Քաղաքականություն

«Հրապարակ». Սամվել Կարապետյանին ժամանակին պարտադրել են ՀԷՑ-ը գնել

«Հրապարակ». Սամվել Կարապետյանին ժամանակին պարտադրել են ՀԷՑ-ը գնել

Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում քննարկելու է օրենքների նախագծեր, որոնց միջոցով իրականացվելու է Փաշինյանի նպատակը` պետականացնել, ավելի ճիշտ՝ «խլել» ՀԷՑ-ը սեփականատիրոջից: Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, հայտարարեց այդ մտադրության մասին այն ժամանակ, երբ Սամվել Կարապետյանը հայտարարություն արեց` ի պաշտպանություն Եկեղեցու։ Կարապետյանին կալանավորելու հաջորդ օրը Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ արդեն խորհրդարան է ուղարկվել ՀԷՑ-ը պետականացնելու օրինագիծը, սակայն պարզվեց` ստում է, նույնիսկ ՔՊ-ականներն էին տարակուսել այդ հայտարարությունից: Դրանից միայն օրեր անց նախագիծը մուտք արվեց ԱԺ։ 
Սեփականության իրավունքը մեր երկրում պաշտպանված է Սահմանադրությամբ, եւ փորձագետները, վերլուծելով Հայաստանի օրենսդրական դաշտը, մասնավոր սեփականությունը պետականացնելու հնարավոր տարբերակ են համարել այն ազգային գերակա շահ ճանաչելը։ Բայց քանի որ դրա հիմքերն էլ չկան, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից վերցնելու համար օրենսդրական փաթեթ է պատրաստվել, որով հերթական անգամ ոտնահարել են ՀՀ օրենսդրությունը եւ օրենքի անվան տակ անօրեն ճանապարհով փորձելու են խլել մասնավոր բիզնեսը։ Իհարկե, դա ներկայացնելու են իբրեւ թե ՀՀ քաղաքացիների շահից արվող քայլ՝ ասելով, որ ՀԷՑ-ը վատ էր աշխատում, հաճախացել էին հոսանքազրկումները, սակայն վերջին օրերին ՀԷՑ-ը հայտարարություններ է տարածում, որից պարզ է դառնում, որ շատ դեպքերում դա հատուկ է արվում, որպեսզի այն խլելու «լեգիտիմ» հիմքեր ձեւավորեն։

Այսպիսով, խորհրդարան 2 նախագիծ է ներկայացվել՝ «Էներգետիկայի մասին» եւ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի» մասին օրենքներում փոփոխությունների նախագիծ, որի հեղինակն իշխող ֆրակցիան է: Փաշինյանը, փաստորեն, կոլեկտիվ պատասխանատվություն է դնում ուսապարկերի վրա, մինչդեռ կարող էր կառավարությունը հեղինակել այդ խայտառակ նախագծերը: Եվ սա առաջին դեպքը չէ, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմին ներքաշում է ծանր հանցագործության մեջ։ Այսպիսով՝ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու միջոցով առաջարկվում է նախատեսել ՀԾԿ հանձնաժողովի նախագահի լիազորություն՝ նշանակելու ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, որին անցնելու են ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարելու լիազորությունները։ Անգամ ՀԷՑ-ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենալու միջամտել ժամանակավոր կառավարչի լիազորություններին։ 
Ենթադրվում է, որ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց հետո նախատեսվում է, որ ժամանակավոր կառավարիչը հրաժարվելու է ՀԷՑ-ին տրված լիցենզիայից, այնուհետեւ պետականացնելու են ՀԷՑ-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին որոշակի «փոխհատուցում» տալու միջոցով։ Այս օրենքը նախադեպ է դառնալու, որ այսուհետ, երբ ուզենան, ցանկացած մեկի մասնավոր սեփականությունը կարողանան խլել։

Ի դեպ, ՀԷՑ ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերը գրավադրված են միջազգային ֆինանսական կազմակերպություններում։ Ընդ որում, գրավադրման այս գործարքին 2021 թ. օգոստոսի 27-ին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել, սեպտեմբերի 1-ին էլ հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Որոշ մասնագետներ կարծում են, որ այս փաստն անհնարին է դարձնելու ՀԷՑ-ի սեփականաշնորհումը, կամ էլ պետությունը պետք է ամբողջական փոխհատուցում անի, որ խնդիրներ չունենա միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ։ Ըստ պաշտոնական վիճակագրության, դիցուք՝ 2024-ի դրությամբ ՀԷՑ-ի պարտավորությունները վարկերի եւ փոխառությունների գծով կազմել են 77.2 մլրդ դրամ, ավելի քան 200 մլն դոլար։ 

Այն, որ Նիկոլ Փաշինյանին պետք չեն իրավական եւ օրինական հիմքեր՝ ՀԷՑ-ը խլելու համար, փաստում է նաեւ այն, որ ՀԾԿՀ-ի մասին օրենքում փոփոխությունների նախագիծն այն մասին է, որ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացն այլեւս Հանձնաժողովում չի քննարկվելու, ՀԾԿՀ անդամները դիրքորոշում չեն հայտնելու, միայն ՀԾԿՀ նախագահի ստորագրությամբ է դա իրականացվելու։ Հավանաբար վստահ չեն, որ Հանձնաժողովում քննարկվելու դեպքում այս ապօրինությունը հնարավոր կլինի անցկացնել։ Իսկ ՀԾԿՀ նախագահին կարգադրելն ու իրենց ենթարկեցնելը խնդիր չի լինի։

ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը երեկ ասուլիսում պնդեց, որ ո՛չ իշխանությունների, ո՛չ ՀԾԿՀ-ի կողմից որեւիցե ձեւով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելու: «Այն մարմինը, որը պետության կողմից լիազորված է՝ համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, երբեւէ որեւէ ձեւով չի գնահատել ՀԷՑ-ի աշխատանքն այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների»,- ասաց Ղազինյանը եւ նշեց, որ իշխանություններն այս ընթացքում եւս, երբ սկսել են խոսել ընկերության պետականացման մասին, չեն փորձել գալ ՀԷՑ, քննարկել խնդիրները, եթե դրանք կան: «Իմ անձնական կարծիքով՝ նախ վախենում են, որ այդ քննարկումների արդյունքում իրենք սխալ դուրս կգան, այստեղ պետականացնելու խնդիր ընդհանրապես չկա, խելագարության կանխավարկածի խնդիր կա: Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, առանց կանոնների մարտի ձեւաչափով, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ, եթե անգամ ներպետական հնարավորությունները սահմանափակ են մեզ համար` արդեն միջազգային կազմակերպությունների մեր գործընկերների հետ միասին»,- ասաց նա:

Արձանագրենք, որ Սամվել Կարապետյանի՝ իր ձերբակալության օրն արած արտահայտությունը՝ «թքած ունեմ ՀԷՑ-ի վրա էլ», շահարկվեց իշխանականների կողմից, թե` տեսեք ինչ քամահրանքով է վերաբերվում քաղաքացիներին հոսանքով ապահովող կառույցին, ընդամենը նշանակում էր, որ ՀԷՑ-ը վերցնելով՝ ինձ չեք վախեցնի։ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն օրերս խոսել է այս մասին` ներկայացնելով ՀԷՑ-ը մասնավորեցնելու գործընթացը, որն սկսվել է իր վարչապետության շրջանում: Դարբինյանն ասել է, որ բաշխիչ կայանն աննախադեպ անմխիթար վիճակում է եղել եւ ուղղակի պարտադրվել է Կարապետյանին․ «Իմ կարծիքով՝ այդ մարդը երբ ասաց՝ դուք էլ, ձեր ՀԷՑ-ն էլ, հենց դա նկատի ուներ, որ ՀԷՑ-ը սեփականաշնորհելն իր կյանքի երազանքը չի եղել, դա իրեն պարտադրել են... Բաշխիչ ցանցերը, որպես բիզնես, պիտի լինեն մասնավոր, մեր կառավարությունն է մշակել ՀԷՑ-ը մասնավորեցնելու կոնցեպցիան, մենք, իհարկե, չհասցրինք մասնավորեցնել, բայց թյուրիմացություն է, որ ասում են` սա ռազմավարական նշանակություն ունի, պետությունը պիտի կառավարի։ Մենք չորս մասի էինք բաժանում ՀԷՑ-ը, որոնց մրցակցության շնորհիվ պիտի ունենայինք արդյունավետ կառավարում, մեր դուրս գալուց հետո միացրին դարձրին մեկ մոնոպոլ ընկերություն, որը շուկայականից էժան գնով վաճառվեց ռուսաստանյան ընկերությանը, որոնք խայտառակ կառավարում իրականացրին, եւ Սամվել Կարապետյանին, իմ կարծիքով, քաղաքական պարտադրանք է եղել Ռուսաստանի ու Հայաստանի կողմից, որ գնա` տեր կանգնի, որովհետեւ քանդված էր։ Այսինքն՝ Սամվել Կարապետյանն ընդունել է էլցանցերը պարտադրաբար, դա նրա կյանքի ցանկությունը չի եղել»։

ՀԳ․ Մենք փորձեցինք ՀԾԿՀ որեւէ անդամի դիրքորոշում լսել՝ ներկայացված նախագծերի մասին, սակայն կառույցի էջում նշված կոնտակտային համարները չպատասխանեցին, ինչպես նաեւ՝ անդամների անձնական հեռախոսահամարները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image