Քաղաքականություն

Ճանաչելով Մարտուն Գրիգորյանին՝ վստահ եմ, որ չի գնա այդ քայլին

Ճանաչելով Մարտուն Գրիգորյանին՝ վստահ եմ, որ չի գնա այդ քայլին

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի հետ։

 - Փարաքարում եւ Գյումրիում ՔՊ-ն պարտվեց, ընդդիմությունը շարունակում է միավորվելու շուրջ քննարկումները։ Արդյո՞ք սա նշանակում է, որ ընտրություններով հնարավոր է հեռացնել իշխանությանը։ 

- Մենք հետեւում ենք Գյումրիում իրադարձությունների զարգացմանը, կարծում եմ, որ այնտեղ անակնկալներ չեն լինի, Մարտուն Գրիգորյանն էլ ասել է՝ որեւէ պարագայում չի միանալու իշխանությանը։ Բայց այստեղ շատ կարեւոր է, որ ընդդիմությունն է հաղթում՝ մի տեղ՝ հավաքական, Փարաքարում՝ Վալոդյա Գրիգորյանը։ Սա խոսում է այն մասին, որ ժողովուրդը մերժում է իշխանությանը։ Փարաքարում անցած ընտրություններին ամեն ինչ արվեց, որ Վալոդյա Գրիգորյանը չլինի, այս ընտրություններին արդարությունը վերականգնվեց։ Չնայած նրան, որ Գյումրիում աղաղակող ընտրախախտումներ են եղել, Ջավախքից են մարդիկ բերել գրանցել, իշխանական ամբողջ ռեսուրսն աշխատում էր Սարիկ Մինասյանի օգտին, ցուցակներ են կազմվել տարբեր գերատեսչություններում այն մարդկանց մասին, որոնք Գյումրիում գրանցում ունեն, ամբողջ իրավապահ մարմինները՝ ՌՈ-ն, ՆԳՆ-ն, մարզպետներ, նախարարներ եւ այլ իշխանականներ լծված են եղել այդ գործում, այդուհանդերձ, իշխանությունը պարտվեց։ Ամիսներ առաջ էր պլանավորվում այս օպերացիան՝ քաղաքապետի ԺՊ դնեն Սարիկ Մինասյանին, հետո լծվեն այդ գործին։ Մենք ականատեսը եղանք նրան, որ իշխող խունտան ամեն ինչ անում էր, որ իշխանությունը Գյումրիում վերարտադրվի։ 

- Իշխանությունը վստահ էր, որ ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Փարաքարում հաղթելու է։

- Այո, նրանք վստահ էին եւ ուրախ՝ համարելով, որ հաջողությունն ու հաղթանակն իրենց գրպանում են։ Բայց, ի պատիվ ընդդիմադիր հատվածի, մարդիկ գնացին եւ իրենց «ոչ»-ն ասացին։ Իշխանությունն այլեւս չունի վստահություն, իրենց սպառել են, դա ակնհայտ է։ Որեւէ պարագայում մեր քաղաքացիները չեն ուզում գործ ունենալ իշխանության հետ։ Ընտրողներն էլ 20 տոկոս եւ ավելի վարչական ռեսուրսն է, ընտրակեղծիքներ եւ ընտրախախտումներ, որն իշխանությունը փորձում է ներկայացնել իբրեւ հաջողություն։ Սուտ է, մենք տեսել ենք այդ ամենը մեր աչքերով։ Ժամը 5-ից հետո մեծ քանակությամբ մարդկանց, պետական աշխատողների տներից հանում էին ու ստիպում՝ քվեարկել իրենց։ Անգամ այս անհավասար պայմաններում ընդդիմությունը կարողացավ հաղթանակ տանել։

- Եթե ընդդիմությունը միասնական է, ինչո՞ւ է ուշանում Մարտուն Գրիգորյանի միանալը Վարդան Ղուկասյանին, ի՞նչն է խնդիրը։

- Ես խորը ծանոթ չեմ հետընտրական գործընթացներին, բայց կարող եմ ասել այդ թիմի կարծիքը՝ վստահեցնում են, որ որեւէ պարագայում ՔՊ-ի հետ չի լինի համագործակցություն։ Գյումրին ՀՀ երկրորդ քաղաքն է, բոլոր նրանք, ովքեր առաջադրվել են որպես քաղաքական գործիչ, իրենց շահերն ունեն եւ իրենց տեղն են ուզում հասկանալ։ Կարծում եմ՝ այդ անորոշությունը կարող է հստակեցվել, այս պահին այլ գնահատական տալ չեմ կարող։ Ճանաչելով Մարտուն Գրիգորյանին՝ վստահ եմ, որ չի գնա այդ քայլին` ՔՊ-ի հետ չի համագործակցի։ 

- Նշեցիք, որ իշխանությունը վարչական ռեսուրսի հաշվին, մի կերպ Գյումրիում կարողացավ այդքան ձայն հավաքել։ Եթե 2026-ին ժողովուրդը գնա եւ ընտրի ընդդիմությանը, Փաշինյանը պատրաստ կլինի՞ խաղաղ ձեւով իշխանությունը հանձնել։

- Ես կարծում եմ, որ ոչ։ Հիմա էլ ընտրություններն արդար չեն։ Ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը թույլ կտա, որ ընտրության արդյունքում որեւէ մեկն ավելի շատ ձայն հավաքի, քան ինքը։ Նա ամեն կերպ կփորձի խոչընդոտել։ Հավատալ նրան, որ Նիկոլ Փաշինյանն ազատ, անկախ եւ թափանցիկ ընտրություն կարող է կազմակերպել, ես չեմ հավատում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image