Մշակույթ

Հետընտրական զարգացումները 3-ն են,  բայց Գյումրիում աշխատելու է 4-րդ տարբերակը

Հետընտրական զարգացումները 3-ն են,  բայց Գյումրիում աշխատելու է 4-րդ տարբերակը

Մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո սպասողական վիճակ է ոչ միայն Գյումրիում, այլեւ ողջ Հայաստանում։ Թեեւ ընտրությունների արդյունքներն ամփոփվել են, բայց գործընթացները դեռ չեն ավարտվել, եւ պարզ չէ, թե ինչ հանգուցալուծում կստանա հետընտրական ընթացքը։

Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրային կառավարման փորձագետ, գյումրեցի քանդակագործ Արթուր Գեւորգյանն ասում է․ իշխող ուժն իր լծակներով, վարչական ռեսուրսով, տարբեր տեսակի խախտումներով չկարողացավ հավաքել 50+1 ձայն, եւ դրա պատճառը սա էր․ «Սարիկ Մինասյանը եթե ինքն իրենով կամ առանձին այլ կուսակցությունով հանդես գար, կհավաքեր մոտավորապես այդ ձայների 22-25 տոկոսը, ՔՊ-ն էլ իր հերթին ինչ-որ ձայներ կհավաքեր, եւ իրադրությունն էլ կլիներ այլ կերպ, բայց մենք գործ ունենք տոտալ իր ասածը պնդող Նիկոլ Փաշինյանի եւ նրա մտերիմ շրջանակի մտածող ուղեղների հետ, ովքեր որոշեցին, որ այդպես չենք անում, մենք բոլորին ապացուցելու ենք, որ Գյումրիում ունենք 50+1 ձայն եւ կկարողանանք հաղթել։ Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց։ Ինչո՞ւ․ որովհետեւ, եթե նախորդ քաղաքային իշխանությունների դեպքում թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը հավասարակշռվում էր Բալասանյան դաշինքի եւ Վարդգես Սամսոնյանի հանգամանքով, այստեղ այդ իրադրությունը հավասարակշռող 2-րդ ուժին գտնել հնարավոր չէր, որովհետեւ բոլորն էլ իրենց քաղաքի սիրահարներն են եւ քաղաքի մեջ ունեն իրենց կատեգորիկ վերաբերմունքն իշխանության հանդեպ։ Հատկապես որ իշխանության հետ կապված նորություն չենք ասի, որ բազմաթիվ հարցեր ձախողելով՝ Գյումրին կանգնեցրել էր անբնական վիճակի առաջ, ու մարդիկ պարզություն մտցնելու համար դեմ ելան իշխանություններին»։

Ա․ Գեւորգյանը հատուկ ընդգծում է նախընտրական շրջանում քրեաիրավական ճնշումներն ընդդիմադիր ուժերի դեմ։ «Այս ընտրություններից իմ միակ ու ամենակարեւոր տպավորությունն այն է, որ մասնակից 9 ուժերի, գումարած նախորդ քաղաքական ուժի՝ Բալասանյան դաշինքի հետ կապված, եղել են քրեաիրավական ճնշումներ։ Դրա վկայությունն են Բալասանյանի ընտանիքի հետ կապված պատմությունները, երբ ձերբակալեցին տղային, կամ Վարդան Ղուկասյանի հետ կապված հայտնի դեպքերը՝ զենքի փնտրտուքով, ինչպես նաեւ՝ Մարտուն Գրիգորյանի, Կարեն Սիմոնյանի, Ռուբեն Մխիթարյանի հետ կապված դեպքերը։ Այսինքն՝ եթե ընդունենք, որ 10 թեկնածու թիմեր էին մտել պայքարի մեջ, ապա առնվազն 5-ի հանդեպ տեղի է ունեցել քրեաիրավական ճնշում, այն էլ՝ քարոզարշավի ընթացքում։ Սա ինքնըստինքյան արդեն աղմկոտ փաստ է, որ այս ընտրություններն անցել են ճնշման ներքո, բայց գյումրեցիները, այնուամենայնիվ, Հայաստանի մենթալիտետի համար մի քիչ չընկալելի, իրենց պատկերացումներով ապրող մարդիկ են, ովքեր եթե տեսնում են, որ ինչ-որ մեկին, մեր ժողովրդի լեզվով ասած՝ «միլիցա են տվել», կամ նման պրոցեսներ են գնում, դրանից հետո նրանք դառնում են այն մարդկանց կողքը, ում հետ կապված, այ, էդ գործողություններն իրականացվել են։ Եվ այստեղ, միանշանակ, այդ քրեաիրավական ճնշումները հակառակ էֆեկտն ունեցան ու շատերին մոտիվացրին, որ գնան եւ իրենց ձայնը տան ոչ իշխանական ուժին։ Գյումրիում չեն սիրում, երբ ինչ-որ մեկին անարդարացի ձեւով կամ քաղաքական խաղիկների պատճառով ճնշում են։ Եվ դրա ապացույցն էին այս ընտրությունները»,- նշում է զուցակիցս։

Այս ընտրությունների մյուս կարեւոր հանգամանքը, ըստ Գեւորգյանի, այն էր, որ, այնուամենայնիվ, տեղի են ունեցել խախտումներ, դրանց արձանագրումները, փաստերը կան․ «Բավականաչափ նյութեր կան, որոնք համացանցում շրջանառվեցին այդ օրվա ընթացքում։ Իսկ հատկապես առավոտվանից, երբ սկսվեցին այդ պրոցեսները, սա եւս մեկ ազդակ դարձավ, որպեսզի իշխանության դեմ խոսողների մի ստվար զանգված գնար, էլի դեմ ընտրեր՝ իր ձայնը տալով ընդդիմադիր որեւէ թեկնածուի։ Ամեն դեպքում, Գյումրին փոքր քաղաք է, եւ յուրաքանչյուր մարդ առնվազն մի քանի տասնյակ մարդու հետ ինչ-ինչ առնչություններ ունի, եւ այստեղ աշխատում են ընկեր-բարեկամ-եղբայր-բաջանաղ-քենի՝ այդ բոլոր ազգակցական կապերը, եւ սա եւս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ ընդդիմադիր թեւը կարողացավ մոբիլիզացնել իշխանությունից դժգոհներին եւ տանել ընտրատեղամաս, ինչի մասով ես կոնկրետ մտահոգություն ունեի եւ հայտնել էի հեռուստատեսությամբ ու տարբեր լրատվականներով, որ շատ հավանական է՝ իշխանությունից դժգոհները չգնան։ Թեպետ էլի սխալված չեմ, որովհետեւ եթե 40 տոկոսի փոխարեն մասնակցեր 60 տոկոսը, իշխանության հնարավորություններն ավելի կփոքրանային, իսկ ընդդիմության հնարավորություններն ավելի կավելանային։ Այդ ամբողջով հանդերձ, ունենք այն, ինչ ունենք․ 37 տոկոս Սարիկ Մինասյանի օգտին քվեարկածներ, եւ ձայների գերակշիռ մասը տարել է ընտրապայքարի մեջ մտած ընդդիմադիր սեգմենտը, եւ իշխանությունը Գյումրիում պարտվել է․ Նիկոլը Գյումրիում պարտվել է, դա փաստ է, եւ դրա վառ ապացույցն է ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ճոճվող վիճակը, որն ամենատարբեր հայտարարություններն արեց, որոնք իրականում խոսում էին տագնապի եւ անհավասարակշիռ վիճակի մասին։ Այդ ընտրությունների օրվա կամ ՔՊ-ի պարտության ռեալ ապացույցն էին գյումրեցիների ձայները եւ վերջում էլ ամփոփիչ՝ Վիլեն Գաբրիելյանի՝ հարբած Գյումրիով մեկ շրջելը»։

Իշխանությունն ի՞նչ հետեւություններ կանի այս ամենից․ քանի որ ընդդիմությունը կարողացավ ընտրությունների միջոցով իրավիճակ փոխել, հնարավո՞ր է 2026-ի ընտրություններին գնա ավելի մեծ ճնշումների ու ընտրակեղծիքների։ «Այս ընթացքում եղան թե՛ բռնաճնշումներ, թե՛ ընտրական ձայնի հետ կապված տարբեր կեղծիքներ, նաեւ ընտրակաշառքների հետ կապված ամենատարբեր լուրեր կան, որ եղել են նման դեպքեր, բայց միեւնույն ժամանակ եկեք մի քիչ հետ գնանք ու հետո առաջ գանք․ ՀՀ ամենատարբեր համայնքներում, առնվազն 2018-ից հետո, «Քաղաքացիական պայմանագիրը» բազմիցս պարտվել է կամ չի հավաքել բավարար ձայներ, որպեսզի կարողանա համայնքի ղեկավար նշանակի, ու դրանից հետո սկսվել են ամենատարբեր զարգացումներ»,- ասում է զրուցակիցս։
Նա հետընտրական զարգացումների 3 տարբերակ է նշում․ «Վանաձորյան սցենարը, որը շատ աղմկոտ կլինի եւ համահայկական հուզումների կարող է տանել հասարակությանը, եթե այս ընթացքում ընտրվող քաղաքապետին կալանավորեն։ Բայց վանաձորյան սցենարը նաեւ ծախսատար է, ռեսուրսատար եւ ահագին ներվ ու ջանք է պահանջում, որպեսզի կարողանան այդ բանն անելուց հետո տակից դուրս գալ։ Կա Ալավերդու տարբերակը, երբ ընտրված ավագանու անդամներին քվեարկության օրը ոստիկաններն ամենատարբեր պատճառաբանությամբ չեն թողնում, որ գնան մասնակցեն քաղաքապետի ընտրությանը, եւ դրանից բխող հետեւանքները նույնքան ծանր կլինեն Գյումրու դեպքում։ Սակայն, ամեն դեպքում, այդքան ծանր չեն լինի, ինչքան վանաձորյան տարբերակն աշխատեցնելը։ Եվ կա երեւանյան տարբերակը, որտեղ ՔՊ-ն ծանր մասնակցության պարագայում ունենում է շատ քիչ ձայներ, բայց համագործակցության ամենատարբեր ձեւերով, այնուամենայնիվ, գալիս է իշխանության»։ 

Ա․ Գեւորգյանն ընդգծում է, որ Գյումրիում աշխատելու է 4-րդ տարբերակը։ «Վաղաժամ է ասել, թե 4-րդ տարբերակն ինչպիսին է, բայց սցենարներն ամենատարբեր են, կոնկրետ այս դեպքում «Մեր քաղաքը» դաշինքն իր ձայների մի մասն է տալիս, որ Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, այնուամենայնիվ, սա ինքնըստինքյան բավականին թուլացնում է կամ բավարար ուժ չի դառնում, որպեսզի ընդդիմությունը միահամուռ իր դժգոհությունն առաջ տանի։ Քաղաքականապես թուլանում են ընտրվող քաղաքապետը եւ նրա հետ համախմբվածները, միեւնույն ժամանակ, քանի որ չկան դաշինքներ, չկան կոալիցիաներ, ինչքանով որ հասկանալի է դառնում, չի լինի նաեւ հուշագիր։ Ամենակարեւորն այստեղ մի բան է, որ, ամեն դեպքում, ՔՊ-ն Գյումրիում չի կարող այս պահին ունենալ ընտրությունով պայմանավորված ղեկավար, եւ կարելի է ենթադրել, որ ինչ-որ բան են մտածում, ու իրենք էլ ունեն իրենց սցենարները, որոնցով առաջնորդվելով՝ փորձելու են իրենց ազդեցության լծակը պահել, թե ինչպիսի՝ դժվար է ասել։ Ամեն դեպքում, մենք գործ ունենք մի թիմի հետ, որը հատկապես ՏԻՄ ընտրություններից հետո կարողացել է այդ խնդիրը ժամանակի մեջ հաղթահարել, թե ինչ զարգացումներ եւ դասավորվածություններ կլինեն հիմա, շատ բարդ է ասելը։ Այո, ընդդիմությունը հաղթեց, բայց ընդդիմությունը նախնական պայմանավորվածություն չուներ, այսինքն՝ Նիկոլին հաղթեցին Գյումրու ընդդիմադիր տրամադրված ընտրողները, իսկ թե քաղաքի կառավարման հետ կապված ինչ կունենանք, եկեք համբերենք ու ժամանակից շուտ կանխատեսումներ չանենք, որպեսզի մեր ընդդիմադիր թիմերն էլ կարողանան ուժեղ մնալ»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image