Քաղաքականություն

Ադրբեջանը դժգո՞հ է իրեն հանձնված՝ ականապատված տարածքների քարտեզներից 

Ադրբեջանը դժգո՞հ է իրեն հանձնված՝ ականապատված տարածքների քարտեզներից 

Դեռեւս 2021թ-ի դեկտեմբերին Հայաստանը ՌԴ-ի միջնորդությամբ Ադրբեջանին փոխանցեց  44-օրյա պատերազմի արդյունքում Արցախից բռնազավթված դաշտերի ու տարածքների՝ ականապատման քարտեզները: Սա բավականին մեծ հաղթաթուղ էր հայկական կողմի համար, որի դիմաց մենք կարող էինք Ադրբեջանի առջեւ կարեւոր պահանջներ դնել ու կարեւոր հարցեր լուծել, ասենք՝ բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը: Սակայն, քանի որ մեր այսօրվա իշխանությունը ադրբեջանական կողմի բոլոր պահանջները կատարում է  հլու հնազանդ, այս անգամ էլ կատարվեց առանց որեւէ «փոխհատուցման». վերադարձվեցին այդ քարտեզները՝ առանց որեւէ բանի դիմաց: Նոյեմբերին հայկական կողմին վերադարձվել էր ընդամենը տաս ռազմագերի: 

Օրերս ադրբեջանական պաշտոնական տարբեր ատյաններ սկսել են ակտիվորեն իրենց դժգոհությունը հայտնել այդ քարտեզների արդյունավետությունից. այդ մասին «Մարդասիրական ականազերծում և կայուն զարգացման նպատակներ» միջազգային համաժողովի բացմանը հատարարեց Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը. «Հայաստանի կողմից տրամադրված ականապատ քարտեզների միայն 25 տոկոսն է օգտակար եղել։ Այսօր Ադրբեջանի ազատագրված տարածքներն աշխարհում ամենաշատ ականապատված տարածքներն են»:

Ալիեւի  օգնականն ընդգծել է, թե «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» ժամանակ հայերը միլիոնավոր ականներ են տեղադրել դրանց վրա։ «Ծառատունկի փոխարեն ականապատեցին. Պայթյունների հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են ինչպես զինվորականներ, այնպես էլ քաղաքացիական անձինք:Ադրբեջանի ազատագրված հողերը աշխարհի ամենաաղտոտված տարածքներից մեկն են ականներով»։
 Այնուհետեւ ականապատված տարածքների խնդրի մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաեւան։

Նրա խոսքով, այդ տարածքներում ավելի քան մեկ միլիոն ական է դրվել, Ադրբեջանը ականներով ամենաաղտոտված երկրներից է և ստանում է ամենաքիչ միջազգային աջակցությունը։ «Ադրբեջանն աշխատում է այդ տարածքները վերականգնելու ուղղությամբ, հարյուր հազարավոր մարդիկ սպասում են, որ նրանք վերադառնան իրենց հայրենիք, բայց դրա համար նախ պետք է վերականգնել այս հողերը, մաքրել դրանք ականներից, որպեսզի ապահովվի տեղահանվածների ներքին հանգիստ և անվտանգ վերադարձը։ Չնայած պատերազմի ավարտին, 2020 թվականի նոյեմբերից ականների զոհ է դարձել ավելի քան 200 մարդ».-ասվում է Աբդուլայեւայի հայտարարության մեջ։Խնդրի մասին վերջերս բարձրաձայնեց նաեւ Ադրբեջանի «Ականազերծման ազգային գործակալության» ղեկավար Վուգար Սուլեյմանովը։

Ինչու՞ ադրբեջանական կողմը հենց հիմա սկսեց ակտիվորեն դժգոհություն հայտնել եւ հայտարարություններով հանդես գալ ադ մասին: Տպավորություն է, որ Ալիեւը չի ուզում սեղմել Փաշինյանի՝ խաղաղության համար մեկնած ձեռքը, զրոյացնում է նրա բոլոր խաղաղասիրական քայլերը եւ դրա համար տարբեր դժգոհությունների մոտիվացիաներ է հորինում, որպեսզի «ազատ ձեռքերով» նոր ագրեսիա իրականացնի Արցախի ու Հայաստանի նկատմամբ: 

Կարող է լինել նաեւ երկրորդ պատճառը. Ադրբեջանն ուզում է ականազերծման պատրվակով միջազգային կառույցներից մեծ գումարներ «քերել»: Աբդուլայեւայի խոսքից երեւում, որ այդ օժանդակությունը չի գոհացնում Ալիեւյան ռեժիմին: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image