«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը պարբերաբար այցելում է Գյումրի, տարբեր քաղաքական ուժերի, քաղաքագետների, տնտեսագետների հետ հանդիպումներ ունենում, քննարկումներ անցկացնում: Թևանյանն օրեր առաջ էլ Գյումրիում տեղի ունեցող պրոցեսների մասին գրառում էր արել, նշելով. «Գյումրին՝ փոփոխությունների շեմին
Գյումրիի խնդիրները պետք է դիտարկել երկու հարթության վրա՝
1․ որպես երկրաշարժից տուժած քաղաք, որը ցավալիորեն դեռ կրում է «աղետի գոտի» կնիքը,
2․ որպես համայնք, որին ներհատուկ են Հայաստանի մյուս համայնքների առանձնահատկությունները (ՏԻՄ համակարգի թերություններից մինչև ֆինանսների սղություն, անարդյունավետ կառավարումից մինչև քաղաքական կախվածություն իշխանությունից)։
Լուծումներն էլ երկու հարթության վրա պետք է լինեն։ Ըստ այդմ՝
1․ Գյումրիում վերջապես պետք է կյանքի կոչել ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը՝ քաղաքը դիտարկելով որպես մարզի լոկոմոտիվ և ներդրումների իրականացման արդյունավետ կենտրոն,
2․ Համակարգային բարեփոխումներ իրականացնել ՏԻՄ համակարգում, ինչից կօգտվեն և՛ Գյումրին, և՛ Հայաստանի մյուս համայնքները․ Հայաստանը միայն Երևանը չէ։
Հ․Գ. Գյումրիում տեղի ունեցած քննարկումների արդյունքում շատ հետաքրքիր մտքեր են ծնվել, որը շուտով կհանձնվի գյումրեցիների դատին։
Ի դեպ, Գյումրիում և ամբողջ Հայաստանում ցանկացած բարեփոխման ու առաջընթացի գլխավոր նախապայմանն օրվա իշխանության փոփոխությունն է։ Սա որպես հիմք ենք ընդունել միջոցառման հենց սկզբում և անցել մասնագիտական քննարկման»։
Ակնհայտ է, որ ոչ միայն իշխանությունն է պատրաստվում Գյումրիի` մարտի վերջին նշանակված ընտրություններին, այլեւ ընդդիմության մի խումբ ներկայացուցիչներ եւ Երեւանում տարած հաղթանակից հետո Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստանն» ըստ ամենայնի պատրաստվում է մասնակցել նաեւ Գյումրիի ընտրություններին:
Անդրանիկ Թևանյանը Գյումրի կատարած այցերից նաև լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներից պարզ է դառնում, որ հանդիպմանը մասնակցել են ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, Երվանդ Բոզոյանը: ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, ով մի շրջան մտերիմ էր Արման Թաթոյանի հետ, հետո լուրեր էին շրջանառվում, որ հանդիպումներ է ունենում Հայկ Մարությանի հետ, այժմ, փաստորեն, հարել է Անդրանիկ Թեւանյանի ուժին: Ի՞նչ հավակնություններ ունի Դավիթ Անանյանը` Գյումրիում, ընտրություններից առաջ: «Հրապարակ»-ը զրուցեց նրա հետ, հետաքրքրվեցինք` գուցե ցանկանում է ընտրություններին մասնակցել, ում թեկնածությո՞ւն է առաջադրելու կամ պաշտպանելու:
Դավիթ Անանյանը «Հրապարակի» հետ զրույցում մեր այն հարցին, թե ի՞նչ նպատակով էիք գնացել Գյումրի, գուցե ընտրություններին մասնակցելու հա՞յտ էր դա, ասաց. «Ոչ մի մտադրություն չունեմ, բացարձակ, ուղղակի Թևանյան Անդրանիկը հրավիրել էր տնտեսական ֆորումի` Գյումրիի ազատ տնտեսական գոտու հետ կապված, և ես մասնակցեցի ուղղակի` որպես տնտեսագետ: Ներկա էին` Թաթուլ Մանասերյանը, Վարդան Բոստանջյանը ու էլի տնտեսագետներ: Բնականաբար այդ հանդիպումն ուներ որոշակի քաղաքական ենթատեքստ` կազմակերպիչների համար, բայց ես այնտեղ էի գնացել զուտ որպես տնտեսագետ, չկա ոչ մի հավակնություն: Նույնիսկ Գյումրու ընտրությունների հետ կապված տեղեկության պակաս ունեմ, այն ինձ համար հետաքրքիր է ավելի շատ համապետական ընտրությունների իմաստով, թե ՔՊ-ն որ տեղը կարող է զբաղեցնել:
Այսինքն` դա ստուգարքի է նման: Ինձ այնտեղ ասացին, որ տրամադրությունները Գյումրիում մեկ-մեկուկես տարվա ընթացքում սրընթաց փոխվել է` ՔՊ-ի համար վատ իմաստով: ՔՊ-ն Գյումրիում ունի 8-ից 10 տոկոս ձայն: Ինձ այդպես ասացին, բայց իսկության մասով չեմ կարող ոչինչ հավաստել: Ֆորումի կազմակերպիչը Անդրանիկ Թևանյանն էր, ինչպես նաև Գյումրու «Լոֆթ»-ի Կարեն Սիմոնյանը: Բայց նրանց հավակնությունների մասով էլ իսկապես ոչնչից տեղյակ չեմ: Ինձ ոչինչ չեն ասել: Ով ում հետ ինչ դաշինք է կազմելու, ինչ է անելու, ես չգիտեմ: Ամեն բան անկանխատեսելի է»,- եզրափակեց Անանյանը: