«Շարունակ լուրեր եմ լսում, թե մենք ունենք խնդիր՝ դասագրքերի հետ կապված, եւ կան դասագրքեր, որոնք բացակայում են կամ պակասում են»,- նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Մատենադարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու որպես իր խոսքերի հավաստիության ապացույց՝ մատնանշեց 2 ստենդով եւ մի քանի շարքով շարված նորաստեղծ դասագրքերը, որ հատուկ ասուլիսի համար էին պատրաստել:
Անդրեասյանը նշեց, որ նախարարությունն ավելի քան 220 դասագիրք է հրատարակել, մասնավորապես 159 անուն դասագրքերի մասին է խոսքը, ինչն ամբողջությամբ ծածկում է դպրոցական կրթության կարեւորագույն առարկաները: «Դպրոցներն ունեն բոլոր անհրաժեշտ դասագրքերը՝ ուսուցումն իրականացնելու համար»,- հավաստիացրեց նա` նշելով, որ դասագրքերի բաշխումն այս պահին հիմնականում ավարտված է, 4 մարզում դրանք կավարտվեն օգոստոսի 28-ին, եւ սեպտեմբերի 1-ին ոչինչ չի խանգարի՝ ազդարարելու ուսումնական պրոցեսի մեկնարկը:
Բայցեւայնպես, ունենք որոշ առարկաներ, որոնց շրջանակում նոր դասագրքեր չկան եւ օգտագործվելու են դեռեւս հին դասագրքերը: Ըստ Անդրեասյանի, դրանք մեծամասամբ վերաբերում են ավագ դասարաններին: Մասնավորապես, սեպտեմբերի 1-ից դասագրքեր չեն լինի 10-րդ եւ 11-րդ դասարանների «Քիմիա» առարկայից, 10-րդ եւ 11-րդ դասարանների «Կենսաբանություն»-ից, 11-րդ դասարանի «Հանրահաշիվ» առարկայից, 11-րդ դասարանի «Ռուսերեն», 9-րդ եւ 11-րդ դասարանների ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն), 5-11-րդ դասարանների «Ֆրանսերեն»-ից: Նշված դասարաններում այդ առարկաները դասավանդվելու են հին դասագրքերով: ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից դպրոցները կստանան լրացուցիչ ուղեցույցներ, ձեռնարկներ, որոնք կօգնեն հին դասագրքերում առկա նյութերը նոր չափորոշիչներին ադապտացնելուն:
Ինչպես նաեւ՝ դասագիրք չի լինի 11-րդ դասարանի «Բնագիտություն» եւ 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկաներից, որոնց մրցույթն արդեն հայտարարված է: Իսկ մինչ այդ ԿԶՆԱԿ-ը կտրամադրի ուսումնական նյութեր, քանի որ կոնկրետ այս առարկաներից հին դասագրքեր չկան, եւ նախկին դասագրքերը թեմատիկ առումով չեն համապատասխանում նոր չափորոշչին:
Չնայած նախարարի հավաստիացումներին, լրագրողները շարունակում էին հետաքրքրվել չտպագրված եւ հին դասագրքերով դասավանդվող առարկաների ճակատագրով, նաեւ՝ թե ինչու է 3 տարի շարունակ նոր ուսումնական տարվան ընդառաջ, դասագրքերի շուրջ այսքան մեծ աղմուկ բարձրանում: Անդրեասյանը սա բացատրում է այն հանգամանքով, որ մեր երկրում ավելի քան 15 տարի նման պրոցես չէր եղել, նոր դասագրքեր չէին ստեղծվում, միայն գործող դասագրքերն էին վերահրատարակվում, սակայն իրենք 2023-ին գնացին նոր բովանդակությամբ նոր դասագրքերի տպագրության: Ավելին` այս տարվանից արդեն նկատում են դասագրքերի բովանդակության էական, որակական փոփոխություններ:
Բացակա դասագրքերից շատերի դեպքում հայտեր ներկայացվել են, բայց, ինչպես նկատում է Անդրեասյանը, դրանք չեն հաղթահարել փորձաքննությունը։ «Իսկ մենք չենք ուզում գնալ կոմպրոմիսի»,- ասպես է հիմնավորում ԿԳՄՍՆ-ն, քանի որ, դիցուք` քիմիան ու կենսաբանությունը կարեւորագույն առարկաներ են:
Այս տարի 3 առարկայի դասավանդումը, որոնց թվում է 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն»-ը, ուսումնական թղթապանակներով է իրականացվելու. «Բայց կան նաեւ հայտարարված մրցույթներ, որոնք հոկտեմբերին բացվելու են, եւ ես բոլորովին չեմ բացառում, որ 2-րդ կիսամյակում այս 3 առարկաներից մենք եւս դասագրքեր կունենանք դպրոցներում»: Ուսումնական թղթապանակն իրենից ներկայացնում է առարկայի ծրագրին համապատասխան՝ յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ անհրաժեշտ նյութերի հավաքածու, որոնք կարող են տրամադրվել թե՛ էլեկտրոնային, թե՛ թղթային տարբերակով: Յուրաքանչյուր դպրոց ինքն է որոշում՝ ինչպես դա անել:
Նախարարի կարծիքով, ուսումնական թղթապանակները հնարավորություն են տալիս մանկավարժներին՝ դասապրոցեսը վարելու ընթացքում ավելի ճկուն ու նորարար լինել. «Մենք ընդհանրապես ուզում ենք ավագ դասարաններում հրաժարվել դասագրքի մոտեցումից, որովհետեւ ավագ դասարաններում նախ մենք ասում ենք, որ երեխաները պետք է սովորեն այնպիսի առարկաներ, բացի պարտադիր առարկաներից, որոնք ավելի համապատասխան են իրենց մասնագիտական կողմնորոշմանը եւ կարող են շատ տարբեր լինել: Ու շատ ավելի արդյունավետ է, երբ մենք կարողանում ենք ունենալ ուսումնական նյութերի հավաքածուներ՝ այդ առարկաների ու դասընթացների համար: Սա մեր քաղաքականությունն է, որ ավագ դասարաններում դասագրքային մոտեցումը թողնենք եւ դրսեւորենք ճկունություն՝ այդ նյութերով աշխատելու»:
Ինչ վերաբերում է 10-11-րդ դասարանների «Հայաստանի պատմություն» առարկային, ապա, ըստ Անդրեասյանի, այս առարկայի հետ կապված՝ ի սկզբանե ոչ մի հայտ չի էլ ներկայացվել, բայց քանի որ մրցույթ են հայտարարել, հույս ունի, որ կլինեն: Անդրեասյանն անդրադարձավ նաեւ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի հեղինակային խմբի կողմից այս տարի ստեղծված եւ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքին, որը, դեռ դպրոցներ չմտած արդեն մեծ աղմուկ է առաջացրել, ինչն ինքը հաջողված դասագրքի օրինակ է համարում:
Հիշեցնենք, որ դասագրքում առկա անճշտությունները` թե՛ բովանդակային, թե՛ տեխնիկական բնույթի, օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում, ապա նաեւ մեզ հետ զրույցում մատնանշել էր պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, որը գիրքը որակել էր որպես հերթական խայտառակ ու խոտան դասագիրքը, որ հրամցվում է երեխաներին: Նա դասագրքի համահեղինակ յոթ պատմաբաններին տվել էր 72 ժամ՝ դասագրքի հեղինակությունից հրաժարվելու համար. «Հակառակ պարագայում այն օրն եմ գցելու, որ ձեր թոռներն էլ ձեր արածի համար ամաչեն...»:
Մեզ հետ զրույցում Հայկ Դեմոյանն ընդգծել էր, որ դասագրքում ակնհայտ է նաեւ քաղաքական լոյալության դրսեւորումը. «Դասագրքի վերջում Նիկոլ Փաշինյանը 3 տեղ է երեւում՝ որպես թավշյա հեղափոխություն իրականացրած ազգափրկիչ։ Սա ամենասարսափելի, ամենաայլասերված մասն է դասագրքի, որովհետեւ գիտականության սկզբունքով երբ նայում ենք, ոչ մի թավշյա հեղափոխություն էլ չի եղել, այլ եղել է շինծու, բեմադրված, նախօրոք պայմանավորված եւ արտաքին ուժերի կողմից թելադրված գործողություն, ինչը դասագրքում չի արձանագրվել»:
Դասագրքում տեղ գտած թավշյա հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի, Արցախի, Սերժ Սարգսյանի` «ես սխալվեցի, Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր» հայտնի արտահայտությունների եւ իրադարձությունների հետ կապված հարցադրումներից Ժ. Անդրեասյանը հունից դուրս եկավ՝ կտրականապես հերքելով, որ դասագրքում կա որեւէ քաղաքական շեշտադրում: «Դասագրքում չկա որեւէ կուսակցական ուղղվածություն, հիշեք, թե դպրոցներում ինչ էր կատարվում մինչեւ 2018-ը»,- հորդորեց նա ներկաներին: Սակայն, որպես պատասխան-հիշեցում, ստացավ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրենի օրինակը, որը վերջերս կիսվել էր Փաշինյանի գրառմամբ եւ իր աջակցությունը հայտնել Վեհարանը գրոհելու հարցում: