Այլ

Ինչու քանդվեց Թրամփ-Մասկ դաշինքը

Ինչու քանդվեց Թրամփ-Մասկ դաշինքը

Այս տարվա փետրվարին դեռ քչերը կպատկերացնեին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ աշխարհի թիվ մեկ մեծահարուստ, գործարար Իլոն Մասկի դաշինքը կարող է փլուզվել, եւ նրանց միջեւ այնպիսի անջրպետ առաջանա, որ նույնիսկ մարդկային հարաբերությունների մակարդակում մեծ սկանդալ լինի: Քչերը կպատկերացնեին, որ երբեմնի դաշնակիցների միջով կարող է այնպիսի «սեւ կատու» անցնել, որ չխորշեն իրար հասցեին կոշտ էպիտետներ կիրառել, հատել կոռեկտության սահմանները, իրար վիրավորանքներ եւ ծանր մեղադրանքներ հասցեագրել։

Սակայն կյանքը ցույց տվեց, որ Չերչիլի հեղինակած հայտնի ճշմարտությունը շարունակում է պահպանել իր ակտուալությունը, թե «Չկան հավերժական թշնամիներ եւ հավերժական բարեկամներ, այլ կան հավերժական շահեր»։ Թրամփի եւ Մասկի դաշինքը, նույնիսկ նրանց միջեւ եղած մարդկային ջերմ հարաբերությունները, եթե անկեղծ լինենք, ապա ի սկզբանե հիմնված էին փոխշահավետ համագործակցության վրա։ Մասկին պետք էր մտնել ամերիկյան պետական-քաղաքական համակարգ, թերեւս, ինչ-ինչ շահերից ելնելով։ Թրամփին էլ պետք էր ունենալ այնպիսի հայտնի դեմք իր կողքին, ինչպիսին Մասկն է` իր X սոցկայքով, որպեսզի կարողանար հաղթել ընտրություններում։ Պատահական չէ, որ վերջին շաբաթներին նրանց միջեւ կոնֆլիկտի շրջանում Մասկն այդ մասին ուղիղ տեքստով է հասկացրել, թե եթե չլիներ ինքը, Թրամփը չէր ընտրվի ԱՄՆ նախագահ։

Բացի այդ, Թրամփին պետք էր, որ լիներ մեկը, որ կպայքարեր «ճահճի» կամ «խորքային պետության» դեմ։ Մասկն իր` Կառավարության արդյունավետության դեպարտամենտով դա արեց։ Լավ արեց իր հանձնարարականը, թե վատ՝ դժվար է ասել։ Սակայն պարզ էր, որ կողմերից յուրաքանչյուրն ինչ-որ բան ստացավ այդ դաշինքից, ինչ-որ բանից էլ մնաց դժգոհ, ու արդյունքում այն, որպես ցանկացած իրավիճակային դաշինք, փլուզվեց։ Եվ հիմա Մասկն ու Թրամփը, մոռացած կոռեկտության սահմանների մասին, «խելահեղ ժամանակների խելահեղ բարքերին» տուրք տալով՝ «որոտ ու շանթ» են տեղում մեկմեկու վրա։

Մասկը թերեւս հասկացավ, որ ինչքան էլ ինքը լինի աշխարհի թիվ մեկ մեծահարուստը, սակայն ամերիկյան «ճահճի»՝ պետական-քաղաքական «խորքային պետության» համար ինքն «օտար մարմին» է, ի վերջո՝ «այլ համայնքի» ներկայացուցիչ։ Ու այդ համակարգը կարող է ժամանակավորապես իրեն հանդուրժել, սակայն երբեք չի ընդունի իր շարքերը, չի համարի «յուրային»։ Ի վերջո՝ Քենեդիների, Ռուզվելտների, Քլինթոնների, Բուշերի կամ Դելանոների ու մյուս ընտանիքների կողքին ո՞վ է Մասկը։

Բիզնես համայնքի համար էլ Թրամփի՝ որպես ԱՄՆ նախագահի գործողություններից շատերն են անհասկանալի, որքան էլ Թրամփը գործարար համայնքից քաղաքականություն մտած մարդ է։ Հատկապես միգրանտների հանդեպ նրա բացասական վերաբերմունքն անհասկանալի է առաջատար տեխնոլոգիական բիզնեսի ներկայացուցիչների համար, քանի որ նրանց համար միգրանտները կարեւոր բազա են ապահովում՝ նոր աշխատակիցների «զտման» ու ներգրավման համար։

Եթե ամփոփենք, սովորաբար այսպիսի ավարտ են ունենում այն դաշինքները, որոնք ձեւավորվում են ըստ նպատակահարմարության, իրավիճակների կամ շահերի թելադրանքով, եւ որտեղ բացակայում են արժեքային եւ գաղափարական հենքերը, երկարամյա համագործակցությունը կամ գոնե ընկերական ամուր կապերը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image