Հասարակություն

Մեր թիկունքում

Մեր թիկունքում

Դուք պատկերացնո՞ւմ եք մեր երկրում տեղեկատվության տիրապետող այն մի քանի մարդու ռեակցիան, որոնք հետեւում են, թե ինչպես է անորոշության ու անտեղյակության մեջ խարխափող հասարակությունը փորձում գուշակել, թե ուր են տանում իրենք մեր երկիրը, ինչ գաղտնի բանակցություններ են վարում մեր թիկունքում: Ես պատկերացնում եմ, թե ինչպես են զվարճանում` փորձագետների ու քաղաքական գործիչների հարցազրույցները լսելով, վերլուծությունները կարդալով: Չէ՞ որ փակել են տեղեկատվության բոլոր աղբյուրներն ու արտահոսքի ելքերը, եւ այս բոլոր մարդկանց տնօրինած տեղեկատվությունն այնքան սուղ է, որ շատ մեծ է սխալվելու հավանականությունը: Եվ հիմա մի փոքր խմբով տնօրինում են երկրի ճակատագրին առնչվող կարեւոր տեղեկատվություն, այդ տեղեկատվությունը մեզ են փոխանցում մատնոցով՝ վերջին պահին փաստի առաջ կանգնեցնելով հանրությանը:

Նաեւ վստահ եմ, որ փակ դռների ետեւում ծաղրում են իրենց հակահայ որոշումները կանխելու բոլոր այդ հուսահատ ջանքերը: Մի ողջ երկիր` իր փորձագետներով, դիվանագետներով, լրագրողներով, հայրենիքը սիրող եւ այդ հայրենիքի համար ցավ ապրող մարդկանցով, հայտնվել է տեղեկատվական վակուումի մեջ եւ անզոր ճիգեր է անում` արժանանալով թերուս իշխանավորների մեղադրանքներին, թե` տեղեկացված չեք, օգտվում եք ադրբեջանական աղբյուրներից, գուշակություններ եք անում: Եթե գոնե վստահ լինեինք, որ նրանք գործում են ի շահ Հայաստանի, այլ ոչ թե ի շահ իրենց աթոռների, եթե համոզված լինեինք, որ այնքան գիտելիք ու փորձ ունեն, որ կզգան վտանգները, եթե ապացույցներ ունենայինք, որ վճռորոշ պահին համարձակ կլինեն ու կկանխեն մեր երկրի դեմ ձեռնարկվող քայլերը, կարող էինք այսքան չտագնապել: Բայց 6 տարվա պաշտոնավարման ընթացքում միայն հակառակն ենք տեսել:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image