Հասարակություն

«Հրապարակ». Ի՞նչ կկատարվի, եթե Երեւանում 9 բալանոց երկրաշարժ լինի 

«Հրապարակ». Ի՞նչ կկատարվի, եթե Երեւանում 9 բալանոց երկրաշարժ լինի 

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի խոսքով՝ Երեւանը սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Պաշտոնյայի խոսքով՝ եթե լինի 9 բալանոց երկրաշարժ, զգալի հետևանքներ կլինեն։

«Խորհրդային միության տարիներին Հայաստանի ամբողջ տարածքի համար սեյսմիկ վտանգը թերագնահատված է եղել: Եթե այսօր ունենք 8, 9, 10 բալանոց գոտիներ, ԽՍՀՄ քարտեզի համապատասխան՝ ունեինք ընդամենը 2 գոտի՝ 7 և 8 բալանոց: Արդյունքում կառուցապատումը իրականացվել է 7 և 8 բալերի համար: Պատճառը դա է, երբ ասում ենք, որ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ, շենքերը խոցելի են, այսինքն, կառուցված են ավել ցածր սեյսմիկ վտանգի համար, քան անրաժեշտ է»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Սոս Մարգարյանը։ 

Երեւանում շենքերի խոցելիության մասին խոսելիս՝ Մարգարյանը տագնապեցնող թթվեր հրապարակեց, ասաց, որ երկրաշարժի դեպքում, իհարկե, բոլոր շենքերը չեն փլվի, Երևանում բարձր խոցելի են համարվում շենքերի 45 տոկոսը։ «Երևանը միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաք է, տարբեր կարծիքներ կան, որ շատ զոհեր կունենանք՝ մոտ 300.000, բայց եթե զուգահեռ տանենք Թուրքիայի միլիոնանոց քաղաքի հետ, որտեղ 2023 թվականին երկարաշարժ եղավ, կտեսնենք զոհերի թվի տարբերությունը: Պաշտոնական տվյալներով մոտ 50-60 հազար զոհ կար»,-ասաց Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենը: Բայց անգամ 50-60 հազար մարդու մահն արդեն սոսկալի մեծ թիվ է՝ հավանական երկրաշարժի դեպքում։

«Հրապարակ»-ը հետաքրքրվեց, թե մինչեւ որքան շենք կարող են կառուցել Երեւանում, արդյո՞ք ամենուր վեր խոյացող, նոր կառուցվող շենքերը սեյսմակայուն են։ Մարգարյանը նշեց, որ շինթույլտվությունը տալիս է Երեւանի քաղաքապետարանը, հետեւաբար բոլոր ռիսկերը պիտի գնահատի այս կառույցը։ Սեյսմիկ ծառայությունը, նրա խոսքով, մասնակցում է նորկառույց շենքերի համալիր փորձաքննությանը՝ կոնստրուկտիվ գծերի մասով եւ տալիս է համապատասխան եզրակացություն։ «Բայց մեր գործը չէ՝ սխա՞լ է անում, թե՞ ոչ, պահպանվե՞լ են նորմերը, թե՞ ոչ։ Դա տեսչական մարմնի և լիցենզավորված մարմնի աշխատանքն է։ Ցանկացած շենք, եթե ճիշտ հաշվարկած է՝ նորմալ է, որ կառուցվում է սեյսմիկ գոտում։ Հայաստանում, կախված կոնստրուկտիվ տիպից, կա կառավարության որոշում՝ 25 հարկից ավելին ինչ պայմաններով պետք է կառուցել։ Երևանում 33 հարկանի շենք են կառուցում։ Նույն երկնաքերերը կառուցում են Ճապոնիայում, որը սեյսմիկ գոտի է»,-ասաց նա։ 

Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել երկու օր առաջ՝ օգոստոսի 12-ին՝ Մարտունի քաղաքի մոտակայքում։ Ըստ ՆԳՆ-ի վերջին տվյալների՝ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություն է կազմվել 82 շենք-շինությունների վերաբերյալ։ Դրանք բնակելի տներ են և կից շինություններ։ «Երանոս բնակավայրում 56 տան պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն պատերից պոկվել և ընկել են քարեր, 22 շենք-շինությունում, այդ թվում՝ Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմերի պատերին և Ծովասար բնակավայրում 2 տան պատերին առկա են ճաքեր։ Ծակքար բնակավայրում վնասվել են միջնակարգ դպրոցի, Սուրբ Աստվածածին եկեղեցու և մշակույթի տան պատերը, առկա են եղել նաեւ ճաքեր»,- «Հրապարակին» ասել էր ՆԳ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Երկրաշարժից հետո ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ: 

Նման ակտիվ սեյսմիկ դրսեւորումներ ունեցող երկրում պետք է շատ զգույշ լինեն եւ պետական կառույցները, որոնք աջուձախ բազմահարկերի շինթույտվություններ են տալիս եւ չեն վերահսկում շինարարության որակը, ինչպես նաեւ կառուցապատողները, որոնք խնայողություն են անում սեյսմակայունության հաշվին: Եւ այս ամենը հղի է 1988-ի ողբերգության կրկնությամբ` երբ մեր աչքի առաջ շենքերը լուցկու տուփերի նման փլվեցին` փլատակների տակ թողնելով 25 հազար մարդու: Մեր խոցված ու պատերազմներում մարդկային ահռելի կորուստներ ունեցած երկրի համար շատ մեծ ողբերգություն կլինի, եթե նորից մարդկային կորուստներ ունենանք` այս անգամ բնական աղետի արդյունքում: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image