1888 թվականին ռուս դասական գրող Անտոն Չեխովն իր կյանքում առաջին անգամ այցելում է Ղրիմ։ Քրոջը՝ Մարիային այդ տարվա հուլիսի 14-ին գրած նամակում նա խոսում է իր տպավորությունների մասին, որոնք ունեցել է ճանապարհին՝ ղրիմյան անկրկնելի բնապատկերները տեսնելով։
«Սիմֆերոպոլից սկսած, սկսվում են լեռներ, ու նրանց հետ էլ բացվում է մի անկրկնելի գեղեցկություն։ Փոսեր, լեռներ, փոսեր, լեռներ, փոսերից վեր խոյացող թխկիներ, լեռներին սեւին են տալիս խաղողի տնկարանները, ու այդ ամենը պարուրված է լուսնի լույսով։ Վայրի ու նոր, որ մարդու երեւակայությունը դրդում է գոգոլյան «Ահավոր վրեժի» տեսարաններ երեւակայելուն։ Հատկապես ֆանտաստիկ է անդունդների ու թունելների հերթափոխը, երբ տեսնում ես մերթ անդունդներ՝ լի լուսնի լույսով, մերթ անթափանց թունելային խավարը ․․․ Մի փոքր ահարկու է, բայց հաճելի»։
10 տարի անց Անտոն Չեխովը գրում է «Շնիկով տիկինը»՝ իր «ամենաղրիմյան» պատմվածքը, որի գլխավոր հերոսները հանդիպում են Յալթայում, որը նրա նույն նամակում նկարագրվում է որպես «Նիցցայի տեսարանները հիշեցնող ինչ-որ մի եվրոպական համայնապատկերի ու կենցաղային-տոնավաճառայինի խառնուրդ»։ Իսկ մինչ այդ նա ուղեւորվում է Թեոդոսիա, որտեղ իր ամառանոցում նրան սպասում էր «Նովոյե վրեմյա»-ի հրատարակիչ Ալեքսեյ Սուվորինը։ Առավոտյան ժամը 5-ին Չեխովը ժամանում է Թեոդոսիա, եւ երկար ճանապարհից հետո առաջին գործը, որ անում է, լինում է ծովում լողալը։ Շուտով իր մտերիմ Ալեքսեյ Սուվորինի միջոցով ծանոթանում է Հովհաննես Այվազովսկու հետ։ «Սուվորիններն այստեղ ապրում են ամենալավ ամառանոցում։ Ուրախացան` ինձ տեսնելով։ Թվաց, որ ինձ համար արդեն վաղուց էին սենյակ պատրաստել ու արդեն վաղուց է՝ սպասում էին ինձ, որ սկսեն էքսկուրսիան։
Ժամանումից մեկ ժամ անց ինձ տարան նախաճաշի՝ ոմն թաթար Մուրզայի մոտ։ Այստեղ մեծ հասարակություն հավաքվեց։ Սուվորինը, ծովային գլխավոր դատախազը, նրա կինը, տեղի ղեկավարներն ու Այվազովսկին»։
Հուլիսի 22-23-ին Չեխովը հարազատներին գրում է, որ այցելել է Այվազովսկու հեքիաթային կալվածքը՝ Շահ-Մամայում, որտեղ նկարիչը մշտապես ընդունում էր իր հյուրերին։ «Կալվածքը ճոխ էր, մի փոքր հեքիաթային։ Նման կալվածքներ, ամենայն հավանականությամբ, կարելի էր տեսնել Պարսկաստանում»,- գրել է Չեխովը։ Ահա թե ինչպես է նա նկարագրում Այվազովսկուն․ «Իր անձի մեջ նա կարողանում է համատեղել ե՛ւ գեներալի, ե՛ւ բարձրաստիճան կղերականի, ե՛ւ նկարչի, ե՛ւ հայի, ե՛ւ միամիտ պապիկի, ե՛ւ Օթելլոյի։ Ամուսնացած է երիտասարդ, շատ գեղեցիկ կնոջ հետ, որին պահում է փակի տակ։ Ծանոթ է սուլթանների, շահերի եւ էմիրների հետ։ Գլինկայի հետ գրել է «Ռուսլան ու Լյուդմիլա»-ն։ Ծանոթ է եղել Պուշկինի հետ, սակայն Պուշկինի գործերը չի կարդացել։ Իր կյանքի ընթացքում ոչ մի գիրք չի կարդացել։ Երբ առաջարկում են կարդալ, ասում է` ինչիս է պետք, երբ ես իմ կարծիքն արդեն ունեմ։ Նրա մոտ մնացի ողջ օրը եւ ճաշեցի»։