Հասարակություն

Եկեղեցական մի պառակտման մասին․ դասեր հայերի համար

Եկեղեցական մի պառակտման մասին․ դասեր հայերի համար

Ուկրաինայում երբ եկեղեցական պառակտումը սկսվեց, ու հատկապես ծավալվեցին ներկայիս հալածանքները կանոնական Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ, որը «ի հոգեորս» ենթակա է Ռուս ուղղափառ եկեղեցուն՝ ի դեմս Մոսկվայի պատրիարքության, շատերը սկսեցին մեղավորներ փնտրել ստեղծված վիճակի համար ու հայտարարեցին, թե մեղավորը իքսն է, իգրեկն է՝ ուկրաինական քաղաքական ղեկավարությունից մինչեւ աշխարհաքաղաքական գործոն եւ այլն։

Իրականում, սակայն, քչերը փորձեցին խորանալ ուկրաինական եկեղեցական պառակտման պատմության մեջ ու հասնել մինչեւ արմատներ՝ պարզելու ու հասկանալու, որ, օրինակ, ինքնահռչակ պատրիարք Ֆիլարետ Դենիսենկոն Ռուս ուղղափառ եկեղեցու ամենից հայտնի ու ազդեցիկ գործիչներից է եղել, որին գրեթե երաշխավորել է ժամանակի խորհրդային իշխանությունը, որ Ռուս ուղղափառ եկեղեցու այն ժամանակվա պատրիարք Պիմենի մահվանից հետո ինքն է դառնալու պատրիարք։ Սակայն Պիմենը մեռավ 1990 թվականին՝ ԽՍՀՄ վերջալույսին, եւ Ռուս ուղղափառ եկեղեցու ժողովը պատրիարք ընտրեց ոչ թե իշխանությունների համար ընդունելի Ֆիլարետին, այլ՝ միտրոպոլիտ Ալեքսի Ռիդիգերին, որը դարձավ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Ալեքսի 2-րդ պատրիարք։ Ֆիլարետը մնաց ձեռնունայն ու, լինելով գոռոզ մարդ, սկսեց սառեցնել իր ղեկավարած եկեղեցական կառույցի ու Մոսկվայի պատրիարքության միջեւ հարաբերությունները։ Մինչեւ 2008-ը՝ Ալեքսի 2-րդի մահը, նա չի համարձակվել կտրուկ քայլերի գնալ։ Հայտնի է, որ Ալեքսի 2-րդը նույնիսկ այցեր է կատարել Ուկրաինա՝ Կիեւ, եւ նրան ընդունել են որպես եկեղեցական գերագահ նվիրապետի։ Սակայն Ալեքսի 2-րդի մահվանից ու գործող պատրիարք Կիրիլ 1-ինի ընտրությունից հետո հարաբերություններն ավելի սրվեցին։ Հատկապես, որ Ուկրաինայի իշխանությունն էլ դա քաջալերում էր՝ սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու եւ ուկրաինական պետության աշխարհաքաղաքական ընտրությունը փոխելու համար։

Ռուսաստանում էլ քաղաքական լանդշաֆտը սկսեց փոխվել, ու ներկայիս ընդգծված անտիարեւմտյան քաղաքականության արմատները պետք է այն ժամանակներում փնտրել, երբ Պուտինն աստիճանաբար սկսեց հատ-հատ լուծել «տարերային 90-ականների» հիմնական գործող «ֆիգուրների» հարցերը եւ գերկենտրոնացնել իշխանությունն ու ռեսուրսներն իր ձեռքում։ Ու քաղաքական լանդշաֆտի փոփոխությանը զուգահեռ, փոխվեց նաեւ Մոսկվայի պատրիարքության մոտեցումը՝ դառնալով ավելի կտրուկ, ի տարբերություն Ալեքսի 2-րդի որդեգրած լայնախոհության։ Արդյունքում՝արդեն այսօր Ուկրաինայում կա մի քանի ուղղափառ ավանդույթի եկեղեցի, որը նշանակում է եկեղեցու պառակտում, մի բան, որը շատ լուրջ վերք է որեւէ էթնիկ խմբի կամ հասարակության համար եւ ապաքինվում է շատ երկար ժամանակում, եթե, իհարկե, ապաքինվում էլ է։

Պարզ է մի բան՝ եկեղեցական վերնախավում սովորաբար լինում են ճամբարներ, երբ բարձրաստիճան եկեղեցականները միավորվում են ինչ-ինչ շահերից ելնելով։ Հաճախ այդ ճամբարների միջեւ լինում են հակասություններ։ Դրանք սովորաբար չեն երեւում այնքան ժամանակ, քանի դեռ նպաստավոր պայմանները չեն խթանել, որ դառնան ավելի բացահայտ։ Խթանել կարող են տարբեր հանգամանքներ՝ իշխանություն-եկեղեցու ղեկավարություն հարաբերություններում խնդիրների ի հայտ գալը, միջպետական հարաբերություններում ծագող խնդիրները, երկրի ներսում գործող իշխանությունների՝ քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգերը, որոնք կարող են չընդունվել երկրում դոմինանտ դեր ունեցող կրոնական համայնքի ղեկավարության կողմից կամ արժանանալ քննադատության եւ այլն։ Արդյունքում, եղած խուլ հակադրությունները եկեղեցական էլիտաների ներսում աստիճանաբար սկսում են ավելի դուրս գալ մակերես ու դառնալ ակնհայտ՝ վերածվելով բացահայտ առճակատման։

Հայաստանում էլ շատ առումներով իրավիճակը նույնն է։ Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն իրականացնում են հայկական պետականության վերաֆորմատավորում կամ, ինչպես իրենք են ասում, չորրորդ հանրապետություն են ստեղծում։ Դա այլ համակարգ է լինելու՝ աշխարհաքաղաքական ընտրությունից մինչեւ միջպետական հարաբերություններ ու ներքին կյանքի կառավարում, ներքաղաքական համակարգի կառուցակարգեր։ Ու այս իրավիճակում, Հայաստանի իշխանությունները, որոնք նաեւ տիրապետում են կոմպրոմատային ինֆորմացիայի բոլոր քիչ թե շատ ազդեցիկ անհատի կամ կառույցի նկատմամբ, դա սկսում են օգտագործել իրենց օգտին։ Մյուս կողմից, Հայաստանի ներկայիս իշխանությունները շատ լավ գիտեն նաեւ, որ առաքելական եկեղեցին բացառություն չէ՝ նրա վերնախավում էլ կան, այսպես ասած, ճամբարներ, որոնց մեջ հակադրություն կա ու խուլ պայքար։ Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Գարեգին 2-րդը միացավ Փաշինյանի հրաժարականը պահանջող կառույցներին, ներեկեղեցական խմբավորումների առճակատումն ավելի բացահայտ ձեւ ստացավ։ Դա, իհարկե, գիտեր նաեւ Հայաստանի գործող իշխանությունը ու ճիշտ պահն օգտագործելով՝ կարողացավ ճգնաժամ առաջացնել եկեղեցու ներսում՝ ընդհուպ մինչեւ եկեղեցու գործող ղեկավարի հրաժարականի պահանջի ձեւակերպում։

Ցանկացած երկրի իշխանություն ունի իր առաջնահերթությունները եւ շարժվում է դրանց հանգույն, անկախ նրանից, թե ով ինչ վերաբերմունք ունի այդ առաջնահերթությունների հանդեպ, Հայաստանի իշխանությունները բացառություն չեն։ Նրանցից պահանջել ազնվություն, պետական շահն իրենց անձնականից վեր դասել՝ անիմաստ է։ Հետեւաբար ունենք այն, ինչ ունենք՝ եկեղեցական ոլորտում։ Արդյո՞ք այս ճգնաժամը կխորանա այնքան, որ հասնենք Ուկրաինային եւ ունենանք մի քանի առաքելական եկեղեցի, դժվար է ասել։ Տա Աստված, որ ճիշտ ժամանակին բոլոր ներգրավված կողմերը կարողանան կանգ առնել։ Հատկապես, որ մենք ուկրաինացի ժողովրդի նման մի քանի տասնյակ միլիոն չենք, ու մեզ համար եկեղեցական հողի վրա պառակտումը չափազանց մեծ ճոխություն է ու շատ վտանգավոր պրոցես՝ «հոգեվարքի մահվան քրտինքին» նմանվող։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image