Հասարակություն

«Հրապարակ». Առողջ երիտասարդներին ոստիկան սարքեցին, մնացին հաշմանդամներն ու հարբեցողները

«Հրապարակ». Առողջ երիտասարդներին ոստիկան սարքեցին, մնացին հաշմանդամներն ու հարբեցողները

«Շիրակ կենտրոն» ՀԿ տնօրեն Վահան Թումասյանը, որը երկար տարիներ զբաղվել է Շիրակի մարզի անապահովների խնդիրներով, լուրջ չի վերաբերվում կառավարության վերջին աղմկահարույց նախաձեռնությանը՝ եկամուտների համատարած հայտարարագրմանը։ Նա կարծում է, որ գյուղերում այդ օրենքը եթե անգամ աշխատի, մեծ վնաս է բերելու մարդկանց։  

«Հնարավոր է` Երեւանում, որտեղ բազմազան աշխատաշուկա է, բայց Գյոմրիում ու գյուղերում աշխատանք չկա։ Հարյուրավոր մարդկանց գիտեմ, ովքեր օրավարձով են աշխատում, ո՞նց են նրանք հայտարարագրելու իրենց եկամուտները։ Եթե այս ճանապարհով բոլորին ֆիքսելու են, հսկողության տակ են վերցնելու, օրավարձով աշխատաշուկան էլ կփլվի։ Բոլորը, ում հանդիպում եմ, բողոքում են այս ամբողջ պրոցեսից։ Կան բազմաթիվ մարդիկ, որոնք մի կերպ յոլա են գնում օրավարձով աշխատանքով։ Իրենք իրենց գլուխը մի կերպ պահում էին, հիմա սրանք ի՞նչ հայտարարագրեն»։     

Շիրակի մարզի անապահով բնակչության կյանքի հետընթացի հետ կապված՝ Թումասյանն իր դիտարկումներն ունի։ Նա ասում է, որ 30 տոկոսով այս տարի կրճատվել է աշնանացանը։ «Էս տարի նախորդի համեմատ 30 տոկոս պակաս է մշակվել։ Եթե խորհրդային շրջանում մի տոկոս գոնե պակասեր, շրջանների, գյուղերի ղեկավարներին գործից հանում էին։ Հիմա 30 տոկոսով քիչ են հացահատիկ ցանել, ու ոչ մեկի պետքը չէ։ Հիմա մարդիկ գյուղերից արտագաղթում են Երեւան, վարձով մի կերպ ապրում են։ Բա ուրիշ ի՞նչ անեն, եթե երեխան սոված է, անասնապահության համար պայմաններ չկան։ Էս մարդիկ ի՞նչը հայտարարագրեն, եթե մի կերպ օրավարձով-բանով իրենց գլուխն են պահում։ Անգամ հացի սպառումը գյուղական խանութներում այս տարի կրճատվել է։ Մարդիկ սովորական հաց չեն կարողանում առնել»,- ասում է Վահան Թումասյանը։ 

Այսօր միտումն այն է, որ նպաստի ինստիտուտն աստիճանաբար վերացնեն, որ նպաստառու աշխատունակ մարդկանց գործի տեղավորեն, նոր անապահովության համակարգ են այս օրերին ներդնում, որի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մարդը նպաստ ստանալու է․ եթե ուզում է աշխատանքի տեղավորվել, նպաստ ստանալու դիմումը դիտարկվելու է որպես աշխատանքի ընդունվելու հայտ: Այս ծրագրերին ինչպե՞ս եք վերաբերվում՝ հարցրինք Թումասյանին։

«Դու պետք է աշխատատեղ ստեղծես, որ նպաստի ինստիտուտը կամաց վերացնես։ Չնայած, ես չգիտեմ երկիր, որը չունենա էս համակարգը։ Ես կարծում եմ, որ բյուջեն ուզում են խնայել, չգիտեն էլ ինչ անեն։ Եթե մտքիդ դրել ես նպաստի ինստիտուտը վերացնել, նախ պետք է աշխատանք ստեղծել, որ մարդը կարողանա իր կարիքները հոգալ։ Շեն գյուղերը, որոնք նույնիսկ մութ ու ցուրտ տարիներին կարողանում էին գոյատեւել, էսօր հաց չունեն։ Գյուղի առողջ երիտասարդներին տարան, ոստիկան սարքեցին, մնացին հաշմանդամներն ու հարբեցողները։ Ես գիտեմ շատ մարդկանց, որոնց պետք է նպաստ տան, բայց նրանք չեն գնում գրանցվեն, չեն հավատում, որ լավ բան կլինի։ Նախկինում պետությունը, որպես սոցիալական աջակցություն, գազ էր տալիս, որոշակի քանակի ցախ էին տալիս, հիմա ոչինչ չեն անում։ Դրել են` ով մի քանի կոպեկ ստացել է, ասում են՝ գնա հաշվետվություն տուր։ Դրա համար աջակցության ծրագրերին  լուրջ չեմ վերաբերվում»,- ասում է «Շիրակ կենտրոնի» ղեկավարը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image