Քաղաքականություն

2 հազար զոմբիներից նամակ է ստացել, զոմբիները գրում՝ զոմբիները պատասխանում են

2 հազար զոմբիներից նամակ է ստացել, զոմբիները գրում՝ զոմբիները պատասխանում են

«Ես ինքս եմ պատրաստ բանավեճի հրավիրել Նիկոլ Փաշինյանին ու իրեն հարցեր ուղղել», «Հրապարակի» հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը: Նա կարծում է, որ Փաշինյանը քաջ գիտակցել է, որ նախագահներից և ոչ ոք իր հետ չէր բանավիճելու: «Ես ավելի շուտ կասեի` թող Նիկոլ Փաշինյանը բանավիճի 2014 թվականից այս կողմ, 2013 թվականից այս կողմ մինչև 2018 թվականը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ: Թող ինքը բանավիճի մինչև 2018 թվականը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հետ: Իր այն ժամանակվա խոսքերը ու հիմա արած հայտարարությունները: Ուզում եմ իմ հարցերը տալ ու եթե այդ հարցերի շուրջ պատրաստ է բանավիճել՝ ես պատրաստ եմ»,-ասաց Մախսուդյանը: 

Պահեստազորի գնդապետը հիշեցնում է` երբ Փաշինյանն ասում էր, որ «Արցախը Հայաստանն է ու վերջ», ինչո՞ւ էր նման հայտարարություն անում, եթե գիտեր, որ 1994-ին Արցախն արդեն հանձնված էր, այդ դեպքում 2018-ին հեղափոխության ժամանակ ինչու այդ մասին ժողովրդին չեն ասել. 

«Ինչո՞ւ 2020 -ին պատերազմեցիք՝ հինգ հազար մարդու գլուխ կերաք, եթե այդ մասին տեղյակ էիք, որ Արցախը հանձնված էր: Եթե դուք գիտեիք Արցախը Ադրբեջանինն է՝ այն ժամանակ այդ մասին հայտարարեիք, ոչ թե հիմա՝ վերարտադրվելու նպատակով ժողովրդին եք ապակողմնորոշում: Ո՞ւր են մեր ռազմագերիները, երբ խոսքը գնում է ձեր առաջ քաշած խաղաղության խաչմերուկի մասին: Ո՞ւր են մեր ռազմագերիները»,-հարցադրում է անում Մախսուդյանը: 

Նա նշում է, որ Փաշինյանի հետ բանավեճի ժամանակ նա հարցադրում է անելու նաև ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զորքերի հետքաշման մասին` արդյո՞ք այդ կետը ներառված է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրում: «Ադրբեջանի նախագահն ամեն օր հոխորտում է, որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է: Ո՞ւր է ձեր պատասխանը, կամ ձեր մեջ մի տղա չկա՞, որ կարողանա Ալիևի հոխորտանքներին պատասխանի, արձագանքի, չեմ տեսնում: Ոչ դու, ոչ էլ նախարարներդ՝ ոչ մեկդ, բոլորդ զբաղված եք այլ գործով ու ժողովրդին մոլորեցնելու գործով»,-ասաց Մախսուդյանը: Զինվորականը նշում է, որ նախկին նախագահներին բանավեճի հրավիրելու քայլը պարզապես ժողվորդին մոլորեցնելու հերթական փորձն է՝ հերթական ծուղակը, որպեսզի վերարտադրվեն: 

«Հերթական հարցը, որ կտայի Փաշինյանին՝ արտաքին պարտքի մասին կլիներ, ո՞ւր են գնացել այդ փողերը և ինչի՞ է արտաքին պարտքն ավելացել և ո՞ւր է այն ընդդիմադիր Փաշինյանը, որ ասում էր` արտաքին պարտքը վեց միլիարդ է, այնինչ հիմա դարձել է տասներկու միլիարդ: Դրա համա՞ր էլ են նախկինները մեղավոր, որ արտաքին պարտքը երկու անգամ աճել է: Մինչև հեղափոխությունը որպես ընդդիմադիր պատգամավոր ամեն օր արտաքին պարտքի մասին էիր խոսում: 2020 թվականից այս կողմ Ադրբեջանն ավելի շատ է վերազինվել, քան մինչև 2020 թվականը, իսկ ձեզ որ հարցնում ենք՝ պատերազմը կրվել ենք, ասում եք: Լավ, այդ դեպքում պատասխանեք, 2020 թվականից այս կողմ բանակում ի՞նչ բարեփոխումներ եք արել և ո՞ր ստորաբաժանումն է ԶԻնված ուժերում ամենալավ ստորաբաժանումը՝ թող Պապիկյան Սուրենը ասի, որ ինքը բավարար մակարդակի է գնահատում կամ լավ գնահատական է տալիս ու դա կարող է ընկալվել որպես իր՝ Պաշտպանության նախարար դառնալուց հետո զինված ուժերում դրսևորված աճ, որ կոնկրետ այս զորամասը, այս ստորաբաժանումը կամ այս գունդը պատրաստ են լավ գնահատական ստանալ: Ես, որպես պահեստազորի գնդապետ, պատրաստ եմ մի քանի իմ նման տղաների հետ Պապիկյանի կողմից լավ գնահատականի արժանացած զորամասը ստուգել ու գնահատել՝ թող մեր ժողովուրդը տեսնի, եթե իսկապես լավ գնահատական եղավ՝ ես Սուրեն Պապիկյանից ներողություն կխնդրեմ, եթե ոչ` թող ինքը ներողություն խնդրի ու հեռանա պաշտոնից»,-ասաց վերջինս: 

Մեր զրուցակիցը կարծում է, որ պաշտպանության կարեւոր հարցերը թողած այլ հարցերով են զբաղված, դարձել են տիկ-տոկերներ կամ էլ գրում են` այսօր երկու հազար նամակ եմ ստացել: «Երկու հազար զոմբիներից նամակ է ստացել, զոմբիները գրում՝ զոմբիները պատասխանում են: Արտաքին քաղաքականություն վարելու փոխարեն, արտաքին վտանգները մեր երկրից հեռացնելու փոխարեն այլ հարցերով են զբաղված»,- եզրափակեց պահեստազորի գնդապետը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image