Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում պետք է կարգավորվի անկլավ/էքսկլավների հարցը, հարցի լուծման տարբերակները մի քանիսն են, սակայն առարկայական պայմանավորվածություն դեռ չկա: Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացու հարցին, թե արդյոք բանակցություններում անկլավների հարց կա՞, ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Նման հարց, այո, կա: Սակայն ի՞նչ է նշանակում այդ հարցը, որտեղի՞ց կա և ինչո՞ւ:Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքներից մեկն է, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տարածքների հիման վրա: Երբ ասում ենք Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածք, դրա մեջ չեն մտնում այն էքսկլավ/անկլավները, որոնք Խորհրդային միության ժամանակ պատկանել են Ադրբեջանին, և Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ-ի մեջ մտնում է Արծվաշենը, որը էքսկլավ է՝ շրջափակված Խորհրդային Ադրբեջանի տարածքով: Այս հարցը պետք է որևէ ձևով հասցեագրվի:Արծվաշենը Հայաստանի ինքնիշխան տարածք է, և ինքը չի կարող ուղղակի ասել, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի այս կտորի հետ գործ չունի:Երբ մենք Արծվաշենի հարցը բարձրացնում ենք, բնականաբար, Ադրբեջանն էլ իր հերթին բարձրացնում է այն անկլավների հարցը, որն իր բնութագրմամբ և Խորհրդային միության քարտեզներով ու որոշումներով դե յուրե հիմնավորված գոյություն են ունեցել:
Եթե մենք ասենք, որ անկլավների հարց չկա, ուրեմն պետք է ասենք նաև, որ էքսկլավի հարց չկա՝ Արծվաշենի հարց չկա: Բայց երկու հարցերն էլ կան: Հետևաբար, խաղաղության գործընթացում այդ երկու հարցերը պետք է կարգավորվեն:Տարբերակները մի քանիսն են: Մենք վերահաստատում ենք մեր ինքնիշխանությունը Արծվաշենի նկատմամբ, Ադրբեջանը՝ դե յուրե գոյություն ունեցած անկլավների նկատմամբ: Բազմաթիվ հարցեր կան այստեղ: Նախ պետք է այդ էքսկլավի տարածքը սահմանագծել, որովհետև պետք է վերահաստատել, թե ինչքան է այդ էքսկլավի տարածքը: Երկրորդը՝ եթե մենք հենց այս ֆիզիկական պարամետրերով ենք այս հարցը լուծում, հարց կա՝ անմիջական սահման Արծվաշենի հետ մենք չունենք, ինչպե՞ս ենք մենք մեր սահմանից մինչև Արծվաշենի սահման գոյություն ունեցող տարածքն անցնելու և համապատասխանաբար Ադրբեջանն էլ իր հերթին այդ պարագայում»,-ասաց Փաշինյանը: