Հասարակություն

Մանկապարտեզը բացվեց թերություններով

Մանկապարտեզը բացվեց թերություններով

2025թ․ սեպտեմբերի 4-ին Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ: Այդ օրվանից սկսած, մարզպետն ակտիվ շփվում է բնակիչների հետ, այցելում մանկապարտեզներ եւ դպրոցներ, որոնք կառավարության սուբվենցիոն ծրագրերով վերակառուցվում են: Ամեն այցի ժամանակ նա մի նոր կարգախոսով է հանդես գալիս: Վերջերս մարզպետն այցելել էր Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր համայնք, որտեղ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ կառուցվել է մանկապարտեզ: Մանկապարտեզի կառուցումը սկսվել է 2023 թվականից, կառուցման աշխատանքների մրցույթը հաղթել էր «Պապ եւ Դավիթ» ՍՊԸ-ն:

Մոտ 2 տարուց ավելի կառուցվող մանկապարտեզը վերջերս շահագործման հանձնվեց: Նոյեմբերի 5-ին՝ մարզպետի առաջին այցի ժամանակ, նախադպրոցական կրթօջախը դեռ վերանորոգման փուլում էր: Մարզպետը 1 շաբաթ ժամանակ տվեց շինարարներին, որպեսզի վերացնեն թերությունները: Նշված ժամանակում մանկապարտեզը բացվեց, Լոռու մարզպետն էլ ներկա էր բացմանը եւ ասել էր, որ 13 ամիս չբացվող հաստատությունը բացվեց 7 օրում: Համայնքի բնակիչներից մեկը մեզ ասաց, որ մանկապարտեզը բացվեց, սակայն թերությունները չեն վերացվել. «Ծրագրում կար, որ մանկապարտեզը պետք է գազիֆիկացվեր շինարարի կողմից, սակայն այսօր այն ջեռուցվում է հոսանքով: Շենքը չունի սեփականության վկայական, չկա ավարտական ակտ, բայց համայնքապետը շինարարների գումարները տվել է»:
Փորձեցինք ՔՊ-ական համայնքապետ Խաչիկ Վարդանյանից ճշտել՝ արդյո՞ք շինարարների կողմից աշխատանքները դեռ չավարտված, ողջ գումարը փոխանցվել է, սակայն համայնքապետը մեր զանգերին չպատասխանեց:

Վարդաբլուրի մանկապարտեզի տնօրեն Մարինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նախադպրոցական հիմնարկը գազիֆիկացված չէ. «Մանկապարտեզը չունի սեփականության վկայական, բայց ժամկետ է դրված՝ 15 օրվա մեջ ամեն ինչը կատարվի, ակտը ստանանք, ու գազիֆիկացումը կարվի»: Հարցրինք՝ բացի գազիֆիկացումից, շինարարները պայմանագրով նշված մյուս բոլոր աշխատանքներն ավարտե՞լ են։ «Դրսի փայտե ամրացումները նոր են արել, շինարարը պատճառաբանեց, որ ուշ են արել, որպեսզի չփչանար. մինչեւ մանկապարտեզի բացվելը դա արեցին: Հիմա էլի կիսատ բաներ կան, կանեն, նոր արդեն շենքը կհանձնեն մեզ»: Շինարարների գումարը փոխանցվա՞ծ է։ «Լրիվ փոխանցումներն արված են, գումարային խնդիր չկա»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image