Արդեն երկու ամիս է՝ «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, ով Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Հանրային ձայն» կուսակցության երկրորդ համարն էր, ընտրություններից անմիջապես հետո հայտարարեց, որ դիմում է ներկայացրել` մանդատից հրաժարվելու մասին, սակայն այդ դիմումը դեռ տեղ չի հասել` ԿԸՀ-ն այն չի քննել, նրա մանդատը կուսակցության ցուցակի հաջորդ համարին չի անցել: Ո՞րն է խնդիրը: Մեր տեղեկություններով, ավագանու 6 անդամ ունեցող կուսակցության ցուցակից ցանկացած մեկի հրաժարականի դեպքում ավագանի է անցնում Գրիգոր Հարությունյանը` «Հայրենիք» կուսակցության նախկին անդամ, որին «Հանրային ձայնում» վստահ չեն, որ կկարողանան կառավարել: Նախ, ամեն ինչ արեցին, որ վերջինս հրաժարվի մանդատից, եւ ավագանի մտնի 8-րդ համարը` Միհրան Մովսիսյանի որդին` Ալբերտ Մովսիսյանը: Երբ համոզվեցին, որ Գ. Հարությունյանը չի պատրաստվում մանդատից հրաժարվել, Ուրիխանյանի դիմումը չներկայացվեց ԿԸՀ` նախընտրեցին, որ ավագանու երկու անդամ` Արտակ Գալստյանն ու Տիգրան Ուրիխանյանը, չմասնակցեն նիստերին, քան թե նոր գլխացավանքներ ստեղծեն` առանց այն էլ պրոբլեմատիկ խմբակցությունում: Տիգրան Ուրիխանյանի դիմումը չներկայացնելու պատճառը հենց դա է, թեեւ խմբակցության անդամները հայտարարում են, թե ամեն ինչ անում են, որ նրան բերեն Հայաստան, եւ նա անձամբ մասնակցի նիստերին:
Ուրիխանյանը մեզ ասել էր, որ իրեն բացառապես իշխանափոխությունն է հետաքրքրում, եւ ինքը Երեւանի ավագանիում իրեն չի պատկերացնում: Երեկ մենք մի քանի հարց ուղղեցինք նրան։
- Դուք դեռ սեպտեմբերին դիմել էիք ԿԸՀ` մանդատից հրաժարվելու համար, սակայն մինչեւ հիմա Ձեզ մանդատից չեն զրկել: Մենք տեղեկություն ունենք, որ խնդիրն այն է, որ թիմում չեն ցանկանում Գրիգոր Հարությունյանին տեսնել:
- Թե ինչու մանդատից չեն զրկում, այդ հարցը պետք է ուղղեք կա՛մ ԿԸՀ-ին, կա՛մ Երեւանի քաղաքապետարանին, կա՛մ էլ խմբակցությանը: ԿԸՀ դիմում ներկայացրել եմ սեպտեմբերի 27-ին: Ինչ վերաբերում է ինձնից հետո եկողին, ես շատ հեռու եմ նման խոսակցություններից, չունեմ նման տեղեկություն, հետեւաբար՝ չեմ կարող մեկնաբանել: Ընդամենը դա կարող եմ ասել:
- Մենք նաեւ տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի հետ եք խոսել` հեռավար կարգով ավագանու նիստերին մասնակցելու հնարավորության մասին:
- Ես ոչ մի առնչություն չունեմ, անգամ չգիտեմ, թե ում մասին է խոսքը, չեմ էլ ցանկանում իմանալ: Որեւէ առնչություն չեմ ցանկանում ունենալ հայաստանյան որեւէ պաշտոնյայի հետ, որեւէ իշխանականի հետ:
- Իսկ չե՞ք փորձում ինքներդ ճշտել, թե ինչու է մանդատից Ձեզ զրկելու հարցն այսքան ձգձգվում:
- Դա ինձ չի հետաքրքրում: Ես ավագանու կազմում չեմ լինելու, բացառված բան է: Քննարկման ենթակա չէ: Նոտարով հաստատված հրաժարականն էլ` թե՛ բացարկի փուլում եւ թե՛ մանդատից հրաժարվելու համար, վաղուց ուղարկված է: Կարող եմ անգամ դիմումի տեքստը Ձեզ ուղարկել: Մնացած ոչ մի հարց իմ տիրույթում չէ:
- Ինչո՞ւ եք որոշել չվերցնել մանդատը:
- Որովհետեւ ինձ նման պրոցեսները չեն հետաքրքրում: Ոչ մի դիրք, ոչ մի պաշտոն ինձ պետք չէ, քանի կա «պրիդուրոկ» Նիկոլը, եւ նրա լակոտական իշխանությունը չի հեռացել: Իմ մասնակցությունն ընտրություններին հետապնդում էր միայն իշխանությունների հեռացման նպատակ:
- «Հանրային ձայն» կուսակցությունից չե՞ն փորձում համոզել, որ վերցնեք մանդատը:
- Մենք ամենասկզբից ունեցել ենք պայմանավորվածություն այն մասին, որ իմ մասնակցությունն ունի միայն հակաիշխանական բնույթ: Ուստի ես ավագանու կազմում լինել չէի կարող:
- Օրենքը նման դեպքերում ի՞նչ է ասում: Փաստորեն, երկու ամիս է՝ ԿԸՀ-ն Ձեր դիմումը չի քննարկում, Ձեզ մանդատից չի զրկում:
- Ենթադրում եմ, որ այդ ամենից օգտվում է քաղաքային իշխանությունը, առանձնապես չի էլ հետաքրքրում: Օդում պահում են մի չմասնակցող մանդատ, սա իմ ենթադրությունն է: Օրենքն ասում է, որ մեկ նստաշրջանի բացակայության դեպքում պետք է զրկել մանդատից ավագանու անդամին:
- Քաղաքային իշխանությունների ինչի՞ն է պետք Ձեր մանդատը:
- Ես չգիտեմ, ենթադրում եմ: Մեկ ընդդիմադիր եթե պակաս լինի, կարող են որոշ նախագծեր հաստատել, այսպիսի հարցեր: