Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր, Լոռու մարզից ընտրված Արամ Խաչատրյանի հետ
- Պարոն Խաչատրյան, ինչո՞վ կհիմնավորեք Ձեր աննախադեպ սկզբունքայնությունը․ մեկ օր առաջ մերժում էիք նախագահի թեկնածու Արթուր Վաղարշյանին, ի վերջո, գրեթե ողջ կազմով կողմ քվեարկեցիք։ Ի՞նչ փոխվեց մեկ գիշերվա ընթացքում։
- Մի գիշերվա մեջ չի փոխվել, հնչել են տարբեր հարցադրումներ, տրվել են պատասխաններ, այսպես ասած՝ համոզիչ պատասխաններ, որի հիման վրա էլ որոշում ենք կայացրել։
- Ուզում եք ասել, որ ոչ թե մեկ գիշերվա, այլ մեկ ժամվա մեջ է որոշում փոխվել, հարցի քննարկումը մեկ ժամ էլ չտեւեց, բառացիորեն երկու հարց ուղղվեց թեկնածուին։
- Չէ, հիմա նախկինի պես չէ, ոնց որ Դուք եք նկարագրում, գիշերը մեկ ժամվա մեջ չէ, պարտադրել, համոզել, որոշում է կայացվել, եւ քվեարկել ենք։
- Դուք ասացիք՝ «պարտադրել», ես ոչինչ չեմ նկարագրում, ընդամենը հարցնում եմ։
- Չէ, լավ, ես Ձեր մտքի շարունակությունն ասացի, համենայնդեպս, Ձեր հարցի ենթատեքստից դա հասկացա։
- Իմ հարցը, խնդրում եմ, առանց ենթատեքստերի հասկացեք ու պատասխանեք՝ ի՞նչը փոխեց ձեր դիրքորոշումը։
- Բայց երկու հարց չէր, բազմաթիվ հարցեր տրվեցին, եւ եղան պատասխաններ, որոնք համոզիչ էին։
- Օրինակ։
- Օրինակ՝ անցած ճանապարհը, խոսքի ազնվությունը, անկեղծությունը, էլ չեմ ասում՝ մասնագիտական որակները։
- Այդ որակները մեկ տարվա ընթացքո՞ւմ է Վաղարշյանը ձեռք բերել, կամ՝ ո՞ր ճանապարհի մասին է խոսքը՝ մինչեւ մեկ տարի առաջվա՞, թե՞ վերջին մեկ տարվա։
- Դե, այս անգամ ավելի համոզիչ պատասխաններ հնչեցին, եւ պատգամավորները, գիտեք՝ բոլորն էլ իրենց խղճի մտոք քվեարկեցին։
- Փաստորեն, բոլորիդ խիղճը նույնկերպ է գործում։
- Այդպե՛ս էլ կարող է ստացվել։ Դա խոսում է մեր քաղաքական թիմի ներդաշնակության մասին։
- Ի՞նչ ներդաշնակություն։
- Որ մենք իրար լավ ենք հասկանում, մենք միասնական ենք համակրում կամ հակակրում։
- Մեկ օր առաջ իմքայլականներից շատերը՝ ի դեմս խմբակցության ղեկավարի, հայտնում էին, որ ոչինչ չի փոխվել մեկ տարվա ընթացքում։
- Գիտեք, խմբակցությունը չի հայտարարել այդպես, յուրաքանչյուր պատգամավոր կարող է ունենալ իր պատկերացումները, բայց, ինչպես տեսնում եք, մեծամասնությունը կողմ է։
- Ծավալված քննարկումներից հետո Արթուր Վաղարշյանի համար էր անգամ անհավանական, որ ինքը կընտրվի, եւ ասում էր, որ աստվածային հրաշք պետք է տեղի ունենա, որ իրեն ընտրեն։
- Փաստորեն, հրաշքներ լինում են։
- Փաստորեն, խորհրդարանում սկզբունքներով եւ գաղափարներով առաջնորդվելու փոխարեն հրաշքների սպասումներով են ապրում, հիմա որ ձեզ մեղադրեն անսկզբունքայնության կամ «վերեւից» հրահանգով առաջնորդվելու մեջ, պիտի նեղվեք, չէ՞։
- Մեր գործողությունները թույլ չեն տվել, որ մարդիկ մեզ կասկածեն, ոչ մեկը մեզ հրահանգ չի կարող տալ։
- Նիկոլ Փաշինյա՞նն էլ չի կարող։
- Նիկոլ Փաշինյանն ինձ նման հրահանգ չի տվել։