Դերասան Սերգեյ Դանիելյանն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը դատական հայց են ներկայացրել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի դեմ։
Քաղաքացիական հայցերի հիմք են հանդիսացել, ըստ նրանց, պատգամավորի կողմից իրենց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունները։
Պերոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց․ «Իբր թե ես վիրավորել եմ իրենց եւ՛ իմ գրառումներով, եւ՛ հրապարակային ելույթներով։ Դե որ Դանիել Իոաննիսյանին ասել եմ՝ նա իրավաբանորեն անգրագետ է, ինքը ժողովրդի աչքին իրավապաշտպան ձեւանալու անհաջող փորձ կատարեց եւ ասեց, որ ես առանց դիմակի գնացի, նստեցի ավտոմեքենան,ճիշտ է ինձ ոստիկան չպատահեց, բայց ես պետք է գնամ հայտարարություն տամ, որ տուգանեն․ սա լրիվ խելագարության կանխավարկած էր եւ անգրագիտության, մեկ էլ որ ասել եմ՝ «արա՛, այ տղա»։ Հիմա էլ եմ պնդում, որ ինքը «արա՛, այ տղա» է, ես դրա բացատրությունը կտամ»։
Ինչ վերաբերում է դերասանի հայցի հիմքին, մասնավորապես, թե ո՞ր արտահատությունն է նա վիրավորանք դիտարկել, պատգամավորը պատասխանեց․ «Սերգեյ Դանիելյանն էլ հայտարարություններ էր արել «Բարգավաճ Հայաստանի» եւ Գագիկ Ծառուկյանի հասցեին, ես էլ իրեն անվանեցի «բեմի համբալ», եւ դրա բացատրությունն էլ կարող եմ տալ դատարանում։ Ես պարզապես զարմանում եմ, որ այս մարդիկ առանց ամաչելու, մոռանալով իրենց անցյալը բարոյականությունից են խոսում։ Սերգեյ Դանիելյանն ու Ազգային ժողովի ամենահռչակավոր փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իրենց զրույցում խոսում են իմ մասին եւ այնտեղ Սերգեյ Դանիելյանն ասում է՝ սա իմ համար փող աշխատելու միջոց է, կաֆելը կփակեմ։ Հասկանո՞ւմ եք այդ մարդու բարոյականությունը , երբ իրենց պատվին ուզում է փոխանակի կաֆելի հետ, այսպիսի մարդկանց հետ մենք գործ ունենք։ Ինչ-որ ես ասել եմ, ճիշտ եմ ասել, ոչ մի արահայտության համար չեմ զղջում, ինչպես միշտ, կգա դատական գործընթացը, ես իմ բոլոր ասածները կհիմնավորեմ։ Պարզապես դրանք պիտի նամուս ունենան, ընդհանրապես իրենց մասին հիշեցնել չտան, բայց նամուսն ո՜ւր, իրենք ո՜ւր»։
-Հայցերը միաժամանակ են ներկայացրե՞լ։
-Չէ, տարբեր ժամանակ, ինչպես միշտ Դանիել Իոաննիսյանը, իրավաբանությունից անգրագետ մարդ, իր հայցադիմումը մի քանի անգամ հետ է ուղարկվում՝ թերությունների պատճառով։ Նա մի քանի ամիս առաջ է ներկայացրել, իսկ չակերտավոր դերասանը, որովհետեւ ես դերասան ասելով Մուրադ Կոստանյան նկատի ունեմ, Կարպ Խաչվանքյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Ազատ Գասպարյան, Ազատ Շերենց նկատի ունեմ, դերասանները նրանք են եղել։ Սա բեմում աշխատում է պարզապես իր վրա ծիծաղեցնող։ Եթե մի տղամարդ ի վիճակի է մի քանի կոպեկի համար ամբողջությամբ մերկ նկարվի, ես այդպիսի մարդուն դերասան չեմ համարում։ Ինքը փչացնում է դերասանի կերպարը, դերը խաղալիս պետք է հաշվի առնվի մեր ազգային մենթալիտետը, մեր արժեհամակարգը, սրանք լրիվ անցել են այդ արժեհամակարգի վրայով։ Ես դրա համար չեմ կարող հարգանք ունենալ այդպիսի «բեմի համբալների» նկատմամբ։ Այինքն՝ «համբալ» ի՞նչ է նշանակում․ առանց որակավորման տարաբնույթ աշխատանքներ կատարող անձ։ Քանի կար ինքը «ՔԱՔ» կուսակցություն էր հիմնում, հետո ինչ-որ խառնվել է քաղաքականությանը։ Այ տղա, դու դերասա՞ն, թե՞ քաղաքական գործիչ, ասա իմանանք, թե քո հետ ոնց վարվենք։ Եվ այսպիսի մարդն առանց ամաչելու դատի է տալիս՝ պատիվ եւ գումար պահանջելով, որ իր կաֆելները նորոգի։
-Պահանջը ո՞րն է։
-Երկուսն էլ պահանջում են 1 միլիոն դրամ եւ ներողություն խնդրել։ Իրենք ոչ մեկը չեն ստանալու։ Իմ արտահայտությունների մեջ վիրավորանք չկա, կա իրերն իրենց սահմանումններով անվանում, իսկ ինչ վերաբերում է ներողություն խնդրելուն, դա իրենց երազում անգամ չեն կարող տեսնել։
-Վարույթ ընդունվե՞լ են հայցերը։
-Այո։ Մի անգամ Դանիել Իոաննիսյանի հայցադիմումը անգրագիտության պատճառով հետ է ուղարկվել, հետո մի երկու ամիս անց ընդունվել է վարույթ։ Իսկ Սերգեյ Դանիելյանինն էլ ուղղորդել է Ալեն Սիմոնյանը, երեւի ինքն է ֆինանսավորել, որ ինձ դատի տա, որովհետեւ ես համարվում եմ իր ամենաառաջին հակառակորդներից մեկն․ իր կածիքով։
-Նիստի օրերը հայտնի՞ են։
-Չէ, դեռ ընդամենը վարույթ ընդունելու որոշումներն եմ ստացել, դեռ դատական նիստի ծանուցագիր չի եկել։