Քաղաքականություն

«Հրապարակ». Իշխանություններն Օսկանյանի տեղը վաղուց գիտեին

«Հրապարակ». Իշխանություններն Օսկանյանի տեղը վաղուց գիտեին

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ եթե իրեն եւ մի խումբ դիվանագետների տան լիազորություններ, իրենք 3 ամսում Արցախի հետ կապված բանակցությունները կարող են տեղափոխել հայանպաստ հուն՝ պայմանով, որ Նիկոլ Փաշինյանն այդ 3 ամիսների ընթացքում չպիտի խոսի։ Օսկանյանի խոսքով՝ 3 հիմնական անելիք կա, որոնց դեպքում հնարավոր կլինի հայանպաստ իրադրություն ստեղծել բանակցային գործընթացում․ «Առաջին՝ շատ արագ պետք է փոխել բանակցությունների տրամաբանությունը եւ նարատիվը: Սրա վրա ուշադրություն դարձրեք, շատ նուրբ բան եմ ասելու. ո՞նց կարելի է այդ նարատիվը փոխել: Մենք բանակցում ենք՝ ոչ թե անարդար պատերազմի արդյունքում ստեղծված ոչ հավասար պայմաններում պատերազմի սպառնալիքի տակ գնալ հարցի լուծման՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելով, այլ մենք մտնում ենք բանակցությունների մեջ, այո, անարդար պատերազմի արդյունքում ոչ հավասար պայմաններում՝ որոնելու այն ճիշտ ճանապարհները, որը հնարավորություն կստեղծի Հայաստանին եւ Ադրբեջանին՝ վերջիվերջո հասնելու արդար եւ կայուն խաղաղության»:

Երկրորդ քայլը, ըստ Օսկանյանի, այն է, որ պետք է ընդլայնել այսօրվա բանակցային օրակարգը։ «Այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, այնտեղ կան միայն Ադրբեջանի պահանջները: Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում եւ այլուր բանակցում է միայն ու միայն Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթավորում տալ, որն ընկալելի կլինի հայ ժողովրդի համար: Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս այսօր: Ադրբեջանն ուզում է՝ իր պահանջներն այնպես գրվեն, որ տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն էլ չլինի: Այսօր բանակցությունները գնում են դրա շուրջ: Երրորդ․ պետք է դնել այդ պահանջը: Բազմաթիվ այլ խնդիրներից առաջնայինն այդ պահանջում պետք է լինի հետեւյալը՝ ԼՂԻՄ-ի սովետական շրջանում կարգավիճակի հարցը պետք է դնել օրակարգ: Ես շատ զգույշ եմ ասում սա, ուզում եմ, որ չաղավաղվի: Այդ փաստի գոյությունը սովետական շրջանում, որ ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այս փաստը պետք է լինի այսօր բանակցությունների օրակարգում:
Այդ փաստն էր այն ժամանակ՝ 1991թ., որ հնարավորություն տվեց Արցախի ժողովրդին՝ ձգտելու ինքնորոշման, անցկացնելու ռեֆերենդում, այդ փաստն օրինականացվեց եւ միջազգային հանրության համար ընդունելի դարձրեց, որ ԼՂ ժողովուրդը սովետական շրջանում ունեցել է ինքնավար մարզ: Դա նոր հնարավորություններ կբացի քաղաքական եւ իրավական ինչ-որ լուծումների գնալու՝ բանակցությունների արդյունքում: Այս հարցն օրակարգ բերելու խնդրում ուղղակի հակափաստարկ որեւէ մեկը չի կարող ունենալ: Սա միջազգային հանրությունը միանգամից վերցնելու է, ընդունելու է եւ բերելու է բանակցային սեղան: Ադրբեջանը հնարավոր է դիմադրի, բայց նրան կստիպեն, որովհետեւ սրա դեմ հակափաստարկ չկա ուղղակի: Իսկ Ադրբեջանը եթե ուղղակի պնդի եւ դեմ լինի, որ սա մտնի օրակարգ, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու»,- հայտարարեց Օսկանյանը։

Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի Օսկանյանի առաջարկի եւ նրա կողմից առաջարկված քայլերի մասին։ «Գիտեք՝ մեթոդաբանական առումով, զուտ որպես բանակցությունների համար մոտեցում, խորհուրդ կտամ, որ իշխանությունը հրավիրի պարոն Օսկանյանին, եւ մանրամասների մեջ ավելի դետալացված, ավելի ընդարձակ նա ներկայացնի դա։ Բայց մի իշխանություն, որը, օրինակ, քաղաքական ընդդիմության՝ ժողովրդի կողմից ընտրված ընտրության, 30 տոկոս հավաքած ընդդիմության հետ խոսում է միայն բռունցքների ու հայհոյանքների լեզվով, սպասել, որ նա կարող է ողջախոհություն դրսեւորել, գոնե այս պահին ես չեմ տեսնում, դրա հիմքերը չեմ տեսնում, ուստի ես ենթադրում եմ, որ սա պարոն Օսկանյանի կողմից հուսահատ մի ճիչ էր՝ գուցե որպես զգոնության կամ սթափության կոչ: Թե չէ՝ սպասել, որ իշխանությունը, այն էլ՝ գործադիր ոլորտում, թույլ կտա․․․ երազում եմ, որ նրանք գոնե բանակցությունների բովանդակությանը տեղյակ պահեն Արցախի ընտրված իշխանությանը, երբեմն իդեալիստական զեղումներ եմ ունենում, որ գուցե պատվիրակության կազմում ինչ-որ փորձագետի մակարդակում Արցախը ներկայացված լինի, ես դրանց իրականացման հիմքերը չեմ տեսնում, այնպես որ․․․։ Բայց թարմ մոտեցում է, որոշ գեղարվեստական գունավորմամբ։ Ապրի ինքը, ես այդտեղ ավելի շատ ցավ տեսա, մեծ ցավ, որ խտացված արտահայտեց»,- ասաց Սահակյանը։

Նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համակարծիք է Օսկանյանի առաջարկի հետ․
«Ես լիովին համամիտ եմ պարոն Օսկանյանի դրույթների հետ, որ հայկական շահերից բխող դիրքորոշումների առաջադրման պարագայում մենք կարող ենք բանակցային գործընթացում էական փոփոխությունների հասնել եւ շատ ավելի հայանպաստ քննարկումներով իրավիճակային փոփոխության հասնել, եւ այստեղ կարեւոր է, որ գործող իշխանությունները փաստացիորեն չխոչընդոտեն այդ գործընթացին, բայց մենք տեսնում ենք իրականում բոլորովին հակառակ պատկեր»։

Աղաջանյանին հարցրինք. ի՞նչ է կարծում՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է բանակցողի կարգավիճակը զիջել որեւէ մեկին՝ անկախ այն բանից, թե ինչ է առաջարկում կամ ինչ փորձառություն ունի այդ մեկը, եւ որ թիմից է նա։ «Այստեղ կարողանալու հարցը չէ, այստեղ ցանկության հարցն է։ Իմ վերլուծությունները բերում են այն եզրահանգման, որ այսօրվա կառավարության ղեկին նստած անձը հստակ եւ միտումնավոր կերպով իրականացնում է ծրագիր։ Նա շատ լավ գիտեր ե՛ւ պարոն Օսկանյանի տեղը, ե՛ւ մյուս դիվանագետների տեղը, եւ ցանկության դեպքում, եթե իրոք նրանք շահագրգռված լինեին Արցախի հարցում հայանպաստ դիրքորոշումներ ունենալ, ապա ո՛չ պատերազմին նախընթաց ժամանակաշրջանում իրենք իրենց պահվածքը կդրսեւորեին այնպես, որ իջեցնեին Արցախի կարգավիճակն ու սուվերենությունը վտանգի տակ դնեին, ո՛չ էլ առավել եւս պատերազմի ընթացքում եւ հետո Արցախը փաստացիորեն միայնակ կթողնեին՝ նրան բռնի կերպով հրելով Ադրբեջանի գիրկը: Այստեղ ես տարբեր մոտեցումներ եմ տեսնում, այստեղ խնդիրը կարողանալը չէ, այստեղ խնդիրը ցանկությունն է, եւ ես այդ ցանկությունը բոլորովին հակառակ ուղղությամբ եմ կարդում` գործող իշխանության վարած քաղաքականության եւ իրականացրած քայլերի պարագայում»,- պատասխանեց Աղաջանյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image