«Հրապարակը» գրել էր, որ «Բագրատ արքեպիսկոպոսը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ գնա՞լ, թե՞ չգնալ մայր տաճարի վերաօծմանը, որին մասնակցելու է նաեւ ՔՊ-ի վերնախավը՝ Փաշինյանի գլխավորությամբ»։ Հրապարակման հեղինակի կարծիքով՝ եթե Բագրատ սրբազանը մասնակցի Մայր Աթոռում կայանալիք առաջիկա արարողություններին եւ «կանգնի Փաշինյանի կողքը, իսկ մի քանի օր հետո նրանից ազատվելու կոչով փորձի համախմբել ժողովրդին, չի հասկացվի, իսկ չգնալը կնշանակի չմասնակցել սեփական տան վերաբացմանը եւ խորացնել եկեղեցու հետ հակասությունները»։ Եվ նշված է, որ «Սրբազանի շրջապատից վստահեցրել են, որ այս պահին նա տրամադրված է չգնալ, սակայն որոշումը դեռ կարող է փոխվել։ Ի դեպ, վերաօծման արարողության ժամանակ տաճար կարող են մտնել միայն հրավիրատոմսերով: Եվ անգամ ԱԺ պատգամավորներից ոչ բոլորին են հրավիրել` միայն ղեկավար կազմին, խմբակցությունների եւ հանձնաժողովների ղեկավարներին»:
Եթե անկեղծ, ապա զարմանալի է, որ Բագրատ սրբազանի մոտ գնալ-չգնալու հարց է առաջացել։ Նա, առաջին հերթին, Հայ առաքելական եկեղեցու եկեղեցական է, Սբ Էջմիածնի միաբանության անդամ եւ երդմամբ կապված է Սբ Էջմիածնին։ Ընդ որում, դա հասարակ երդում չէ, այլ Քրիստոսի Իջման Սուրբ Խորանի առաջ կնքած երդում, որը երեք մասից է բաղկացած՝ աղքատություն, ժուժկալություն եւ հնազանդություն, ինչպես ցանկացած վանական միաբանությունում են լինում ուխտերը՝ մեզ հուշեցինՄայր Աթոռի մեր աղբյուրները։ Սբ Էջմիածինը Բագրատ սրբազանի տունն է, եւ «Հրապարակը» բացարձակ ճշմարիտ գնահատական է տվել։ Սրբազան պայքարը որքան էլ այսօր կարեւոր է որպես հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտն արթնացնող, Փաշինյանի իշխանության դեմ պայքարող շարժում, սակայն Բագրատ սրբազանի եւ որեւէ այլ կղերականի համար այն չի կարող դրվել մեկ հարթության վրա՝ իրենց կրոնական-եկեղեցական գործունեության հետ, քանի որ ընտրության դեպքում միշտ առաջնայնությունը կրոնական-եկեղեցական գործունեությունը պետք է լինի, ու դա քննարկման հարց չէ, ուր մնաց թե կասկածների կամ սակարկությունների հարց լինի։
Բացի այդ, եթե Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից լինի հրահանգ, որ Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսները պետք է ներկա լինեն արարողություններին, եւ նրա համար բացառություն չարվի, ապա Բագրատ սրբազանը պարտավոր է գնալ եւ ներկա գտնվել այդ արարողություններին, քանի որ դա է պահանջում նրա տված «հնազանդության երդումը»։ Մայր Աթոռի մեր աղբյուրներն այս առումով նկատում են, որ կրոնական-եկեղեցական ծառայությունն ինչ-որ իմաստով նման է զինվորական ծառայությանը, եւ կրոնավորներն անվերապահ հնազանդության երդմամբ են կապված կրոնական վերադաս իշխանությանը, ինչպես զինվորականները՝ իրենց հրամանատարությանը։ Սրբազան պայքարը մի օր սկսվել է, մի գեղեցիկ օր էլ, իր առաքելությանը հասնելով կամ չհասնելով, կավարտվի։ Սակայն Բագրատ սրբազանը մշտապես պատասխանատու է Բարձրյալի եւ Սբ Էջմիածնի առաջ։ Հետեւաբար, մայր տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողություններին նա պետք է ներկա լինի, եւ հասարակությունն էլ դա պետք է համարի բնականոն, ինչպես բնականոն կհամարվի այն, որ զավակը ներկա գտնվի մոր ծննդյան տարեդարձին, նույնիսկ՝ եթե նրա հետ ունի քաղաքական տարաձայնություն։