Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը շարունակում է ամուսնու հետ հավասար, երբեմն ավելի առաջ ընկած, ղեկավարել Հայաստանի ոչ միայն ներքին, այլեւ արտաքին օրակարգը, ավելի հստակ՝ քանդել երկիրը: Նա այս օրերին Կիևում մասնակցում է «Առաջին տիկնանց և ամուսինների» երրորդ գագաթնաժողովին։ Մի կողմ թողնենք, որ իրեն առաջին տիկին զգացող Աննա Հակոբյանը հինգ տարվա մեջ այդպես էլ չսովորեց առաջին տիկնոջը վայել պահվածք ու կեցվածք դրսեւորել, որպեսզի իմանա, թե ինչպես խոսի, որտեղ խոսի եւ ինչպես իրեն պահի, սակայն չկենտրոնանանք այդ մանրուքների վրա: Այս տիկինն իր այցով, իր քայլերով, իր հայտարարություններով պարբերաբար սկանդալների մեջ է հայտնվում եւ մոտեցնում Հայաստանը աշխարհաքաղաքական մեծ պատերազմի թատերաբեմ դարձնելու պահը, որը գուցե իր եւ իր ամուսնու ծրագիրն է:
Ուկրաինայում Աննա Հակոբյանը հանդիպեց նախագահ Վլադիմիր Զելենսկուն, լայնորեն ժպտաց նրան, ձեռք սեղմեց եւ այդ լուսանկարները հպարտորեն հրապարակեց համացանցում: Գուցե իր ամուսնու կերպա՞րն էր տեսնում Զելենսկու մեջ, ով, չգիտես որտեղից եւ ինչպես, եկավ դարձավ երկրի ղեկավար ու երկրը մտցրեց պատերազմների մեջ…
Իհարկե, Ուկրաինան մեծ վնասներ է կրում ռուս-ուկրաիանական երկամյա արյունոտ պատերազմում: Իսկ պատերազմը դատապարտելի է ամեն պարագայում. պատերազմ նշանակում է անմեղ զոհեր, ավերածություններ, հումանիտար աղետ: Այս առումով, այո, կարեկցանքի եւ օգնության է արժանի ուկրաինացի շարքային քաղաքացին: Սակայն, երբ որեւէ երկրի՝ իրեն առաջին համարող տիկինը նման հանդիպում է ունենում որեւէ երկրի ղեկավարի հետ, դա արդեն դիվանագիտական հեռու գնացող ու լուրջ քայլ է: Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարարությունն արդեն արձագանքել է այդ քայլին:
Ովքեր ունեն հակառուսական քաղաքական հայացքներ, ողջունում են այս քայլը, կարծելով՝ եթե այս պատերազմում Ուկրաինան Ռուսաստանի թշնամին է, ապա ուրեմն մեր բարեկամն է: Թե ինչպիսի դաշնակից կամ թշնամի է Ռուսաստանը Հայաստանի համար, դա թողնենք պատմաբանների ու քաղաքագետների վերլուծությանը: Ընդունենք, որ այդ երկիրը մեր ամենաոխերիմ թշնամին է, մեզ ցեղասպանել է, գրավել է մեր հայրենիքի մի մասը, մեր հողերը տվել է թշնամուն: Իսկ ո՞վ է մեզ համար Ուկրաինան. հայ-ադրբեջանական ողջ հակամարտության ընթացքում Ուկրաինան անթաքույց պաշտպանել է Ադրբեջանին։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ուկրաինացի շատ օդաչուներ և դիպուկահարներ կռվում էին հայերի դեմ՝ Ադրբեջանի կողմից մասնակցում էին։ 2020թ․ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակն առաջինը շնորհավորեց Ուկրաինայի նախագահը։ Կիևի փողոցները ողողված էին ադրբեջանամետ պաստառներով։ Հետեւաբար, անհասկանալի է Աննա Հակոբյանի ջերմ սերը Զելենսկու եւ նրա երկրի նկատմամբ:
Փաշինյանն ու իր թիմը վերջին շրջանում արդեն բացահայտ կերպով ձեռնոց են նետում պաշտոնական Կրեմլին: Այո, ՌԴ-ից ակնկալիքները մեծ են, հատկապես՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում Ռուսաստանի դաշնությունը գրեթե չի կատարում իր պարտավորությունները, Արցախը թողել է Ադրբեջանի երախում անպաշտպան, շրջափակված արցախցիներին՝ «փափուկ» ցեղասպանվելու ռիսկի տակ: Այո, պետք է դաշնությունից պահանջենք տեր կանգնել իր ստորագրությանը եւ դաշնակցային պարտավորություններին: Սակայն հիշենք, որ այլ երկիր չի կարող ավելի հայամետ լինել, քան Հայաստանի ղեկավարը, որն արդեն իր բանավոր խոսքում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Իսկ դիվանագիտության մեջ կան պահանաջատիրության տարբեր մակարդակներ, ձեւեր, որտեղ Ալեն Սիմոնյանի եւ մյուսների բառաֆոնդը չի տեղավորվում:
Որքան էլ դժգոհ լինենք ՌԴ-ից, հիշենք, որ այստեղ է գտնվում ռուսական ռազմաբազա, որը Թուրքայի միակ զսպօղակն է Հայաստանի դեմ, լավ տեղավորվել է Հայաստանում եւ դուրս գալու մտադրություն չունի: Նրան հեռացնել կարող են միայն ռազմական ճանապարհներով, ինչը Հայաստանը կդարձնի մեծ պատերազմի թատերաբեմ: ՌԴ-ի հակառակորդները չեն զլանա Հարավային Կովկասում՝ կոնկրետ Հայաստանում երկրորդ ճակատ բացել ՌԴ-ի դեմ եւ թուլացնել ռուսական բանակը: Սա նշանակում է Հայաստանը ներքաշել մեծ պատերազմի մեջ` այնպես, ինչպես Ուկրաինան ներքաշեցին: Եթե Ուկրաինան ունի մարդկային մեծ ռեսուրս, ռազմական օգնություն ԱՄՆ-ից, Եվրոպայից, ապա Հայաստանի դեպքում չկա առաջինը, կասկածելի է նաեւ երկրորդի հեռանկարը, քանի որ այստեղ իր աշխարհաքաղաքական մեծ ծրագիրն ունի Թուրքիան: Ուստի, փաշինյանական իշխանության քայլերը՝ ուղղված ՌԴ-ի դեմ, Հայաստանի համար կարող են լինել կործանարար եւ դավաճանական…