Հարցազրույց

Հայաստանում այլևս կա երկիշխանություն և իրենք պիտի հեռանան 

Հայաստանում այլևս կա երկիշխանություն և իրենք պիտի հեռանան 

Hraparak.am- ը զրուցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հետ:

- 20 օրից ավելի է մայրաքաղաքում իրականացվում են բողոքի տարբեր ակցիաներ։ Խնդրում եմ՝ գնահատեք այս 20 օրվա ընթացքը և ամփոփեք, թե ինչ ուղի է անցել պայքարը, ինչից է սկսվել և ուր է հասել այսօր։

- Մինչև մայիսի 1- ը գիտեք, որ 4 ուղղություններով մեկնարկել էր քայլերթ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից: Եվ ընդհանուր առմամբ այս ընթացքր կարելի է գնահատել որպես՝ այսպես ասած լայն հանրությանը իրազեկելու գործընթաց: Մեր ակցիաների ընթացքում հստակ արձանագրել ենք, որ  ունեցել ենք ակցիայի մասնակիցների թվի ընդհանուր աճ: Եվ սա դրական կարելի է գնահատել: Բայց պետք է փաստենք, որ դեռևս պետք է այս գործողությունները շարունակել, որովհետև այն կրիտիկական զանգվածը, որ մարդկանց թիվը կարող է իշխանություններին ստիպել հրաժարական տալու դեռևս չի հավաքվել, բայց մենք այդ ճանապարհին ենք:

- Ովքեր են միացել շարժմանն այս օրերին և ինչու։ Ովքեր չեն միացել և ինչու։

- Շարժմանը միացել են բազմաթիվ քաղաքացիներ, մշակութային գործիչներ, տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Եվ  բացի դա, շարժման շարքերում երթերի ժամանակ, հանրահավաքներին, ես առիթ ունենում եմ շփվել մարդկանց հետ՝ կան բազմաթիվ պետական ծառայողներ, որոնք ներկա են շարժմանը: Պակաս կարևոր չի Սփյուռքի աջակցությունը այս շարժմանը՝ թե՛ Հայաստան գալով և ֆիզիկապես մասնակցելով, և թե՛ էկրաններով ենք ցույց տալիս Սփյուռքի տարբեր գաղթօջախներից տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք իրենց աջակցության խոսքն են ասում: Չի միացել բնականաբար այն շրջանակը, որն ուղղակի կապված է օրվա իշխանությունների հետ, և մարդիկ, որոնք ցավոք սրտի, այս ողջ ընթացքում այս իշխանությունների սուտ ու կեղծիքն են տեսել և այնքան են հիասթափված, որ այդ հիասթափվածությունը անտարբերության է վերածվել: Մեր այսօրվա խնդիրը՝ այդ գործողությունները, բողոքի ակցիաները, բացատրական աշխատանքները հենց միտված են  հանրության այդ հատվածին, որպեսզի բացատրենք, համոզենք մարդկանց, որ այս պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ մեր երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու: Այս պայքարը համաժողովրդական պայքար է հանուն հայրենիքի, այսինքն սա ստանդարտ քաղաքական իշխանությունից իշխանության փոխելու պայքար չի: Այսօրվա իշխանությունները հանդիսանում են մեր երկրի հիմնական սպառնալիքը: Ես կարծում եմ, որ մոտենում ենք մեր նպատակին, որովհետև ես տեսնում եմ մարդիկ, ովքեր միացել են շարժմանը, որոնք նախկինում պասիվ էին և իրենց քաղաքացիական դիրքորոշումը չէին հայտնում կամ որոշակի անտարբերություն ունեին: Բազմաթիվ քաղաքացիներ այսօր վստահաբար չեն ընդունում օրվա իշխանություններին, չեն ընդունում շատ պարզ պատճառով, որովհետև դրանք արհավիրք են բերել մեր երկրի համար՝ տնտեսությունից մինչև առողջապահություն, անվտանգությունից մինչև երկրի պաշտպանություն: Սա արդեն մի գործընթաց է, որը պետք է կարողանանք արդյունավետ կառավարել: Շատ մոտ ապագայում մենք կունենանք այդ հանգուցալուծումը:

- Կա՞ անհրաժեշտություն «Դիմադրության» շարժման վերակազմավորման՝ ռեբրենդինգի։ Ոմանք կարծում են, որ շարունակելու համար պետք են նորություններ՝ նոր դեմքեր, նոր ասելիք, նոր մեթոդներ ու գործիքակազմ։

- Ես կարծում եմ, որ միշտ կա անհրաժեշտություն ռեբրենդինգի, որովհետև այս պայքարը որոշակի նաև փուլային զարգացում ունի: Անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի նոր մարդիկ խոսեն: Եվ ես ձեզ ասեմ վստահաբար, որ նաև տարբեր առիթներով մենք այդ մասին խոսել ենք հենց հարթակից՝ ասելով, որ հարթակը բաց է և ցանկություն ունեցողները, այդ թվում տարբեր քաղաքական ուժեր, տարբեր մասնագիտական շրջանակների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններ, և ինչու ոչ՝ նաև անհատներ կարող են, եթե ունեն ասելիք և ցանկություն օգտվել այդ հարթակից: Եվ հենց դա իրապես այդպես է: Նաև գործնականում է այդպես, որովհետև տարբեր մարդիկ իրենց խոսքն են ասում և նաև իրենց տեսակետով կիսվում են հանրության հետ: Իրողությունները նույնն են, այսինքն՝ ինչի համար ենք դուրս եղել փողոց, ակնհայտ է՝ հայրենիք ունենալու, մեր սերունդներին հայրենիք փոխանցելու։ Մենք դուրս ենք եկել փողոց, որ մեր միջավայրը չդառնա թուրքական, և մեր երկրի ինքնիշխան տարածքները կտոր-կտոր չհանձնվեն թշնամուն, և վերջապես մենք դուրս ենք եկել փողոց նաև Արցախը պաշտպանելու, որ Արցախի մեր հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը չոչնչացվի: Մնացածը տեխնոլոգիաների նաև հարց է, որովհետև այս իշխանությունները, ցավոք սրտի, չունենալով իրական բովանդակություն, և որևէ կերպ կապ չունենալով մեր երկրի հետ մինչև հիմա փորձել են մոլորեցնել մեր հանրությանը, և ոնց են մոլորեցրել՝ ես չգիտեմ, թե ովքեր և ինչ ուժեր են աջակցում՝ դա էլ պարզ չի, բայց ակնհայտ է այդ ժամանակակից տեխնոլոգիաները մաքսիմում իրենք կարողանում են կիրառել: Ցավոք սրտի նպատակը հրեշավոր է: Անհրաժեշտություն կա մեր աշխատանքները ինտենսիվացնելու և ավելի լայն շրջանակներ ներառելու:

- Ինչ եք կարծում շարժումն այսօր իր վերելքի՞ մեջ է, թե՞ տրամաբանական ավարտի փուլում։ 

- Քանի որ անմիջական մասնակիցն եմ, գուցե և իմ գնահատումը փոքր- ինչ սուբյեկտիվ լինի, բայց ես ասեմ, որ դա միանշանակ օբյեկտիվ է: Մենք դեռ առաջին օրվանից ենք հայտարարել, որ լինելու ենք վճռական և գնալու ենք մինչև վերջ, որովհետև մենք պայքարում ենք հայրենիք ունենալու համար, պայքարում ենք գոյատևման մեր իրավունքը պաշտպանելու համար: Եվ հետո շատ կարևոր է, որ մեր համախմբումը համազգային նպատակի շուրջ է, այլ ոչ թե պաշտոնակռիվ, ինչպես օրինակ՝ 2018թ.- ին պաշտոնի մոլուցքով, հանրությանը խաբելով, եկան իշխանության: Համահայկական և ազգային նպատակներն են հիմքում: Ակնհայտ է, որ մեզ ամեն հաջորդ օր նոր շրջանակներ, նոր մարդիկ են միանում և այստեղ միայն քանակական ցուցանիշը չի կարևոր, այլ նաև այն, որ միանում են մեր գաղափարին պարզապես: Մենք գնում ենք առաջ: Ժամանակի և ինտենսիվության վերաբերյալ գուցե լինեն տարբեր կարծիքներ: Քաղաքացիները վճռական են տրամադրված, որովհետև գիտեն, որ այսօրվա իշխանություններն ամեն հաջորդ օր մի նոր փորձանք են բերում մեր երկրին: Եվ որքան շուտ հեռանան, այնքան ավելի լավ: Պետք է լինենք համբերատար, որովհետև մեր անհնազանդության գործողությունները խաղաղ բնույթի են:

Օրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչի և իրենց վարքագծով դա ցույց են տվել: Պաշտոնը պահելու համար ամեն ինչ արել են մինչ օրս: Բայց մենք գնալու ենք առաջ՝ մեր ծրագրով՝ հետևողական, վճռական և համբերատար: Այս շարժման հանգրվանը լինելու է հայ ժողովրդի հաղթանակը, մենք պիտի աշխարհին և մենք մեզ ցույց տանք, որ հայ մարդը չի կոտրվել, և պայքարելու իր ներուժը ավելացնելու է: Վստահաբար հայն ունի իրավունք անկախ պետականություն ունենալու և իր երկրում, իր բնօրրանում արժանապատիվ ապրելու: 5000 տարվա հայ ժողովրդի պատմությանը Նիկոլը և իր խմբակը չեն կարող վերջակետը դնել, դա վստահ եմ ձեզ ասում: Դրանով պայմանավորված այս շարժումը երբեք չի մարելու և վերանալու, ընդհակառակը ավելի է թեժանալու: Այսօրվա նիկոլական իշխանությունը այսպես, թե այնպես չունի իշխանություն, որովհետև այս գործողությունները ակնհայտ ցույց են տալիս, որ Հայաստանում այլևս կա երկիշխանություն և իրենք  պիտի հեռանան: Իրենց երգը վաղուց է երգված:

- Ինչպիսին է իշխանությունների եւ իշխանամետ զանգվածի վերաբերմունքը շարժմանը։ Կա՞ արդյոք օբյեկտիվ քննադատություն, որը ընդունում եք եւ ձեզ օգտակար է։ Շարժման ընթացքում հանրային բեւեռացումը, պառակտումը ավելի մեծացե՞լ է, թե՞ նվազել։

- Հանրային պառակտում, բևեռացվածություն, հային հայի դեմ հանել, նույնիսկ ընտանիքներում կոնֆլիկտներ, իրենց նեղ քաղաքական դրդվածությամբ, սա դեռ  2018 թ- ից է, երբ զավթեցին իշխանությունը միանգամից դրան տարան: Այս երևույթն այսօր ավելի է խորացրել: Սա իրենց գերբն է, վարքագիծը: Իսկ մենք հակառակը կարողացել ենք հարթակ տրամադրել մարդկանց, ովքեր եկել են խոստովանելու, որ հասկացել են, այն, ինչը որ իրողություն է: Մեր նպատակը՝ հանունի է: Այս մահաբեր իշխանությունը, որը բերում է մահեր և ակնահայտորեն որևէ կերպ կապ չունի իր տված խոստումների հետ, պիտի հեռանա: Թուրքամետ վարքագիծ ունեցողները, այս տոտալ անպատասխանատու խմբակը մինչև հիմա մեր երկիրն է ղեկավարում: Սա ամենամեծ քննադատությունն է մեր բոլորի համար: Նրանք փորձում են տարածել ամենատարբեր կեղծիքներ, նույնիսկ հասել են նրան, որ մարդկանց հարցազրույցներն ու լայվերը այնպես են խմբագրել ու մոնտաժել, որ ստանում են բոլորովին այլ բան և տարածում են: Իրենց ողջ արսենալը գործի են դրել պրկված ձևով, նյարդային ձևով, և դա տրամաբանորեն բերելու է ճաքերի: Իրենք ում քննադատեն, և ինչը, եթե օբյեկտիվորեն նայում ենք: Մեղավորներ են փնտրում, բայց կատվի պես այդպես էլ կռնակին չեն գալու: Ինչքան ժողովրդի հավատը մարում է, իրանց սուտը՝ մեծանում է: Մեր ամենամեծ խնդիրը և օբյեկտիվ քննադատությունը նա է, որ մենք պետք է կարողանանք մեր հանրությանը օբյեկտիվ իրողությունը ներկայացնել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image