Հարցազրույց

«Հրապարակ». Մենք չենք պարտվել, գոնե ես ինձ պարտված չեմ համարում, եւ ոչ մեկը թող իրեն պարտված չհամարի

«Հրապարակ». Մենք չենք պարտվել, գոնե ես ինձ պարտված չեմ համարում, եւ ոչ մեկը թող իրեն պարտված չհամարի

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանի հետ։

- Պարոն Ասատրյան, ձեր իշխանությունը ՀՀ քաղաքացիներին փայլուն ապագա էր խոստանում, խաղաղության դարաշրջան էիք բացում, մինչդեռ այսօր ադրբեջանցիները քայլելով հասնում են Սիսիանի գյուղերը, մտնում մարդկանց տները եւ կրակում մեր գյուղերի ուղղությամբ։ Սա՞ էր ձեր խոստացած ապագան։

- Մենք՝ բոլորս, պիտի հակված լինենք նրան, որ Հայաստանն իրականում դարձնենք անվտանգ երկիր, դա յուրաքանչյուրիցս է կախված։ Այսինքն, եթե ամեն մեկս իր դիրքում լինենք, Հայաստանն անվտանգ երկիր կդառնա։

- Հիմա ո՞վ իր դիրքում-դերում չէ, որ ադրբեջանցիները սահմանից ավելի քան 20 կմ առաջ են եկել` քայլելով մտել խաղաղ բնակիչների տները։

- Հիմա մենք բավականին վտանգավոր շրջանում ենք ապրում, ոչ միայն մեզ համար, այլ տեսնում եք, թե աշխարհում ինչ է կատարվում։ Կա՞ աշխարհում մի անվտանգ տեղ, ես համարում եմ, որ չկա, պայքար է հողի համար, տարածքի համար, ամեն մեկն իր ոտքն է ուզում երկար պարզել, հիմա մեկի մոտ հաջողվում է, մեկի մոտ չի հաջողվում։
Ես հասկանում եմ, որ հեշտ չէ, բայց պայքար է։

- Բայց, փաստորեն, ՀՀ իշխանությունները, մեր բանակն ու իրավապահ համակարգն ամենեւին էլ չեն պայքարում, թողել են, որ ադրբեջանցիները կիլոմետրեր անցնեն, հանգիստ հասնեն խաղաղ բնակավայրերին, ո՛չ ՊՆ-ն է իր գործառույթներն իրականացրել, ո՛չ ԱԱԾ-ն։

- Մի բան պետք է հասկանալ, որ այս պահին ունենք երկարացած սահման, ու հնարավոր է, որ ֆիզիկապես հնարավոր չլինի ամեն սանտիմետրի վրա մարդ կանգնեցնել։ Մենք էլ ենք ունեցել դեպքեր, երբ մեր ժողովուրդը սահմանն անցել է, հայտնվել իրենց հողում։

- Բայց նույն ճանապարհով կարող է դիվերսիոն խմբի ներթափանցում  լինել, հիմա մեզ մխիթարենք, որ ընդամենը մոլորվե՞լ են, դուք կոչ եք անում, որ մեր քաղաքացիները չվախենա՞ն ադրբեջանցի տեսնելիս։

- Վախենալ պետք չէ, պետք է պատրաստ լինել ցանկացած մարտահրավերի։ Այսինքն, պետք է զինվել համբերությամբ։ Ի վերջո, սահմանը, հայրենիքը պահում են մարդկային ուժով, պետությունը ղեկավարող մարմին է, բայց սահմանը ժողովուրդն է պահում։

- Իշխանությունը նույն Տեղ գյուղում ժողովրդին թույլ չի տալիս մոտենալ իր հողերին, այգիներին, որոնք օրերս զավթել են ադրբեջանցիները, ԱԱԾ-ն գյուղամիջում անցակետեր է դրել, ժողովուրդը ո՞նց պաշտպանի իր հայրենիքը, երբ ստացվում է՝ իշխանությունները չեն ուզում։

- Հիմա չի կարելի տրվել էմոցիաներին, դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ հետեւանք կարող է ունենալ։ Հիմա կոնկրետ մի հատված չի, չէ՞, մեզ համար սահմանի ողջ երկայնքով կարող են, չէ՞, նման դեպքեր լինել։

- Հիմա նորմա՞լ է, որ ադրբեջանցիները պատերազմից հետո քիչ-քիչ գալիս են առաջ մեր սուվերեն տարածքում, դարձնում են իրենցը, մենք էլ չենք դիմադրում։

- Բայց պետությունը պայքարում է, չէ՞, նստած չի` ձեռքերը ծալած։ Միջազգային հարթակներով բարձրացված է այդ հարցը, բա ինչի՞ ենք ասում՝ գնալու են սահմանազատման, ի վերջո, մեր սահմանը պիտի գծվի՞, թե՞  չէ։

- Տպավորություն է, որ երկու տարի է՝ Ադրբեջանն ուժով սահմանազատում է իրականացնում, տարբեր հատվածներում զավթել է մեր հողերը, նստում ու դուրս չեն գալիս։

- Էդպես չի, հիմա մենք էլ ենք որոշ հատվածներում գնում նստում։

- Մերոնք ադրբեջանական տարա՞ծք են մտել։

- Ադրբեջանի տարածք չենք գնացել, մենք մեր տարածքում ենք նստում։ Դե, հիմա մեր սուվերեն տարածք են մտել, բայց մեր պահանջն է, որ լինելու է սահմանազատում-սահմանագծում այն նորմատիվներով, որը մենք ունենք՝ որպես քարտեզ։

- Դուք հավատո՞ւմ եք, որ հաղթած դիրքերից Ադրբեջանը պիտի հաշվի նստի մեր իշխանությունների պահանջների հետ, եթե հիմա կարողանում է առանց դիմադրության մեր հողերին տիրանալ։

- Ես համաձայն չեմ Ձեր ձեւակերպման հետ, թե Ադրբեջանը հաղթած դիրքերից է։ Մենք չենք պարտվել, գոնե ես ինձ պարտված չեմ համարում, եւ ոչ մեկը թող իրեն պարտված չհամարի, որովհետեւ սա պայքար է, ոչ մի բան ավարտված չէ։ Երբ պարտությունը կնքվի, եւ դրանից դու կորցնես այն, ինչ քեզ է պատկանել, ու դու համակերպվես դրան, դա կլինի պարտություն։ Ամեն ինչը շարունակություն ունի։

- Նկատի ունեք խաղաղության պայմանագի՞րը։

- Խաղաղության պայմանագիրը եւս պայքար է։

- Բա Արցախի կորսված տարածքները՝ Հադրութ, Շուշի, դրանք հե՞չ։

- Մենք ամեն ինչով մեղադրում ենք այսօրվա իշխանությանը, բայց հետ չենք գնում՝ հասնելով ակունքներին, թե որտեղ է եղել թաղված շան գլուխը, որ բերել է նրան, որ այսօր մերը չի, ու ունեցել ենք բազմաթիվ զոհեր։ Ժամանակին այդպես էլ չկարողացան կյանքի կոչել իրավական հատվածը, որի համար այս սերունդը հատուցեց։ Արել էինք, հաղթանակն ունեինք, բա ինչի՞ չգնացինք դա՝ վերջնական կնիք դնելու, ինչի՞ հարմարվեցինք սրա-նրա դուդուկի տակ պարելուն։

- Դուք դնեիք այդ վերջնական կնիքը։

- Մենք գնում էինք, ժամանակ չկար, եւ այդ հնարավորությունն էր սպառվել։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image