Մայիսի 15-ին Երեւանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին դատապարտեց 8 տարվա ազատազրկման, դատախազությունը, հիշեցնենք, 15 տարի ազատազրկման միջնորդություն էր ներկայացրել։ Մեզ հետ զրույցում Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւն ասաց, որ դա ակնհայտ քաղաքական որոշում է, որն իրենք բողոքարկելու են։ «Իհարկե, բողոքարկելու ենք, ինչի՞ մասին է խոսքը։ Ըստ Մնացական Մարտիրոսյանի՝ եթե դատախազությունը միջնորդում է 15 տարվա ազատազրկում, ինքը բավարարում է 8 տարի ազատազրկումը, դա արդարադատություն է: Չարաչար այդ երկու սուբյեկտն էլ սխալվում են։ Վահագն Վերմիշյանի դատական գործն ունենալու է բացառապես մի ելք, եւ դա արդարացումն է։ Եթե Վերաքննիչ դատարանն ու վճռաբեկը եւս լինեն Մնացական Մարտիրոսյանի որակի դատական կազմով, ապա մենք դիմելու ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես, օրինակ, ապօրինի կալանքի վերաբերյալ է այս պահին գանգատ գտնվում Եվրադատարանում։
Մնացական Մարտիրոսյանի դատավճիռը, մեր որակմամբ, արդարադատության բացակայություն է, որովհետեւ դրվագներից որեւէ մեկը չի հիմնավորվել պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում: 40-ից ավելի վկաներ են հարցաքննվել, եւ չի հիմնավորվել ո՛չ կաշառքի, ո՛չ լիազորությունների չարաշահման որեւէ դեպք։ Սա ակնհայտորեն քաղաքական հետապնդում է, եւ Մնացական Մարտիրոսյանի կողմից կայացված դատավճիռը՝ 8 տարվա ազատազրկումով, ընդամենը այդ քաղաքական հետապնդման արձանագրված փաստն է։ Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը, դնելով կնիք եւ ստորագրություն այդ «դատավճիռ» անունով փաստաթղթի տակ, որը, իմ որակմամբ, այդ հատկանիշը չունեցող փաստաթուղթ է, բայց, այնուամենայնիվ, եթե Մնացական Մարտիրոսյանն իր կնիքն ու ստորագրությունն արդեն դրել է, ուրեմն դակել է քաղաքական հետապնդումը։ Մենք միանշանակ բողոքարկելու ենք հնարավոր բոլոր օղակներով՝ ե՛ւ վերաքննության, ե՛ւ վճռաբեկության կարգով եւ մեզ բավարարող որոշման չհասնելու դեպքում դիմելու ենք Եվրոպական դատարան, եւ ես Ձեզ հավատացնում եմ՝ մենք անպայման հաջողելու ենք, որովհետեւ քրեական գործով չի հիմնավորվել որեւէ մեղադրանք։ Ինձ համար եւս մեկ հետաքրքիր փաստ կա․ գործով որպես մեղադրյալ անցնում է 7 հոգի, մի մասը՝ կաշառքի դրվագով, այսինքն՝ կաշառք տվողներին դատապարտել 300 հազար դրամ տուգանքի, իսկ Վահագն Վերմիշյանին 8 տարի ազատազրկմա՞ն։ Որտե՞ղ է տրամաբանությունը, որտե՞ղ է պատժի համաչափությունը։ Ես, իհարկե, ուրախ եմ, որ մյուս ամբաստանյալները չազատազրկվեցին, եւ ես իրենց պաշտպանության իրավունքը որեւէ ձեւով չեմ ցանկանում կասկածի տակ դնել, բայց ծայրահեղ անհամաչափ է։ Եթե կաշառք տալու համար սահմանված է պատասխանատվություն տուգանք եւ ազատազրկում՝ 2-5 տարի ժամկետով, իսկ Վահագն Վերմիշյանի համար՝ 4-8 տարի, ապա ո՞րն է համաչափությունը, եթե մի դեպքում կաշառք տվողը դատապարտվում է տուգանքի 300 հազար դրամի չափով, իսկ ստացողը` 8 տարի ազատազրկման։ Այս պատիժների ծայրահեղ անհամաչափությունը եւս խոսում է այն մասին, որ այստեղ Վահագն Վերմիշյանին ազատազրկելու խնդիր էր դրված, իսկ մյուս ամբաստանյալները, ցավոք սրտի, մեծ դավադրության զոհ են դարձել, թեեւ տուգանք պատժատեսակի են դատապարտվել»,- ասաց Կոչուբաեւը։
Պաշտպանի խոսքով` Վերմիշյանը նույնիսկ 15 տարվա ազատազրկման էր պատրաստ․ «Վահագն Վերմիշյանը պատրաստ էր հենց դատախազի միջնորդած 15 տարվա ազատազրկմանը, այս պրոցեսին հենց ամենասկզբից նա հետեւում է շատ լայն ժպիտով, հիմա էլ է շատ լայն ժպիտով վերաբերվում այս դատավճռին։ Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ իր կարծիքը հրապարակված է, տեսանյութերն առկա են, նա Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ արտահայտած իր կարծիքը պնդում է եւ շարունակում է լայն ժպիտով վերաբերվել այս գործընթացին»։
Հիշեցնենք, որ անցած տարի՝ նիստերից մեկի ժամանակ, Վահագն Վերմիշյանը տեսախցիկների առջեւ, հենց նրա ներկայությամբ, Մնացական Մարտիրոսյանին ասել էր․ «Տո անասուն, մեկի անունը որ Մացո լինի...»։