Հայկական ինքնության բռնաբարությունը սպասելիորեն նոր մակարդակի է հասել:
Հինգշաբթի օրը կառավարությունը ՝ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում ընդունեց դպրոցական «Հայ ժողովրդի պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու մասին:
Դրա հիմնավորումը այն է, իբր իշխանության ձգտումն է ՝ մատաղ սերնդին սեր սերմանել պետության հանդեպ։
Այսինքն ՝ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, հիշողությունը,ինքնությունը ըստ էության, հակադրվում է հայկական պետականությանը, ինչը բացահայտ գաղափարական դիվերսիա է և քաղաքագիտական հիմարություն։։
Պետք է փաստել, որ այս որոշման անհեթեթ հիմնավորումը Հայաստանի հայաթափման գործընթացի տրամաբանական շարունակությունն է, այն է ՝ Հայաստանի Հանրապետությանը իր գոյության գաղափարական և բարոյապատմական հիմքից զրկելը։
Այսինքն ՝ ունենք մի իրավիճակ, երբ «պետական մտածողության» քողի տակ հայկական պետության հիմքերը քանդելու գործընթացն է ընթանում ՝ մարդկանց գիտակցությունից հանելով Հայրենիքը ՝ որպես սուրբ, բոլոր իմաստներով անձեռնմխելի տարածք, որտեղ հազարամյակներ շարունակ բնակվել են ներկայիս հայերի նախնիները։
Ավելի վաղ մենք արդեն նշել էինք, որ մարդկանց ազգային, պատմական, մշակութային ինքնությունից զրկելու գործընթացը և Հայաստանում սոցիումն ապականելու քարոզչությունը հասել է այնպիսի մակարդակի, որ իշխանությունն այլևս առանց թաքնվելու փաստացի կյանքի է կոչում թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական խնդիրը ՝ հայերին տոտալ զրկել Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայկական պետություն պահպանելու իմաստային առումով «բեռից»։
Հիշենք , որ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության և ներկայիս Ադրբեջանի տարածքում հայերի մշտական ոչնչացման գործողությունների տարիներին զուգահեռ ոչնչացվում էր հայ ժողովրդի պատմական և մշակութային ժառանգությունը , որն ի դեպ շարունակվում է մինչ օրս Արցախում , Նախիջևանում և Արևմտյան Հայաստանի տարածքում ։
Ինչո՞վ են տարբերվում փաշինյանական իշխանությունների գործողությունները թուրքական բաշիբուզուկների կամ ադրբեջանցի հայասպանների գործողություններից։
Այնուամենայնիվ, փաշինյանական իշխանությունը չի կարող չհասկանալ իրենց քայլերի հրեշավոր հետևանքները։
Ուրեմն ինչու՞ է, թավշյա իշխանությունը գնում այդ հակապետական քայլին։
Կարծում եմ ՝ երկու պատճառ կա:
1-Քանի որ փաշինյանական իշխանությունը հասկանում է, որ հանցագործություն է կատարել ՝ փաստացի հանձնելով Արցախը ոչնչացման և շարունակում է այս կամ այն պատրվակով հանձնել հայ ժողովրդի արմատական շահերը, ապա ներկա փուլում հիմնական խնդիրը թավշյա իշխանությունը համարում է հանցագործության առարկայի , այսինքն ՝ հայ ժողովրդի ազգային ինքնության վերացումը։
Իշխանության տրամաբանությունը հետևյալն է ՝ եթե չկա կողմնորոշված հասարակություն և հայերի ազգային «օջախ», ուրեմն չկա նաև հայ ժողովրդի նկատմամբ իշխանության իրականացրած հանցագործության բուն առարկան։
Երկրորդ պատճառն, դա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից փաշինյանական իշխանություններին «տակից» հրահանգ է իջեցվել ՝ հեռացնել, համահարթեցնել և բացառել ռևանշիզմի ցանկացած դրսևորում։
Այսինքն ` իրենք հասկանում են, որ հավաքական հայկական սոցիումը առնվազն չի համաձայնվի Արցախի ոչնչացման հետ, և Հայաստանի ՝ Թուրքիայի և Ադրբեջանի տոտալ վերահսկողության տակ ընկնելու սպառնալիքներին, ինչը թուրքերը համարվում են «ռևանշիզմ»:
Դատեք ինքներդ, թուրքերն ու ադրբեջանցիներն իրենց համար հիմնական սպառնալիք են համարում հայ ժողովրդի ազգային կողմնորոշումը սեփական պետության կառուցման գործում ՝ հետևաբար թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական խնդիրը հայերին իրենց «դեմքից» և «բնավորությունից» զրկելն է։
Ինչը ըստ էության և անում են հայաստանյան իշխանություններն այսօր։
Անհրաժեշտ է ևս մեկ անգամ արձանագրել, որ «պետական գաղափարախոսության պաշտպանության» կարգախոսների ներքո Հայաստանի ներկայիս իշխանությունները ոչնչացնում են Հայաստանի Հանրապետության գոյության բուն իմաստը։
Ինչ վերաբերում է սովորական մարդկանց, ապա իրավիճակը հասկանալու համար Պատկերացրեք, որ դա նման է մի իրավիճակի, երբ ձեր ընտանեկան լուսանկարներով ալբոմը նետվում է աղբարկղ , և ձեր ընտանիքի պատմությունը դառնում է ձեր տան կամ բնակարանի տեխնիկական նկարագրությամբ գրքույկը։
Սա է իրականում տեղի ունենում ։
Արման Աբովյան