«Հրապարակ»-ը գրել էր, որ Նիկոլն արդեն սկսել է նախընտրական ցուցակ կազմել՝ նկատի ունենալով նաեւ արտահերթ ընտրությունների հավանականությունը: Կարծում եմ, որ դա կախված է ոչ այնքան վերջինիս կամքից, որքան իրադարձությունների զարգացումից: Եթե դրանք այնպիսի ընթացք ստանան, որ անհրաժեշտ լինի հենց վաղն էլ հայտարարել արտահերթի անցկացման մասին, ապա դա կարվի: Իսկ եթե նման քայլի անհրաժեշտությունը չլինի, ապա կսպասի մինչեւ 2026 թվականի հունիս: Իրադարձությունների զարգացումն էլ առաջին հերթին պայմանավորված է վերջինիս երբեմնի «կիրթ ու կառուցողական գործընկերոջ» վարքագծով: Եթե ադրբեջանական բռնապետը որոշի, որ միջազգային իրադրությունն այնքան էլ հարմար չէ կա՛մ Սյունիքի վրա հարձակվելու եւ կա՛մ Նիկոլին ինչ-ինչ բաներ պարտադրելու առումով, ապա թույլ կտա Նիկոլին հանգիստ շունչ քաշել: Իսկ եթե որոշի, որ հասել է հարմար պահը՝ ինչ-որ քայլ անելու առումով, ապա առնվազն իշմար կտա Նիկոլին: Նիկոլն էլ, գիտենք, պատերազմ սկսելու սպառնալիքով դա կպարտադրի հայ հասարակությանը:
Բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե այդ ամենին չնախապատրաստվեր հենց այսօր կամ, ավելի ճիշտ՝ նույնիսկ երեկ: Բայց երբ նրա քաղաքացիական կինը նախաձեռնեց իր հերթական շոուն, մենք խնդացինք: Իսկ ժողովուրդն ասում է, որ նման իրադրության մեջ շահում է նա, ով վերջում է ծիծաղում: Այնպես որ, խնդալու փոխարեն ընդդիմությունն ավելի խելացի կվարվեր, եթե դադարեցներ մեկմեկու միս ուտելը: Որովհետեւ դրա ընթացքում կեղծ կրթական ծրագրի նախաձեռնության անվան ներքո Նիկոլն ու իր կինը զբաղված են ընտրությունների քարոզարշավով: Ու նշանակություն չունի՝ դրանք տեղի կունենան մեկ տարի անց, թե ավելի վաղ: Ի դեպ, սկզբում դրան մասնակցել եմ նաեւ ես («լայքի» նշանով մեկ-երկու անգամ արձագանքելով) «Ով բերեց Նիկոլին» թեմայով հանրապետականների եւ քոչարյանականների բանավեճին: Այնուհետեւ, ի տարբերություն բանավիճողների, հասկացա իմ սխալն ու դադարեցրի անգամ «լայքելը»՝ Ֆեյսբուքում կոչ անելով դադարեցնել բանավեճը, բնականաբար, առանց հաջողություն ունենալու:
«Հրապարակը» հայտնել էր նաեւ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ԱԺ ապագա պատգամավորների ցուցակ է կազմում: Նա «ուզում է լրիվ նոր կազմ ներկայացնել` անհայտ մարդկանցից կազմված, որ կարողանա եւս մեկ անգամ մոլորեցնել ՀՀ ընտրողին եւ նրա քվեն ստանալ` համոզելով, որ նոր կադրերը կլուծեն հների չլուծած խնդիրները», եւ որ Նիկոլենք կարող են հանդես գալ հենց «Իրական Հայաստան» անվան ներքո: Կարծում եմ, որ երկուսն էլ բավականին ճշմարտանման են՝ հաշվի առնելով, նախ, մարդկանց օգտագործելու եւ այնուհետեւ դեն նետելու՝ «հեղափոխականների» անբարոյական վարքագիծը: Չնայած, եթե հաշվի առնենք, որ նման մարդիկ պատրաստ են օգտագործվելու՝ դրանում նաեւ իրենց շահն ունենալով, ապա այդ երեւույթը կարելի է արդարացի համարել: Ինչ վերաբերում է «Իրական Հայաստան» կոչված անհեթեթությանը, ապա նախորդ օրը ռուսական դրամատիկական թատրոնում Հակոբյան-Փաշինյան զույգի շոուի կադրերը դիտարկելը հենց նման որոշման տպավորություն թողեց:
Ի դեպ, թատրոնում անցկացված շոուի ընթացքում օգտագործվեցին բազմաթիվ կարգախոսներ, բայց իմ ուշադրությունը գրավեցին դրանցից երկուսը, մեկը՝ «21-րդ դարը երբեք չի եղել», իսկ մյուսը՝ «Մենք երբեք չենք եղել»: Այդ եւ բազմաթիվ այլ՝ էկրանին երեւացող կարգախոսների ներքո հիմնականում խոսում էր Նիկոլի կինը: Չգիտեմ, թե ինչ էր խոսում, քանի որ ձայնն անջատել էի, բայց այդ պահին մտածեցի, որ եթե որեւէ մեկն ինձ առաջարկեր ելույթ ունենալ այդ կարգախոսների ներքո, կհրաժարվեի: Ես, որ վերջին շուրջ 4 տարում մոտ 1700 հոդված եմ գրել «Հրապարակի» համար, այսինքն՝ խնդիր չունեմ որեւէ թեմայի շուրջ խոսելու առումով: Բայց ապրելով 20-րդ դարի 2-րդ եւ 21-րդ դարի 1-ին կեսում՝ ինչպե՞ս կարող եմ պատկերացնել, որ այս դարը չի եղել: Եվ լինելով առնվազն երեքհազարամյա պատմությամբ ժողովրդի զավակ՝ ինչպե՞ս կարող եմ պատկերացնել, որ մենք չենք եղել: Չէ, կարող եմ, իհարկե, ինքս ինձ հիմարի տեղ դնել ու բանի տեղ չդնել այդ երկու երեւույթները: Բայց դա անել չեմ պատրաստվում, քանի որ հարգում եմ թե՛ ինքս ինձ եւ թե՛ ինձ ընթերցող մարդկանց: Ինչն ինձ թույլ չի տալիս, որ Նիկոլի նման ես էլ փորձեմ զբաղվել մանիպուլյացիայով:
Ի դեպ, մեկ-երկու խոսք էլ ասեմ նախորդ օրը դահլիճում՝ շոուի հանդիսականների մասին: Դրանից մեկ օր առաջ Երեւանի Պարոնյան-Լեո խաչմերուկում նշվել էր երեք տարի առաջ վարչապետի աթոռից կառչած անձի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելով սպանելու տարելիցը: Նշում էին երկու-երեք տասնյակ երիտասարդներ: Հասկանալի է, որ դրա հաջորդ օրը թատրոնում կայացած շոուի մասնակիցներից ոչ մեկը չկար նրանց թվում: Ու նրանք չեն էլ մտածում, որ այդ դեպքը կարող էր պատահել հենց իրենց հետ: Բայց հղի կինը եւս չի մտածել, թե ինչ է պատահելու իր հետ, երբ փորձել է կանաչ լուսացույցի տակ փողոցն անցնել դրա համար առանձնացված հատվածում: Սակայն թեկուզ ինքնապաշտպանական բնազդը շոուի մասնակիցներից յուրաքանչյուրին այդ դեպքից հետո պետք է ստիպեր, որպեսզի վերջինս մտածեր՝ բա որ ինքը լիներ Սոնայի փոխարեն…