ԱՄՆ միջազգային աջակցությունից զրկված ՀԿ-ները, որոնք նախկինում հազվադեպ էին քննադատում նիկոլական իշխանությանը, այժմ համախմբվել են ու պահանջում են կասեցնել կառավարության որոշումը՝ «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ ստեղծելու մասին։ Հարկատուների փողերի մսխմանն ուղղված այս նոր կառույցը դրամաշնորհներ է տրամադրելու հանրային մուլտիպլեքսում հեռարձակվողներին` մշակութային, կրթական, ուսումնական, գիտակրթական, մանկական, մարզական հաղորդումներ պատրաստելու համար։ Հիմնադրամի ժամանակավոր կառավարիչը Վահագն Թեւոսյանն է, որը մինչ օրս Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ էր։
ՀԿ-ներին` դրսից դրամաշնորհներով գոյատեւող կազմակերպություններին (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երեւանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Հանրային լրագրության ակումբ, «Ասպարեզ» եւ այլն), դուր չի եկել, որ ֆինանսավորվելու են բացառապես հանրային մուլտիպլեքսում հեռարձակվողները։ Նրանք հայտարարությամբ հիշեցնում են իշխանություններին, որ տարիներ առաջ համատեղ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն են ունեցել իշխանության հետ՝ մշտական գործող հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ, աշխատել են այդ ուղղությամբ, միջազգային փորձն են ուսումնասիրել, սակայն գործընթացը դադարեցվել է, եւ հիմա, իրենց շրջանցելով, «անակնկալ որոշում» է կայացվել` TV-ներին աջակցող հիմնադրամ ստեղծելու մասին։ Մինչդեռ 2022-ին 10 լրագրողական կազմակերպության հետ հուշագիր էր ստորագրվել, որ ԶԼՄ-ների հետ կապված որոշումներն առանց իրենց հետ քննարկման չեն ընդունվի:
Գրանտներով գոյատեւող մեդիափորձագետները, փաստացի, ուզուրպացրել են ԶԼՄ-ների անունից խոսելու իրավունքը եւ հաճախ ոչ մի կապ չունեն գործող լրատվամիջոցների հետաքրքրությունների հետ: Բայց այս դեպքում արդարացի նկատում են՝ հիմնադրամի հնարավորություններից օգտվելու իրավունքը պետք է ընձեռվեր բոլոր լրատվամիջոցներին, ոչ թե միայն հանրային մուլտիպլեքսում հեռարձակվողներին, իսկ մշակութային եւ այլ հաղորդումների համար կան Հ1 եւ Հանրային ռադիո։ «Եթե պետությունը հանրային հեռարձակողի միջոցով չի կարողանում ապահովել հանրօգուտ բովանդակության խնդրի լուծումը, ի՞նչ երաշխիք կա, որ այն կլուծվի հիմնադրամի ստեղծմամբ»,- հարցնում են ՀԿ-ները։ Նաեւ ասում են. «Մի կողմից նշվում է, որ անթույլատրելի է միջամտությունը հեռարձակողների խմբագրական քաղաքականությանը, մյուս կողմից՝ որ աջակցությունը միտված է պետության ուղերձները հանրայնացնելուն։ Դժվար է պատկերացնել, թե ինչպես է դա կյանքի կոչվելու այսօրվա բեւեռացված հեռարձակման ոլորտում»։
«Հանրօգուտ» մեդիաբովանդակության ստեղծմանն ուղղվող գումարների չափը դեռ պարզ չէ, ինչպես պարզ չէ ինքնին այդ տերմինը: Բանասիրական գիտությունների թեկնածու, նախկին լրագրող Նարինե Դիլբարյանը ծիծաղելի է համարում այդ տերմինը. «Այդպիսի հասկացություն չկա ոչ մի ժողովրդավարական պետությունում: Այն ինքնին անհեթեթ է, վարդագույն լուրերի շարքից: Օրինակ, Սյունիքը չեն գնդակոծում` օդ են կրակում: Այսպիսի բարի լուրերով նրանք պատրաստ են թաքցնել ճշմարտությունը: Սա բացարձակ հակաժողովրդական, կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող գործընթաց է: Ի՞նչ իրավունք ունեն բյուջետային փողերով նման հիմնադրամ ստեղծել եւ դա շղարշել դպրոցական, կրթական, սպորտային ծրագրերով»,- ասում է Դիլբարյանը: Պետության ի՞նչ ուղերձներ են հանրայնացվելու։ Ըստ նրա՝ ուղերձները հետեւյալն են. «Ծրագիրն իրականացնում են նախընտրական շրջանում՝ 2026 թ. ընտրություններից առաջ, երբ ակտիվ աղաղակում են, որ պետք է փոխեն Սահմանադրությունը, Արցախի հարցը փակելու, ցեղասպանությունն ուրանալու գործընթացում պատրաստվում են հանրաքվեի գնալ… եւ ես կարծում եմ, որ, ահա, այս իրավիճակում նման հիմնադրամ ստեղծելը՝ նախընտրական, նախահանրաքվեի, իսկ հանրաքվեն իրենց ամենախոցելի կետն է` աքիլեսյան գարշապարը, ու որոշել են կոռուպցիոն ռիսկերով հղի հիմնադրամ ստեղծել, որ այդ գումարները բաժանեն իբրեւ ընտրակաշառք»:
Նարինե Դիլբարյանը, որն իր կյանքի ու աշխատանքի բերումով նաեւ լրագրության ու մեդիայի փորձագետ է, կարծում է, որ այս հիմնադրամի աջակցությամբ փառաբանելու են ՔՊ-ին, քանի որ իրենք տեսնում են, որ վերջինիս քաղաքական վարկանիշը ցածր է: ««Քաղաքացիական պայմանագրից» այն վերածվել է «քաղաքացիական չպայմանագրի»` քաղաքացուն ճնշելու, նրա ձեռքից իշխանությունն ամեն ձեւով խլելու գործիքի, եւ հիմա կֆինանսավորեն այն ընկերություններին, որոնք կուզեն բարձրացնել այդ ռեյտինգը: Մենք՝ բյուջետային ոլորտում աշխատողներս, չենք պատրաստվում պետության ուղերձները հանրայնացնելու համար լրացուցիչ գումարների բեռ վերցնել մեր ուսերի վրա: Ոչ մի պետական, ազգային խնդիրների համար նրանք քարոզչական խնդիրներ չեն լուծելու: Նրանց ամբողջ նպատակն է մարդկանց համոզելը, որ ցեղասպանություն չի եղել, որ ցեղասպանվողները՝ իրենք էին մեղավոր, նորմալ քաղաքական կողմնորոշում չունեին, դրա համար էլ Թուրքիայում իրենց ցեղասպանել են»,- ասում է նա:
Մեր տեղեկություններով, հիմնադրամի բյուջեն մեծ չի լինելու, եւ Հանրային հեռուստաընկերությունը չի լինելու նորաստեղծ հիմնադրամի շահառուն։
Իսկ մենք հիշեցինք, որ դեռ 2018-ին իշխանական մեդիայի կուրատորները հանդիպումներ էին ունենում ազատ լրատվամիջոցների ղեկավարների հետ եւ առաջարկում էին նման հիմնադրամ ձեւավորել, որ ֆինանսական աջակցություն ցուցաբերեն ԶԼՄ-ներին: Այն ժամանակ թվում էր, թե սա ընդդիմադիր ԶԼՄ-ներին շահագրգռելու եւ իշխանական դաշտ տեղափոխելու համար է արվում, սակայն դա այն ժամանակ չիրականացրին: Հավանաբար, իշխանությունը կրկին վերադարձել է այդ մտքին` արդեն նոր ընտրությունից առաջ: Մեզ տեղեկացրին նաեւ, որ Հ1-ն այդ հիմնադրամից չի օգտվելու: