Քաղաքականություն

Փաշինյանի քարոզած Նոր Հայաստանը Yeni Azərbaycan-ի կրկնօրինակն է

Փաշինյանի քարոզած Նոր Հայաստանը Yeni Azərbaycan-ի կրկնօրինակն է

Շատերը փորձում են բացատրել, թե ինչու Եվրոպայի որեւէ պաշտոնյա այդպես էլ չանդրադարձավ Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու օրենքի ընդունմանը, ո՛չ ողջունեցին, ո՛չ աջակցություն հայտնեցին Հայաստանի ձգտումներին: Բացատրությունն այն է, որ ԵՄ-ում չեն ցանկանում, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հասկանում են, որ դա անիրագործելի է, կամ չեն վստահում ՀՀ իշխանության եվրոպական ձգտումներին, մտածում են, որ նրանք մի բան ասում են, այլ բան անում: Ասվածի մեջ ճշմարտություն կա, բայց դա ամբողջական չէ: ԵՄ-ում տեսնում են, որ Հայաստանը հետեւողականորեն դառնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հսկողության տակ գտնվող տարածք, իսկ իրենք չեն կարող Հայաստանը ԵՄ տանել՝ առանց այդ երկրների կարծիքը հաշվի առնելու, Հայաստանի ԵՄ անդամակցությունը հնարավոր է միայն այդ երկրները ԵՄ ընդունելու դեպքում, իսկ իրենք չեն պատրաստվում Թուրքիա-Ադրբեջան զույգին ԵՄ տանել: Որ Հայաստանը դառնում է Ադրբեջանին ենթակա տարածք, դժվար չէ գլխի ընկնել, եթե ուշադիր հետեւենք, թե ինչ գաղափարախոսություն է որդեգրել Նիկոլ Փաշինյանը, ինչ է քարոզում իր հետեւորդներին՝ փորձելով դա փաթաթել ողջ հասարակության եւ երկրի վզին: 

Նիկոլ Փաշինյանը Նոր Հայաստանի ջատագով է. կառավարության նիստում, կուսակցական ժողովների , թե հատուկ իր պատվերով «ժողովրդի հետ» հանդիպումների ժամանակ, որտեղ հավաքվում են նախապես ստուգված եւ հրահանգավորված «ժողովրդի» ներկայացուցիչներ, նա խոսում է նոր Հայաստանի մասին: Թվում է, թե նոր տերմին է մոգոնել` «Նոր Հայաստանի գաղափարախոսություն»: Ամենայն հավանականությամբ, հաջորդ ընտրություններին նա կարող է մասնակցել նոր Հայաստանի գաղափարախոսությամբ, եւ տրամաբանական կլինի, եթե իր ղեկավարած կուսակցության անվանումն էլ փոխի`«Քաղաքացիական պայմանագրի» փոխարեն դնելով «Նոր Հայաստան»: Ի վերջո, հասարակությունը խզել է իր եւ իր թիմի հետ 2018-ին կնքված քաղաքացիական պայմանագիրը՝ տարբեր ընտրությունների ժամանակ չքվեարկելով եւ մերժելով իրենց: Ավելի ճիշտ՝ իրենք են խզել պայմանագիրը, չկատարելով պայմանագրի կետերը․ տվել են խոստումներ, որոնք ոչ միայն չեն կատարվել, այլեւ արվել է տրամագծորեն ճիշտ հակառակը, հասարակությունն էլ համարժեք պատասխան է տվել: 

Նիկոլ Փաշինյանն ինքը չի հորինել «Նոր Հայաստան» տերմինը եւ ինքը չէ դրա հեղինակային իրավունքի տերը, նա այն փոխառել է Ադրբեջանից, կամ նրան ուղղակի պարտադրել են, որպես ադրբեջանական հերթական պահանջ` կառավարության եւ կուսակցության գաղափարախոսություն հռչակել «Նոր Հայաստանը»: Ի վերջո, «Նոր Հայաստանի» գաղափարախոսությունը ենթադրում է Ադրբեջանի եւ դրա իշխանության կողմից ներկայացվող բոլոր պահանջների կատարում` լինեն դրանք տարածքային, թե օրենսդրական: Փաշինյանն Ադրբեջանի պահանջով անգամ երկրի Սահմանադրությունն է պատրաստվում փոխել, որ կարողանա հրաժարվել Անկախության հռչակագրից եւ Սահմանադրության մեջ դրա մասին հիշատակումից: Հնարավոր է, որ Հայաստանի Հանրապետության անվանումն էլ փոխվի` Նոր Հայաստան:
Փաշինյանը «նոր Հայաստանը» փոխառել է Ադրբեջանից. Ադրբեջանում կառավարող կուսակցությունը կոչվում է Նոր Ադրբեջան` «Yeni Azərbaycan»: Այս կուսակցությունը ստեղծել է Ադրբեջանի այսօրվա նախագահ Իլհամ Ալիեւի հայրը՝ Հեյդար Ալիեւը`1992 թվականին, իսկ 1993-ին այդ կուսակցությունը եկել է իշխանության եւ մինչեւ հիմա գտնվում է իշխանության ղեկին: Հայաստանում «նոր Հայաստանի» գաղափարախոսության տարածումը կարող է լինել կապիտուլյացիայի պայմաններից մեկը:

Երբ որեւէ երկիր նվաճվում է որեւէ այլ երկրի կողմից, ապա նվաճված երկրում փոխվում է իշխող գաղափարախոսությունը, իսկ քաղաքական համակարգը համապատասխանեցվում է իշխող երկիրի գաղափարախոսությանը: Օրինակ, երբ Սովետական Ռուսաստանը գրավեց Հայաստանը, Հայաստանում իշխանության եկավ Կոմունիստական կուսակցությունը, եւ իշխող գաղափարախոսություն հռչակվեց կոմունիզմը, միայն այն տարբերությամբ, որ Հայաստանում այն կոչվում էր Հայաստանի կոմունիստական կուսակցություն: Հիմա նույնը Հայաստանի դեպքում է. Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանում իշխող գաղափարախոսություն հռչակվի նոր Հայաստանի գաղափարախոսությունը եւ այն Ադրբեջանի օրինակով կոչվի Նոր Հայաստան` Yeni Ermənistan: 

Ի՞նչ է իրենից ներկայացնում նոր Հայաստանի, ավելի ճիշտ՝ Yeni Ermənistan-ի գաղափարախոսությունը` հրաժարում Արցախից եւ արցախահայության իրավունքներից, հրաժարում Ադրբեջանի հսկողության տակ գտնվող ՀՀ տարածքները հետ վերադարձնելուց, հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարից` կասկածի տակ դնելով ցեղասպանության իրողությունը, Ադրբեջանի բոլոր պահանջների հետեւողական կատարում:

Փաշինյանի քարոզած նոր Հայաստանը Հայաստանն Ադրբեջանին ամբողջությամբ ենթարկեցնելու մասին է, Հայաստանից Yeni Ermənistan ստանալը: Եվրոպացիներն էլ տեսնում են, որ Հայաստանը ոչ թե ԵՄ-ին միանալու գործընթաց է սկսել, այլ շուտով կավարտի Ադրբեջանին միանալու գործընթացը: Նրանք երեւի սպասում են, որ հենց դա ավարտին հասցվի, նոր հանդես գան ողջույնի եւ քաջալերանքի խոսքերով:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image