Այլ

Աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական եւ իսրայելա-պաղեստինյան պատերազմներից

Աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական եւ իսրայելա-պաղեստինյան պատերազմներից

Նոյեմբերի 16-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հաստատած բյուջեի ժամանակավոր օրինագիծը, որն օգնություն չի նախատեսում Ուկրաինային եւ Իսրայելին։ Սա, կարծեք, ազդանշան էր այն մասին, որ Արեւմուտքը, ԱՄՆ-ն, բովանդակ աշխարհը հոգնել են հակամարտություններից, այդ թվում՝ Գազայում եւ ռուս-ուկրաինական սահմանին շարունակվող պատերազմից։ 

Քաղաքական մակարդակով նման ակնարկներ վաղուց են հնչում աշխարհի տարբեր ուժային կենտրոններից, հանրային վերաբերմունքի առումով էլ նույն պատկերն է․ ուկրաինացի, իսկ վերջին շրջանում նաեւ իսրայելցի միլիոնավոր փախստականներին ընդունող պետությունների հասարակություններն անթաքույց դժգոհություններ ունեն այդ կապակցությամբ։

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը նոյեմբերի 21-ին սկզբունքային համաձայնության եկան, թեկուզ՝ ժամանակավորապես․ քառօրյա հրադադար է հաստատվելու, եւ երկուստեք ազատ են արձակվելու հարյուրավոր պատանդներ, ինչպես նաեւ թույլատրվում է մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված։

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը ողջունել է պատանդների ազատ արձակման եւ հրադադարի համաձայնագրի կնքումը պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման հետ։ «Այս համաձայնագիրը մեր բարոյական պարտքն է, ինչը ցույց է տալիս, որ պատանդների ազատ արձակումը չափազանց կարեւոր է Իսրայելի համար: Հուսով եմ, որ սա կլինի առաջին քայլը բոլոր պատանդների՝ հայրենիք վերադառնալու ճանապարհին»,- Հերցոգի խոսքերը մեջբերում է The Times of Israel-ը։

Ռուսաստանում վերջին շրջանում մեղմացրել են հռետորաբանությունը եւ մշտապես հայտարարում են Կիեւի հետ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ Մոսկվայի հետ քաղաքական երկխոսությունն օրենքով արգելած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնիսկ սկսել է կասկածել սեփական երկրի հաղթանակի հարցում եւ խոստովանել, որ աշխարհը հոգնել է պատերազմից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է կասկածներ ունենալ Ռուսաստանի հետ հակամարտությունում իր երկրի հաղթանակի հնարավորության հարցում՝ գրում է Die Welt թերթը։

«Զելենսկին կասկածում է, թե արդյոք իր երկիրն ի վիճակի՞ է շարունակել հարձակումը նոր պայմաններում»,- ասվում է հրապարակման մեջ։ Հոդվածագրի պնդմամբ, Ուկրաինայի ղեկավարը բազմիցս հայտարարել է Ուկրաինայի հաղթանակին հասնելու համար ամերիկյան աջակցության անհրաժեշտության մասին։ Սակայն ԱՄՆ Կոնգրեսի կողմից առանց Կիեւին լրացուցիչ օգնություն տրամադրելու միջանկյալ բյուջեի ընդունումից եւ մինչեւ հաջորդ տարվա մարտ ամիսը մեկ միլիոն արկերի մատակարարման՝ Եվրամիության անկարողությունից հետո միջազգային դիտորդների ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինացիների կարողությունների վրա՝ ասվում է հրապարակման մեջ։ Հակամարտությունից աճող հոգնածության հետ մեկտեղ, ուկրաինական բանակի կողմից հաղթանակի հասնելու վերաբերյալ կասկածները կարող են խթան դառնալ Մոսկվայի հետ բանակցություններ վարելու կոչ անողների համար՝ եզրափակել է թերթը։

Ռազմականացված եւ սպառազինությունների խելագար մրցավազքի տենդով համակված աշխարհը չի կարող հավերժ պատերազմել, որքան էլ պայքարի նպատակները փաթեթավորվեն ազգային վսեմ շահերով։ Ի վերջո, ցանկացած հակամարտություն աշխարհաքաղաքական շահերի բախման, մկանների եւ ուժի ցուցադրման սին բեմականացում է՝ սեփական ժողովրդի ու հռչակված թշնամու միլիոնավոր մարդկանց արյան ու ճակատագրի հաշվին։ 
Այո՛, պատերազմի ելքը վճռվում է մարտադաշտում, բայց դա չի կարող շրջանցել պատերազմող մարդուն՝ շարքայինից մինչեւ գեներալ։ Որովհետեւ մարտնչողը հասարակության ներկայացուցիչն է, ժողովրդի ծոցից ելած զինվորը, իսկ ոչ մի ժողովուրդ, անքակտելի փաստ է, պատերազմ չի ցանկանում եւ հոգնել է ռազմական արյունալի խաղերից։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image