Հասարակություն

Հող են տալիս, հող են վերցնում. Ծաղկաձորի դեմ ասպատակումը շարունակվում է

Հող են տալիս, հող են վերցնում. Ծաղկաձորի դեմ ասպատակումը շարունակվում է

Օրեր առաջ Ծաղկաձոր համայնքի ավագանու նիստում ավագանին կողմ քվեարկեց Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի առաջարկությանը՝ ուժը կորցրած ճանաչել Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 16-ի որոշումը՝ «Մեղրաձոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության վարելահող հողատեսքն ուղղակի վաճառքով ընդլայնման նպատակով օտարելու մասին»։ 

Ավելի պարզ ասած, Մեղրաձորի համայնքապետարանը 2019 թվականին 0.2 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը 102 հազար 500 դրամով ուղղակի վաճառքով, ընդլայնելու նպատակով օտարել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի նախկին տնօրեն՝ ՀՅԴ անդամ Արտաշ Հունանյանին: Ինչո՞ւ է համայնքապետարանը 2019 թվականի որոշումն առոչինչ ճանաչել․ հարցն ուղղեցինք համայնքապետի առաջին տեղակալ Ոսկան Եղիազարյանին։ «Այդ հողը ձեռք է բերվել ուղղակի վաճառքով, Կադաստրի կոմիտեն հողը չի գրանցել՝ մեկնաբանելով, որ հողն ուղիղ վաճառքով չպետք է օտարվեր, այլ աճուրդով պետք է ձեռք բերել: Տեսնելով, որ հողը չի կարողանում գրանցել, դիմում է գրել, որ հողը ձեռքիցս վերցրեք, գումարը վերադարձրեք: Մենք այդ հողն ավելի թանկ ենք վաճառելու, որը եկամուտ կբերի համայնքին, համայնքի համար էլ այդ գործարքն արդյունավետ կլինի»: 

Կա՞ն էլի նմանատիպ հողեր, որ Կադաստրի կոմիտեն չի գրանցում, եւ համայնքը կարող է քաղաքացիների ձեռքից վերցնել ու ավելի թանկ գներով վաճառել։ «Չէ, չկա, սա միակ դեպքն է, որ մեզ մոտ եղել է»: 

Նշենք, որ վերջին տարիներին Ծաղկաձորում հողերի վաճառքն ահռելի չափերի է հասել: Այդ փոքր քաղաքում, որտեղ բնակչության թիվը հասնում է 1560-ի, այս իշխանության օրոք, չգիտես ինչու, որոշեցին, որ փոքրիկ հանգստավայրը պետք է խելահեղորեն կառուցապատեն: Եվ հիմնականում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ են կառուցում, կառուցապատողներն էլ հիմնականում իշխանական չինովնիկներ են կամ իշխանամերձ անձինք: 

Մինչդեռ հանգստի եւ տուրիզմի քաղաք համարվող Ծաղկաձորում հողերի մեծ մասը հատուկ պահպանվող հանգստյան գոտու եւ անտառային հողերի կարգավիճակ ունի։ Դրանց մի մասը վաճառքի է հանվել աճուրդի անվան տակ, մյուս մասը՝ ուղղակի վաճառքով։ Վաճառքի այդ ձեւերն էլ պայմանավորված են նրանով, թե ով է գնորդը, եւ ըստ գնորդի էլ պայմանավորված է՝ Կադաստրի կոմիտեն կգրանցի՞ այդ հողը, թե՞ ոչ:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image