«Կրթությունը նորաձեւ է» արշավը նախաձեռնած Աննա Հակոբյանի ուշադրությունն ուզում ենք հրավիրել իրենց կառավարության երիտասարդ անդամներից մեկին կրթելու հույժ անհրաժեշտության վրա։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն առաջին դեպքը չէ, որ դրսեւորում է կրթության պակասը։ Իհարկե, խոսքը մասնագիտական գիտելիքների մասին չէ՝ գուցե իրավաբանությունից նա գլուխ է հանում։ Բայց չէ որ Աննա Հակոբյանը կրթվել ասելով միայն մասնագիտական գիտելիքները նկատի չունի՝ նա տգետ է անվանում անգամ ԱՄՆ Կոլումբիայի համալսարանն ավարտած Լեւոն Զուրաբյանին։
Իսկ այս նորանշանակ նախարարուհին անգամ տարրական շփվելու կուլտուրա չունի, չգիտի ինչպես խոսել լրագրողների հետ, ինչպես պատասխանել նրանց, ինչպես պահել իրեն խորհրդարանում։ Նրան չեն բացատրել, որ խորհրդարանում ծամոն ծամել չի կարելի, իսկ լրագրողների հետ խոսելիս պետք է կոռեկտ լինել։ Հեգնում է, մուննաթ գալիս, ծամածռվում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողների հետ խոսելիս։ Հատկապես նրա թիրախում է «Հրապարակը»։ Նրա նախարար նշանակվելու առաջին օրը, երբ «Հրապարակ»-ի լրագրող Լուսինե Շահվերդյանը փորձել էր հարցեր ուղղել Գալյանին, ՊՊԾ աշխատակիցները լրագրողին քաշքշելով հեռացրել էին՝ խոչընդոտելով նրա աշխատանքը, իսկ արդարադատության նախարար Գալյանը հաճույքով հետեւում էր այդ խայտառակությանը։
Եւ պարզվում է՝ այս տարրական բաները չիմացող կինը սերունդ է կրթում՝ դասավանդելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում եւ Արդարադատության ակադեմիայում։
Նրա պահվածքը ոչ միայն լրագրողներին դուր չի գալիս, այլ հենց իր ղեկավարած նախարարությունում արդեն նրան անուն են դրել՝ «կուռաժիտ Գալյանը»։
Այսինքն, խնդիրը լրագրողների մեջ չէ, եւ անգամ նրանց սուր հարցերի մեջ չէ, ուղղակի այս կնոջ համար շատ շուտ էր նման բարձր ու պատասխանատու պաշտոն զբաղեցնելը։