Ժամանց

Մրցավարները սպանում են հայկական ֆուտբոլի ապագան․ Սանդրո Պերկովիչ (տեսսանյութ)

Մրցավարները սպանում են հայկական ֆուտբոլի ապագան․ Սանդրո Պերկովիչ (տեսսանյութ)

Խաղից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը ասուլիս է տվել և անդրադարձել հայկական ֆուտբոլի խայտառակ վիճակին։ Ասուլիսը ստորև․

«Ես եկել եմ Խորվաթիայից և այստեղ եմ  մոտ հինգ ամիս։ Եթե դուք և ամբողջ հայկական ֆուտբոլը սպասում էիք, որ ես Խորվաթիայից գամ ու ուղիղ ասեմ, որ հայկական ֆուտբոլում մեծ խնդիր կա, ապա — խնդրեմ՝ իսկապես հայկական ֆուտբոլում կա մեծ խնդիր։

Եթե սխալվում եմ, ուղղեք, բայց Մ-21 հավաքականը վերջին հինգ տարում հաղթանակ չունի։ Բոլոր երիտասարդական հավաքականները վերջին երեք տարում չեն հաղթել։ Ազգային հավաքականի իրավիճակը ևս գիտեք, վերջին արդյունքը Պորտուգալիայի դեմ՝ 9:1։

Սա պատահականություն չէ։ Այնպես չէ, որ  սա վատ օր մեզ համար և հրաշալի օր Պորտուգալիայի համար։ Սա պատահականություն չէ։ Եթե կարծում եք, որ խնդիրը ֆուտբոլիստների մեջ է, ապա՝ ոչ։ Հայաստանում կան լավ խաղացողներ, կան իրական տաղանդներ։ Ես աշխատել եմ «Դինամո Զագրեբ»-ում և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում տաղանդավոր ֆուտբոլիստ։ Խնդիրը մարզիչների մեջ էլ չէ։ Այստեղ էլ իսկապես լավ մարզիչներ կան։

Մի քանի շաբաթ առաջ ես այցելեցի Հայոց ցեղասպանության թանգարան։ Դա շատ ծանր և ցնցող փորձություն էր։ Բայց դրան զուգահեռ կար մի կարևոր, հուսադրող իրողություն։ Երբ դուրս ես գալիս թանգարանից, շոկի, տխրության և ուժեղ զգացմունքների մեջ, առաջինը, ինչ տեսնում ես` «Փյունիկի» ակադեմիան է։

Այդ կիրակի այնտեղ մոտ 150 երեխա էր ֆուտբոլ խաղում։ Ես գիտեմ, որ «Ուրարտու»-ն ունի հիանալի ակադեմիա։ Գիտեմ, որ «Նոա»-ն ունի ուժեղ և արագ զարգացող ակադեմիա։ Ես այդ երեխաներին ամեն օր եմ տեսնում, գիտեմ՝ ինչպես են աշխատում և ինչի կարող են հասնել։ Մյուս բոլոր ակադեմիաների երեխաները նույնպես ունեն իրենց ապագան։

Թանգարանում ներկայացված երեխաները, ցավոք, ապագա չունեին։ Բայց ակադեմիայում իմ տեսած երեխաները՝ ունեն։

«Հայաստանը ունի խաղացող «Ինտերում»՝ Հենրիխ Մխիթարյանը։ Իմ նախկին ֆուտբոլիստներից Սուչիչն էլ է այսօր հանդես գալիս «Ինտերի» կազմում։ Ես նրան ճանաչում եմ անձամբ, և շատ լավ գիտեմ՝ ինչ մակարդակի է ձեր ֆուտբոլիստը։
Հայաստանն արդեն ներկայացված է եվրոպական ակումբներում, իսկ «Փյունիկ», «Ուրարտու», «Նոա» ակադեմիաների երեխաները ևս ունեն ապագա։

Գիտեմ, թե ինչ է անում մեր նախագահը և իր շուրջ հավաքված թիմը մեր մարզաբազայում։ Այդ բազան լինելու է բացառիկ։ Այդ ամենը արվում է հայ երեխաների համար։ Բայց ի՞նչ կլինի, եթե մեր նախագահը, որն ունի բացառիկ միտք, ուժեղ ու հեռատես մարդ է, վաղն արթնանա և ասի. «Այսօրվա խաղից հետո ինձ սա ինչի՞ համար է պետք»։ Այսօր մեր դեմ նշանակեցին չորս 11-մետրանոց՝ չորս, և հեռացում նույն դրվագում։
Մեկ պատիժը բավարար էր։ 11-մետրանոցը պարզ էր, բայց ինչո՞ւ կարմիր քարտ։

Ես ամբողջ կյանքում ֆուտբոլում եմ և հասկանում եմ դրվագները։ Երբ ինձ համար սա խախտում է, իսկ մեկ ուրիշի համար՝ ոչ, դա կարող է պատահել։ Բայց այսօր դա մեկ-երկու անգամ չէր, այլ մոտ տասնհինգ։

Նույն մրցավարը «Արարատ»-ի դեմ խաղում, երբ հաշիվը 0:0 էր, չեղարկեց մեր գոլը՝ «խախտում» հորինելով, որը իրականում չկար։ Սա այլևս պատահականություն չէ։

«Ալաշկերտ»-ը լավ թիմ է։ Մենք նրանց դաշտում պարտվեցինք 2:0, և դա նրանց արժանի հաղթանակն էր։ Եվ եթե այսօր էլ հաղթեին՝ առաջինը ես կլինեի, ով կշնորհավորեր։ Խնդիրը նրանց մեջ չէ։

Այսպիսի մակարդակի և կրկնվող որոշումները՝ արդեն իններորդ կամ տասներորդ անգամ առաջին տուրից սկսած, հենց դրանք են խանգարում հայկական ֆուտբոլի ապագային։

Այսօր աշխարհի առաջնություն է դուրս գալիս 48 հավաքական։
Ցավոք, Հայաստանը դեռևս այդ մակարդակին մոտ էլ չէ:

Ճիշտ հասկացեք ինձ։ Ես չեմ ուզում իմ թիմի համար նույնիսկ մեկ եզրային նետում, որը մեզ չի պատկանում։ Ինչը մերը չէ՝ մեզ պետք չէ։ Բայց այս առաջնությունը պետք է լինի շատ ավելի մաքուր։ Ոչ ինձ համար՝ այդ երեխաների համար, որպեսզի նրանք ունենան ապագա։

Դժվար է հավատալ, որ այսպիսի պատմություն ունեցող երկրում, և դուք շատ լավ գիտեք՝ ինչի մասին է խոսքը, որևէ մեկը կարող է այդպես խաղալ երեխաների ապագայի հետ։

Մեր ակումբը այս տարի միակն է, որ դուրս է եկել եվրոպական խմբային փուլ։ Ում համար ենք խաղում՝ հայկական ֆուտբոլի՞, թե՞ ոչ։ Այո՝ հայկական ֆուտբոլի։ Եթե մենք կարողանանք միավորներ հավաքել, մեծ հնարավորություն կա, որ հաջորդ տարի Հայաստանի առաջնության երկրորդ տեղն ավարտած ակումբը կմեկնարկի Եվրոպայի լիգայից։ Ում համար ենք խաղում՝ հայկական ֆուտբոլի։ Այո։

Ի՞նչ ունեցանք այսօր։ Սա հարգա՞նք էր։ Չորս 11-մետրանոց, որից երեքը՝ բացարձակապես 11-մետրանոց չէին: Եվ ես անգամ չեմ խոսում առաջին խաղակեսի վերջին րոպեին մեր օգտին չնշանակված 11-մետրանոցի մասին, որ մրցավարը պարզապես չցանկացավ լսել։ Դրա մասին լռում եմ։ Խոսում եմ միայն մեր դեմ նշանակվածների մասին։

Այս առաջնությունը պետք է լինի մաքուր։ Եթե «Ալաշկերտ»-ը արժանիորեն դառնա լավագույնը՝ առաջինը ես կլինեմ, որ նրանց կմաղթի ու հաջողություն կցանկանա Եվրոպայում։ Եթե դա «Արարատ-Արմենիա»-ն է՝ նույնը։ Եթե «Ուրարտու»-ն է՝ նույնը։
Եթե «Փյունիկ»-ը՝ նույնը։» ՖԱ «Նոա»-ն շարունակելու է ապրել։ Անկախ նրանից՝ դառնանք մենք չեմպիոն, թե ոչ։ Ֆուտբոլը գործընթաց է, երկարաժամկետ աշխատանք։ Դա այն է, ինչ մենք կառուցում ենք մեր բազայում։

Դուք գիտեք իրավիճակը։ Մեր նախագահը կառուցում է նոր ստադիոն։ Ասեք, դուք այստեղից եք, վերջին անգամ ե՞րբ է Հայաստանում կառուցվել նոր ստադիոն։
Ոչ ոք չի հիշում, չէ՞։ Եվ հիմա երկիրը ունենալու է նոր, ժամանակակից, բարձրակարգ ստադիոն, որով յուրաքանչյուր հայ կհպարտանա։ Ու մի բան անհանգստացնում է․ ինչո՞ւ է թվում, որ ինչ-որ մեկն ամեն ինչ անում է, որպեսզի նման մարդը մի օր արթնանա ու ասի. «Ինձ սա ինչու՞ է պետք»։ Նա հաջողակ մարդ է, ունի ամեն ինչ՝ ընտանիք, բիզնես, կյանք։
Ի՞նչի համար է նրան պետք ֆուտբոլը, այսպիսի վերաբերմո՞ւնքի։

Եվ ևս մեկ անգամ՝ ճիշտ հասկացեք։ Ես չեմ ուզում իմ թիմի համար որևէ բան, որը մեզ չի պատկանում։ Ես ուզում եմ արդար առաջնություն՝ «Փյունիկ» ակադեմիայում տեսած երեխաների, «Նոա» ակադեմիայի երեխաների համար։ Եվ գիտեմ, որ «Ուրարտու»-ն էլ ունի ուժեղ ակադեմիա։ Այս երեխաների համար մեզ պետք է մաքուր առաջնություն։
Եթե «Ալաշկերտ»-ը առաջինն է՝ առաջինը ես կլինեմ, ով կշնորհավորի։

«Նոա»-ն ապրելու է։ Բայց այս իրավիճակը բերել է նրան, որ արդեն հինգ տարի Մ-21 հավաքականը չի կարողանում հաղթել. հինգ տարի։ Տաղանդ կա։ Լավ մարզիչներ կան։
Բայց առաջնությունը պետք է լինի մաքուր։ Ոչ ինձ համար, այլ` հայ երեխաների:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image