Քաղաքականություն

Որն է Բագրատ սրբազանի խնդիրը

Որն է Բագրատ սրբազանի խնդիրը

Շատերը գուցե չհամաձայնեն, սակայն «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանի գրառումը՝ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի վերաբերյալ, չափազանց արժեքավոր էր, չասելու համար՝ կոնցեպտուալ։ 

Փորձեմ բացատրել թե ինչու։ Այս ամիսների ընթացքում, ինչ գործում է Սրբազան շարժումը, հասարակությունը՝ ակտիվ, թե անտարբեր հատվածը, հնարավորություն ունեցավ մոտիկից ծանոթանալու արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի հետ՝ ճանաչելու նրան որպես մարդ, հոգեւորական, առաջնորդ եւ, առհասարակ՝ որպես գործիչ։ Այս ամենը, իհարկե, լավ է։ Միշտ չէ, որ բարձրաստիճան կղերականին մոտիկից ճանաչելու նման հնարավորություն են ունենում հանրային լայն զանգվածները, թեեւ, իրականում, հասարակ մարդը միշտ պետք է հնարավորություն ունենա իր հոգեւոր առաջնորդներին՝ համայնքի քահանայից մինչեւ Վեհափառ, ճանաչելու, ոգեւորվելու, ներշնչվելու, մխիթարվելու։ Սակայն այստեղ կա մի «բայց»։ Որքան էլ Բագրատ սրբազանին գնահատենք որպես մարդ, որպես հոգեւորական կամ առաջնորդ, այնուհանդերձ, չենք կարող նաեւ չնկատել, որ Բագրատ սրբազանի մոտ՝ արդեն քաղաքական հարթության վրա, կա որոշակի փորձի պակաս, նաեւ՝ քաղաքական պայքարում նրան խանգարում է եկեղեցական լինելու հանգամանքը։ Մի առիթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծեմ ասել էր, որ «քաղաքականությունն առեւտուր է»։

Ընդդիմության մեջ տեղի ունեցած վերջին խմորումների վարագույրի մի թեթեւ բարձրացման ֆոնին, թերեւս, հենց այդ «առեւտրով» զբաղվել չկարողանալը կամ այդ «առեւտրի» հանդեպ ունեցած գոյաբանական-արժեհամակարգային անհամատեղելիությունն է թերեւս, որ, զուգորդվելով քաղաքական-հայրենասիրական ռոմանտիզմի հետ, պատճառ դարձավ, որ մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու՝ Սրբազան պայքարի խնդիրը մնում է չլուծված (արտաքին-աշխարհաքաղաքական պատճառները չհաշված)։ Խնդիրը, տողերիս հեղինակի համեստ կարծիքով, հենց այստեղ է։ Մեծ հաշվով, նվիրյալ հոգեւորականի համար նույնիսկ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց ողջ կազմով շարունակում են մնալ Եկեղեցու մաս, եւ նվիրյալ հոգեւորականը նրանց հանդեպ էլ շարունակում է զգալ հովվական պատասխանատվություն ու խնամք տանելու պարտավորություն, բաներ, որոնք քաղաքականության կամ քաղաքական պայքարի հարթության վրա պարզապես անընկալելի են։

Այո, Բագրատ սրբազանը կարող է հրապարակ հանել 70-80 հազար մարդ, եւ դա ապացուցում է ամերիկյան տարբեր ինստիտուտների ուսումնասիրությունների իսկությունը, որ Հայաստանում ժողովուրդը շարունակում է հիմնավոր վստահություն ու հավատ ունենալ Եկեղեցու եւ եկեղեցականի հանդեպ։ Սակայն, դրա հետ մեկտեղ, նրա խնդիրը բարոյական-արժեհամակարգային մի շարք պատնեշների հաղթահարումը պետք է լինի, պայմանականորեն անվանենք՝ նա պատրաստ պետք է լինի քաղաքականության մեջ զբաղվել այն «առեւտրով», որի մասին ասել է Ալեն Սիմոնյանը, որպեսզի հասնի հաջողության եւ իրականացնի իր եւ իր ղեկավարած շարժման առաջ դրված խնդիրը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image