ՀՊՏՀ դասախոս, տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ Ակադեմիական քաղաքի չարաբաստիկ ծրագրին․
«Ակադեմիական քաղաքի ծրագիրը բոլոր առումներով անհիմն, ժամանակավրեպ, ոչնչով չհիմնավորված և որևէ ռեսուրսով չապահովված, անցյալ դարի 50-70-ական թվականների իրողությունների հետ համադրվող ծրագիր է, եթե այն կարելի է ծրագիր անվանել։ Դասական համալսարանների մոդելները մնացել են 20-րդ դարում, ժամանակակից համալսարանները հետդասական, ինովացիոն համալսարաններ են, որոնք ապակենտրոնացվածություն են պահանջում, և ոչ թե` «համալսարանական գետտոներ» ստեղծել, այսինքն՝ բոլորին հավաքել, քշել մի տեղ, ցանկապատել, ասել՝ դե դուք ակադեմիական քաղաք եք, զարգացեք։
Ժամանակակից աշխարհը ապակենտրոն է, ցանցային է, և Ալեքսանդր Թամանյանը հիմար չի եղել, որ դեռ 100 տարի առաջ է նայել, ծրագրել ու գծագրել, և այն, որ բուհերն այսօր տեղաբաշխված են քաղաքի Մեծ Կենտրոնում, դա ինքն իրենով ակադեմիական քաղաք է, որը պարզապես պետք է մոդեռնիզանցնել, ժամանակակից շունչ տալ, դարձնել ինովացիայի զարգացման, երկրի արդիականացման պահանջներին համապատասխան։ Բայց ինչպես երևում է՝ մարդիկ, որոնք այսօր ղեկի մոտ են, այդ ըմբռնումներից շատ ու շատ հեռու են։ Որևիցե մեկը չեկավ ու ակադեմիական շրջանակների հետ չքննարկեց այդ թեման։ Ամենացավալին ակադեմիական ոլորտը ոչնչացնելու համատեքստն է․ ձեզ կքշենք, կհանենք այդ շենքերից, Շահումյանի գերեզմանատան կողքի՝ Նազարբեկյան թաղամասում կդառնաք Սորբոն, Քեմբրիջ և այլն։ Այդպես չի լինում, դա շատ ռեսուրսատար ծրագիր է, իմ հաշվարկներով 4.5-ից 6 միլիարդ դոլարի ներդրում է պահանջում է ընդամենը մի քանի բաղադրիչների ձևավորումը, էլ չեմ ասում ահռելի այս համակարգը արմատախիլ անելն ու մի տեղ հավաքել փորձելը»,- ասաց Մարգարյանը։