Հասարակություն

10 զոհվածի ընտանիք միանվագ 10 միլիոն է ստացել․ ովքեր գումար կստանան հիմնադրամից

10 զոհվածի ընտանիք միանվագ 10 միլիոն է ստացել․ ովքեր գումար կստանան հիմնադրամից

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը արդեն սկսել է առաջին հատուցումների տրամադրումը սեպտեմբերի 27-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքներին։

Հատուցումները կատարվելու են անկանխիկ եղանակով` հիմնադրամի կողմից շահառուների համար բացված հատուկ բանկային հաշվեհամարներին:

Ըստ 1000+ կայքի՝ պարտադիր զինվորական ծառայության ենթասպայական եւ կրտսեր ենթասպայական/ շարքային կազմից զոհված 8 զինծառայողների՝ Էդուարդ Գրիշայի Հովհաննիսյանի, Նարեկ Արտակի Լոռեցյանի, Արման Սամվել Թովմասյանի, Էդգար Սեւակի Զաքարյանի, Լիպարիտ Աշոտի Դաշտոյանի, Գեւորգ Արմանի Հարությունյանի, Մյասնիկ Պարգեւի Մյասնիկյանի եւ Դավիթ Սամվելի Հարությունյանի ընտանիքներին միանվագ տրամադրվել է 10 միլիոն դրամ եւ այսուհետ ամսական 200 հազար, ոմանց դեպքում՝ 250 հազար դրամ։

Սպայական կազմից փոխհատուցում են ստացել Նարեկ Արմենի Մեսրոպյանի եւ Հայկ Արթուրի Չիթաչյանի ընտանիքները՝ 10 միլիոն դրամ միանվագ եւ 300 հազար դրամ ամսական ձեւով։

 «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ ում անունները կստանան պաշպանության նախարարությունից, նրանց ընտանիքներին էլ փոխհատուցում կտրամադրվի, մինչ այս պահը 10 զոհվածի հարազատներին է տրամադրվել․ «Յուրաքանչյուրը միանվագ ստանում է 10 միլիոն դրամ, դրանից հետո 200-300 հազար դրամ՝ ելնելով իր զինվորական աստիճանից, եթե զոհված է»։

-Զոհված կամավորականների ընտանիքներին չի՞ տրվում։

-Տրվում է, եթե մենք անունը ստանում ենք։

-Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվում՝ որ կամավորականի ընտանիքին տան, որին՝ ոչ, թե՞ բոլորին տրվելու է։

-Ովքեր զոհվել են մարտական գործողություն կատարելիս եւ զորակցված են, իրենք ստանալու են։

-Միայն 10 հոգու անուն են Ձեզ նախարարությունից եկե՞լ, թե՞ շատ է, այդքանին եք դեռեւս տվել։

-Ցանկ չի դա, փաստաթղթերի փաթեթներ են, դրանք թարմացվում են։ Դրանք ուղարկվում են, ստուգվում են, կապերը ընտանիքի հետ հաստատվում են, նոր գալիս են հիմնադրամ։ Գործեր են սաղ պատրաստվում, որ այդ գործի հիման վրա ընտանիքը հատուցվի։ Դա ժամանակ է, որ անընդհատ մենք տալու ենք։

-Սեպտեմբերի 27-ից հետո ՊՆ-ից Ձեզ քանի՞ անուն է եկել։

-10 հոգու։ Վաղը էլի միտք կունենանք, էլի կհատուցենք, սա շարունակական գործընթաց է։

-Պարոն Ավետիքյան, հրապարակված թվերով՝ զոհերի թիվն անցնում է 1200-ը։ Հիմնադրամի գումարը կբավականացնի՞։

-Դրա համար Ազգային ժողովը քննարկում է «3000 դրամ պարտադիր» փաթեթը։

-Դա խնդիրը կլուծի՞։

-Նայած, թե պատերազմն ինչքան կտեւի։

-Դե հիմա արդեն հաստատված 1216 զոհ կա, այս բյուջեով բոլորին հնարավոր կլինի՞ փոխհատուցում տալ։

-Նայած պատերազմն ինչքան կտեւի, նայած վիրավորների, հաշմանդամների քանակն ինչքան կլինի,անհետ կորածների քանակն ինչքան կլինի։

-Գերի ընկածների ընտանիքների հատուցում լինո՞ւմ է։

-Չէ։

-Իսկ վիրավորների ընտանիքներին ինչքա՞ն։

-Վիրավորներին, այսինքն՝ հաշմանդամության կարգ ունեցողներին։

-Կապ չունի՝ զինվորակա՞ն է, թե՞ կամավոր սկզբունքով է եկել,ամեն դեպքում բոլոր տուժածներն ու տուժածների ընտանիքները փոխհատուցում կստանա՞ն։

-Եթե որեւէ զորամասում կցագրված է, մասնակցել է մարտական գործողություններին, անպայման հատուցվելու է։

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։ 

Նախագծերը մշակել է ՀՀ կենտրոնական բանկը՝ համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետ։

«Նախագծի մշակումը պայմանավորված է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվն աճել է»,–նշված է նախագծի հիմնավորման մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image