Երեկ գիշեր Արագածավան համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը, պահանջելով ոստիկանությունից, որպեսզի օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկվի համայնքի կոմունալ ծառայության պատասխանատու Սուրեն Թորոսյանը, ով ըստ գյուղացիների, ծեծի է ենթարկել առողջական խնդիրներ ունեցող անհափահաս տղայի։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Արագածավան համայնքի վարչական ղեկավար Արթուր Նազարյանը տեղեկացրեց, որ գիշերը ծեծի ենթարկված երեխայի վիճակը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։
Մեր այն հարցին՝ արդյո՞ք ոստիկանությունը բերման ենթարկել է Սուրեն Թորոսյանին, Նազարյանը պատասխանեց.
«Ես նոր եմ եկել աշխատանքի, ավել բան չեմ կարող ասել, ընդամենը մենք զրուցել ենք փողոց փակած գյուղացիների հետ, ասել ենք, որ ամեն բան կկատարվի օրենքի շրջանակներում»։
Հիշեցնենք, որ Արագածավան համայնքի կոմունալ բաժնի պատասխանատուն, ով ըստ գյուղացիների, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ծեծի է ենթարկել անչափահաս տղայի։
Երեկ ուշ երեկոյան՝ քաղաքացիների բողոքներից հետո Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է։