որ այսպիսի օրենք է ընդունվելու․ «Կոնկրետ իմ մեքենան, եթե ես այստեղ մաքսազերծեմ, գումարը կազմելու է մոտ 3 մլն դրամ, որը 7 հազար դոլարից ավելի է, ես մեքենային տվել եմ 4 հազար դոլար, 2 անգամ 250 հազար դրամ եմ վճարել, հազար դոլար էլ դա եմ հաշվում, ընդհանուր ստացվում է 12 հազար դոլար։ Այդ գումարով ես Հայաստանում կգնեի նույն մեքենայի 5 տարով ավելի նոր, տեխնիկապես շատ ավելի հագեցված մեքենա և անհոգ կվարեի։ Եթե ես իմանայի, որ այսպիսի բանի առաջ ենք կանգնելու, ես այդ մեքենան չէի բերի, այլ վարկ կվերցնեի, շատ ավելի լավ մեքենա կգնեի, ոչ էլ գլխացավի մեջ կընկնեի։ Ես նաև ուզում եմ ասել, որ մեր պայքարը քաղաքական բնույթ չունի, մենք կոնկրետ սոցիալական պահանջ ունենք»։