Հիմա հասկացա՞ք, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշում եւ ձվածեղ անում․ որ կարողանա հայտարարել, որ հեծանիվ քշողն ու ձվածեղ անողը չի կարող բռնապետ լինել: Նմանօրինակ պնդում նա արեց իր վերջին ներընտանեկան փոդքաստի ժամանակ՝ ընդհանրացնելով. «Սրանք սիմվոլիզմ են, վերջիվերջո»: Դրանք հնարավոր է սիմվոլիզմ են, բայց խորհրդանշում են իր ռեժիմի բռնապետական էությունը եւ ոչ թե հակառակը: Քանի որ Փաշինյանն անգրագետ է եւ, հետեւաբար, պատմություն չգիտի, չգիտի նաեւ, որ հենց բռնապետերն են իրենց ազատ ժամանակը լրացնելու համար նման եւ ավելի զարմանահրաշ հիմարություններով զբաղվել: Ոչ մի ժողովրդավար առաջնորդի մտքով չի անցնի անգամ՝ ինչ-որ հիմարությամբ զբաղվել, որ հետո կարողանա դա ներկայացնել իբրեւ իր ժողովրդավար լինելու ապացույց: Փորձենք մեր ժամանակների եւ անցյալի բռնապետերի օրինակով ցույց տալ, թե ինչպես են նրանք փորձել ժողովրդավարական իմիջ ձեւավորել, ինչը, սակայն, նրանց ռեժիմը որեւէ կերպ չի դարձրել ժողովրդավարական:
Նիկոլ Փաշինյանի սիրելի բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոն եւս շատ ժողովրդական հետաքրքրություններ ունի: Նա սիրում է կացնով փայտ կոտրելու մրցաշարեր կազմակերպել եւ անձամբ մասնակցել դրանց: Հավաքվում են ամենատարբեր տարիքի եւ սեռի մարդիկ, դնում են կոճղեր եւ սկսում մրցել, թե այդ կոճղերից ով ավելի արագորեն եւ հմտորեն վառարանի փայտ կստանա: Երբ ինչ-որ մեկը թերանում է այդ գործում, առաջնորդն ինքն է վերցնում կացինը եւ մաստեր կլաս ցուցադրում: Հետո էլ հայտարարում է, որ եթե Արեւելյան Եվրոպայի իրենց հարեւաններն էներգետիկ ճգնաժամի մեջ հայտնվեն, Բելառուսը պատրաստ է նրանց ցրտահարվելուց փրկելու համար փայտ մատակարարել: Մարդը, փաստորեն, ոչ միայն ժողովրդավար է, այլեւ՝ մարդասեր: Լուկաշենկոն սիրում է տրակտոր վարել եւ անձամբ կարտոֆիլ հանել հողից: Կարող է, չէ՞, նա էլ հայտարարել, որ կացնով փայտ կոտրողը, հասարակ մարդկանց հետ տրակտոր վարողն ու հողի մշակը չի կարող բռնապետ լինել: Բայց դրա փոխարեն նա վերջերս հայտարարեց, որ ավելի լավ է Բելառուսը բեռնապետական երկիր լինի, քան Ուկրաինայի նման ժողովրդավարական: Լուկաշենկոն նկատի ուներ, որ ավելի լավ է իր ղեկավարած երկիրն անվանեն բռնապետական, բայց այդ երկիրը զարգանա եւ լինի անվտանգ, քան անվանեն ժողովրդավարական, բայց այդ երկրում մարդիկ հարյուր հազարներով զոհվեն, 10 միլիոնից ավելի մարդ փախչի երկրից, իսկ երկիրն էլ դառնա ավերակ, այն, ինչ Հայաստանի հետ անում է իրեն ժողովրդավար հռչակած Փաշինյանը:
Թուրքմենստանի արդեն նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որն իշխանությունը ֆորմալ փոխանցել է որդուն, բայց շարունակում է նրա անունից կառավարել երկիրը, Նիկոլ Փաշինյանից ավելի «ժողովրդավար» է: Նա ոչ թե ձվածեղ է պատրաստում, այլ երգեր է գրում եւ ինքն էլ կատարում իր երգերը: Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, նա չի ստիպում իր ենթականերին կամ իրեն շողոքորթել ցանկացողներին՝ իր հետ հեծանիվ քշել, այլ ստիպում է ներկա գտնվել իր համերգներին եւ ընդամենը ոգեշնչված ծափ տալ: Ընդունեք, որ ավելի մարդասիրական մոտեցում է: Կարող էր, չէ՞, Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել` ինչպե՞ս կարող է երգ գրող, կիթառը ձեռքին երգող եւ իր ժողովրդին ուրախացնող մարդը բռնապետ լինել: Բայց նա այնքան համեստություն ունի, որ երբեք նման բան չի ասել:
Մենք, իհարկե, չենք կարող որեւէ կերպ համեմատել նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին Նիկոլ Փաշինյանի հետ, քանի որ Հիտլերն արժեքային կայուն համակարգ ունեցող մարդ էր եւ իր ղեկավարած երկրի պարտությունը չֆիքսելու ու ստորացուցիչ կապիտուլյացիա չստորագրելու համար գերադասեց ինքնասպան լինել եւ ոչ թե կապիտուլյացիա ստորագրելուց հետո ձվածեղ սարքել ու հեծանիվ քշել, բայց իբրեւ իսկական բռնապետ՝ նա էլ ուներ իր թուլությունները․ սիրում էր դիտել Չարլի Չապլինի ծիծաղաշարժ ֆիլմերը եւ Դիսնեյի նկարահանած Միկի Մաուսի մասին պատմող մուլտերը: Պատկերացնո՞ւմ եք` ինչ ժողովրդավար էր միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ դարձած այդ հրեշը, որին Նիկոլ Փաշինյանը չի կարող հասնել՝ իր զբաղեցրած պաշտոնի ընձեռած համեստ հնարավորությունների պատճառով: Մի՞թե Չարլի Չապլին եւ Միկի մկնիկին սիրող մարդը կարող է բռնապետ լինել, թվում է, թե ոչ, բայց արի ու տես, որ եղել է, այն էլ՝ ինչպիսի:
Փաշինյանը երեւի չգիտի, որ միայն հեծանիվ քշելը եւ այդ գործում ռեկորդներ սահմանելը չէ, որ համարվում է ժողովրդավարության խորհրդանիշ: Այսօրվա Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հայրը` Հյուսիսային Կորեան 1994-2011 թթ․ ղեկավարած Կիմ Չեն Իրը, սիրում էր բոուլինգ խաղալ եւ միշտ հաղթում էր՝ հավաքելով հնարավոր միավորներից առավելագույնը, իսկ երբ նա սկսեց գոլֆ խաղալ, հենց առաջին օրը հայտարարեց, որ համաշխարհային ռեկորդ է սահմանել: Իմ սիրելի հերոս, 1971-79 թվականներին Ուգանդայի նախագահ աշխատած Իդի Ամինը ոչ թե ձվածեղ էր ուտում, այլ օրական մինչեւ 40 նարինջ: Հնարավոր է, որ նրան այդքան էլ դուր չէր գալիս այդ գործը, բայց մարդը գնում էր նման զոհողության` հանուն իր երկրի «ժողովրդավարական» իմիջի:
Ինչո՞ւ են բոլոր բռնապետերը տարվում ամենատարբեր հիմարություններով եւ փորձում դա ներկայացնել որպես ժողովրդավարության ապացույց: Հոգեբաններն ու կենսագիրնեըը պնդում են, որ երբ երկրի ղեկին հայտնված մարդը բացարձակ իշխանություն է ստանում, կորցնում է իրականության զգացողությունը, կապը առողջ բանականության հետ եւ ստիպում է, որ նրա շրջապատում գտնվող մարդիկ ոչ թե ասեն այն, ինչ իրականում մտածում են իր ասածների եւ արածների մասին, այլ ընդհակառակը՝ գովերգեն իր ցանկացած անհեթեթ խոսքը կամ անօգուտ, վնասակար արարքը, դրանք համարեն նրա ունեցած հանճարի դրսեւորում, համաշխարհային քաղաքակրթության գլուխգործոց:
Իրականության հետ կապը խզած մարդը դառնում է, ռուսերեն ասած՝ самодур, որը հայերեն թարգմանվում է «մանր բռնակալ»: Այո, Նիկոլ Փաշինյանն իրականում самодур է` մանր ու ճղճիմ բռնակալ: Ի տարբերություն հզոր երկրների բռնակալների, Հայաստանի չափերն ու միջազգային հարաբերություններում ունեցած կարգավիճակը նրան թույլ չեն տալիս լինել իրական բռնապետ: Նա չի կարող Հռոմի կայսր Կալիգուլայի նման իր ձիուն հռոմեական սենատոր դարձնել, բայց կարողացել է իր ուսապարկին ԱԺ պատգամավոր դարձնել, այն էլ ոչ թե մեկ հատի, այլ՝ տասնյակների: