Քաղաքականություն

Կենացներ ու խոստումներ՝ Լոռին «ժամառժամ» զարգացնելու մասին

Կենացներ ու խոստումներ՝ Լոռին «ժամառժամ» զարգացնելու մասին

«Լոռին զարգանում է ժամառժամ»․ այս հուսադրող միտքը Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանինն է: Դուք գիտեի՞ք այս մասին: Ես՝ չգիտեի։ Մինչ Լոռու մարզպետարանի աշխատակազմի կայքէջում սա կարդալս, որքա՜ն երկար եմ դեգերել անտեղյակության մշուշի մեջ։ Բայց ահա՝ աչքերս բացվեցին՝ կարդացի բարի լուրն ու որոշեցի պատմել, որ ձեր աչքերին էլ լույս իջնի։

Պարզվում է՝ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Շիրակամուտ, որտեղ կառուցվում է կրթահամալիր։ Մարզի ղեկավարը հետեւել է շինարարական աշխատանքներին։ Մի շինարար անգամ բացել է կարեւոր գաղտնիք՝ այս հիմքերի վրա հնարավոր է 16 հարկանի շենք կառուցել։ Գուցե մարզպետը մտքի թռիչքով արդեն տեսել է այդ 16 հարկը, որոնք դարձել են լավատեսության աղբյուր, գուցե մեկ ժամվա շրջայցի ընթացքում կատարված աշխատանքն այնքան ահռելի է թվացել, որ հիմք է տվել աշխարհին ազդարարելու՝ մեր աղքատ մարզը ժամառժամ զարգանում է։ Բայց գուցե լավատեսության հիմքում այլ գործե՞ր էլ կան։ Փնտրտուքս շարունակեցի մարզպետարանի կայքէջում։ 

Հաջորդ լուրով հայտնում են, որ Լոռու մարզպետն ուղեկցել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին՝ Վանաձորի ցերեկային կենտրոնում ծանոթանալու կենտրոնի պայմաններին եւ սննդի որակին։ Անհայտ է մնում՝ ի՞նչ տվեց այդ այցը կենտրոնին, ի՞նչ խնդիր լուծվեց, ի՞նչ փուշ հանեցին հանրության մատից, եւ ինչպե՞ս դա ծառայեց մարզի ժամառժամ զարգացմանը։ Ավելին իմանալու փորձերն ապարդյուն են՝ նույնիսկ լուրի վերջում նշված «Մանրամասները՝ տեսանյութում» արտահայտությունը պարզապես դատարկ խոսք է. տեսանյութը չկա։

Մյուս լուրը վերաբերում է առողջության համընդհանուր ապահովագրությանը, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, արդեն «մտել է Լոռի»։ Առաջին «պտուղները» ներկայացվում են կոնկրետ թվերով՝ 1,5 մլն, 1 մլն 350 հազար եւ 950 հազար դրամ, որոնք պետք է վճարեին Վանաձորի բժշկական կենտրոնի սրտաբանական բաժանմունքի երեք բուժառու, սակայն ապահովագրության շնորհիվ քաղաքացիները վճարել են 0 դրամ։ Մարզպետն այցելել է բժշկական կենտրոն, ծանոթացել բուժառուների վիճակին եւ կարեւորել համընդհանուր ապահովագրությունը՝ որպես հասանելի եւ որակյալ բուժօգնություն ապահովող նախաձեռնություն։ Հիանալի է, ուրախալի է։ Միայն մի ցանկություն՝ ի շահ հետագա բուժառուների․ քանի որ հանրապետությունում ապահովագրության համակարգը ծանր քայլերով է ներդրվում, եւ դժգոհությունները համատարած են, թող Լոռիում ամեն ինչ հարթ ընթանա ու դառնա դրական օրինակ մյուսների համար։ 

Մոտենում ենք ամենակարեւորին․ Լոռու մարզպետն այցելել է Սպիտակ, որտեղ փայտաշեն տնակներում ապրող 36 ընտանիքի համար կառուցվում է բազմաբնակարան շենք։ Այդ ընտանիքները Սպիտակի երկրաշարժից հետո արդեն 40 տարի սպասում են սեփական բնակարան ունենալուն։ Ծրագիրն իրոք կարեւոր սոցիալական նշանակություն ունի երկար տարիներ սպասող ընտանիքների համար, որոնք մեծացել են այս տարիներին, ճյուղավորվել։

Հաջորդ կանգառը բազմաչարչար Ալավերդին է։ Գիժ Դեբեդի վարարումների եւ ավերածությունների դառը հիշողությունը պահպանվում է շուրջ երկու տարի։ Վերջապես հերթական ընտանիքի բնակարանային խնդիրը լուծվել է՝ 5 մլն 688 հազար դրամ փոխհատուցմամբ։ Ջրհեղեղից վնասված շենքը դարձել է վթարային եւ ենթակա է քանդման։ Փոխհատուցման փաստաթղթերը հանձնել է անձամբ մարզպետ Արեն Մկրտչյանը եւ նշել. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության օրոք աղետի էպիկենտրոնում հայտնված ընտանիքները ստիպված չեն անտուն սպասել 40 տարի»։ Բնական է՝ ընտրություններ են մոտենում, եւ նման տեքստեր մենք դեռ շատ ենք լսելու։ Թափանցիկ ակնարկներ ու հիշեցումներ, քննադատություն նախկին իշխանությունների հասցեին: «Սպիտակում 36 ընտանիք 40 տարի տառապում է, իսկ մենք 2 տարում տուն ենք տալիս» ենթատեքստով։ Իհարկե, այդ քննադատության մեջ նաեւ ճշմարտություն կա՝ արդար լինենք։ Բայց ճշմարիտ չէ՞ր լինի հիշել նաեւ, որ այդ 40 տարիներից 8-ն արդեն ՔՊ-ի իշխանության տարիներն են։ Ինչո՞ւ գործընթացը տեղից չի շարժվում, հնարավոր չէ՞ր արագացնել ջրհեղեղից տուժած ընտանիքներին բնակարանով ապահովելը, եւ որքանո՞վ է այժմ մեկ ընտանիքին բնակարան տալը տեղավորվում «հրատապ օգնության» տրամաբանության մեջ։
Փառավոր լուրեր եւս կան։ Սկսվել է ձմեռային զորակոչը, անցկացվում են նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության ճանապարհելու հանդիսավոր արարողություններ։ Դրանց մասնակցում է նաեւ Լոռու մարզպետը։ Մի տեղ նա խոստացել է. «Մեկուկես տարի հետո ձեր կենացը կբարձրացվի։ Կենացից զատ՝ խոստանում եմ առանց կանգ առնելու աշխատել ձեր ու ձեր ընտանիքների համար՝ մեր երազանքի Հայաստանի կերտման գործը մտքում պահած»։ 

Եվ, իհարկե, ամենափառավոր լուրը․ «Վանաձորցի Մարիամ Ստեփանյանը համալրել է Հայոց բանակի շարքերը։ Նա մարտական սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող։ Կծառայի կանանց գումարտակում եւ ծառայության ավարտին կստանա 1 միլիոն դրամ պատվովճար (մանրամասները՝ տեսանյութում)»։ Չարչարվել չարժե՝ տեսանյութը չկա։ Միանում ենք մարզպետին ու մաղթում ենք. «Բարի վերադարձ, սիրելի զինվորներ։ Թող ձեր ծառայությունը լինի օրինակելի ու խաղաղ»։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image