Քաղաքականություն

Ինչու է Անկարան ցանկանում գլխավոր հյուպատոսություն ունենալ Շուշիում

Ինչու է Անկարան ցանկանում գլխավոր հյուպատոսություն ունենալ Շուշիում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, որն այցով Ադրբեջանում էր, հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Շուշիում բացել գլխավոր հյուպատոսություն։ Այս մասին նա ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ։ Ընդ որում, Էրդողանը մանրամասնել էր, որ դա կարվի այն ժամանակ, երբ որ Բաքուն դա ցանկանա։ Հայտարարությունն, իհարկե, շատ հետաքրքիր է, սակայն անակնկալ չէ։ Հիշենք, որ Էրդողանի, այսպես ասած՝ քաղաքական գործընկերներից թուրք ազգայնականներն էլ ոչ վաղ անցյալում Շուշիում կրթահամալիր բացելու պատրաստակամություն էին հայտնել։

Ադրբեջանի համար Շուշին հայտարարվել է որպես հոգեւոր-մշակութային մայրաքաղաք։ Ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկանում է այն ներկայացնել որպես իր հոգեւոր-մշակութային եւ էթնիկ ինքնության օրորոց, իր ծագումը կապելով Ղարաբաղի խանության հետ։ Ու այս պարագայում Էրդողանի կողմից նման հայտարարությունը առաջին հերթին Ադրբեջանի՝ 44-օրյա պատերազմի հաղթանակում իր, այսպես ասած՝ բաժնեմասին տեր կանգնելու վճռականության դրսեւորում պետք է դիտարկել։

Այսինքն՝ Էրդողանը պարզ հասկացնում է, որ Ադրբեջանի հաջողությունները միայն Բաքվինը չեն։ Դրանք «բաժնետիրական» են եւ ինքն իր բաժնեմասն ունի եւ հիմա անցնում է այն տիրապետելուն։ Իհարկե նաեւ այն թեզն էլ կա, որ այս կերպ Անկարան փորձում է գոնե իր, այսպես ասած, հարազատ «թյուրքական աշխարհում» ամրացնել Շուշիի դերակատարությունը եւ նաեւ՝ իր ներկայությունն ապահովել Ղարաբաղում։ Ալիեւի համար սա, իհարկե, չի կարելի առանձնապես հաճելի նորություն համարել, սակայն կարելի է ասել, որ առայժմ Բաքուն չի կարողանա ինչ որ բանով դիմակայել Անկարային եւ ստիպված է լինելու իր հաջողությունների համար ստորագրած մուրհակների համար մինչեւ վերջ վճարել՝ նաեւ տոկոսները հաշվարկելով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image