Վեհափառ հայրապետի որոշմամբ՝ անորոշ ժամանակով հետաձգվել է Եպիսկոպոսաց ժողովը:
Պատճառը հայտնի է՝ գործող իշխանության կողմից իրականացվող հետապնդումները: Մի քանի հոգի՝ ընդսմին, լուրջ եւ հարգանքի արժանի, ողջունել են այդ որոշումը՝ բնորոշելով այն որպես իմաստուն, հավասարակշռված եւ այլն: Իսկ ես զարմացած եմ: Բոլորս ընդունում ենք, որ կաթողիկոսի ու եկեղեցու դեմ ընթանում է պատերազմ առանց կանոնների, որը նախաձեռնել է վարչապետի աթոռից կառչած անձը: Գործող իշխանությունը սկզբում պատերազմում էր ընդդիմության դեմ, հետո անցավ եկեղեցուն, կաթողիկոսի՝ զավակ ունենալու հանգամանքն էլ ընդամենը առիթ էր: Եթե այդպես չլիներ, ապա Նիկոլն իր կողմը չէր քաշի ինչ-ինչ «սրբազանների», որոնց միջոցով պայքարում է ընդդեմ կաթողիկոսի, եւ որոնց մեղքերը տասնապատիկ ավելին են, քան Վեհափառինը:
Իսկ ժողովի հետաձգումը նշանակում է, որ ճակատամարտերից մեկում Վեհափառը պարտություն կրեց ու նրա հետ միասին՝ համարյա ողջ հասարակությունը: Համարյա ողջ, քանի որ, այնուամենայնիվ, կան մարդիկ, ովքեր պաշտոնի բերումով Նիկոլին որպես ծափահարող գլխաքանակ են ծառայում: 66 տարեկան, բավական կարդացած մարդ եմ, բայց առաջին իմացա, որ հոգեւոր արարողությանը կարելի է նաեւ ծափահարել: Իհարկե, աննորմալ եվրոպաներում եկեղեցիներում արդեն շոուներ կազմակերպվում են, որոնց ընթացքում մարդիկ նաեւ ծափահարում են:
Դառնանք Եպիսկոպոսաց ժողովի հետաձգմանը. կարող եմ ենթադրել, որ հետաձգումն անորոշ է եւ կարող է ամիսներ տեւել, որովհետեւ բռնաճնշումները չեն դադարեցվելու: Իսկ հետաձգումը հենց այն է, ինչ անհրաժեշտ է վարչապետ կոչվածին: Ինչեւէ, կաթողիկոսի քայլը կարելի կլիներ իսկապես ողջունել, եթե դա որեւէ ձեւով չազդեր 2026-ի ընտրությունների վրա, ու գործող իշխանությունը պարտություն կրեր: Սակայն հասկանալի է, որ Նիկոլը դրանով չի բավարարվելու ու անընդհատ այդ ուղղությամբ խնդիրներ է գեներացնելու, ու առաջին նահանջին հետեւելու է երկրորդը, երրորդը: Ինչն էլ, բնականաբար, թուլացնելու է ընդդիմության դիրքերը: Իսկ եթե, ինչպես նախորդ օրը Սիմոնյան Ալենն է ասել, հաջորդ պատարագը կատարվի մայր տաճարում, ապա ո՞րն է լինելու եկեղեցու պատասխանը:
Պաշտպանե՞լ մայր տաճարը, թե՞ կրկին խոհեմություն ցուցաբերել ու թույլատրել դա: Եթե արվի առաջին տարբերակը, ապա անիմաստ կլինի Եպիսկոպոսաց ժողովի հետաձգումը: Իսկ եթե երկրորդը, ապա դա կհանգեցնի կաթողիկոսին չեզոքացնելուն: Այո, չեզոքացնելուն եւ ոչ թե ձերբակալելուն, որովհետեւ ձերբակալելու դեպքում խնդիր կառաջանա երկրում, ու մեծ աղմուկ կծագի դրսում, ինչը Նիկոլին հեչ պետք չէ: Ու այդ դեպքում, եթե ընդդիմությունը չկարողանա պաշտպանել Վեհափառին, ապա Նիկոլը, վստահաբար, կհաղթի 2026-ի ԱԺ ընտրությունում: Իսկ հաղթանակ տանելուց հետո կգա Սահմանադրության փոփոխության հարցը, ու կաթողիկոսի ճակատագիրն արդեն դժվար թե հետաքրքրի որեւէ մեկին, իսկ դա էլ կազատի Նիկոլի ձեռքերը: