ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ներկայացրած բանաձևին, որտեղ ռուսական կողմը որպես ագրեսոր չի ներկայացվել: Բանաձևին կողմ են քվեարկել 10 երկիր։ Խոսուն է այն հանգամանքը, որ դեմ ձայներ չեն եղել։ Հետաքրքիր է, որ ԱԽ-ն մերժել է եվրոպական երկրների կողմից ներկայացված եւ հակառուսական բնույթի, և ռուսական կողմի ներկայացրած ուղղումները:
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի այս բանաձևի ընդունմանը, ասաց, որ դա միանգամայն ներդաշնակ է ռուս-ամերիկյան մեկնարկած բանակցությունների համատեքստին:
«Չլինեին այդ բանակցությունները, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որևէ բանաձև չէր կարողանա ընդունել, որովհետև կամ Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները կկիրառեին վետտոի իրենց իրավունքը: Հետևաբար ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը սկսեց աշխատել՝ տեսեք, ինչ պայմանական եմ ասում և դրա գլխավոր մոտիվը ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև սկսված երկխոսությունն է: Ի դեպ, սա շատ ողջունելի հանգամանք է»,-ասաց Սուրենյանցը:
Թրամփը խիզախ քայլ արեց, դեն նետեց խորքային պետության դիմադրությունը, եվրոպական նեոլիբերալ շահախմբերի դիմադրությունը և խիզախեց դիալոգ սկսել Մոսկվայի հետ ու այդ բարենպաստ միջավայրն էլ հիմք ստեղծեց, որպեսզի ՄԱԿ-ն իր առաքելությունը կատարի՝ կարծում է Սուրենյանցը: Բանաձևում Ռուսաստանին չթիրախավորելը քաղաքապետը գրագետ քայլ է համարում` եթե խաղաղության են գնում, ապա պետք է բանաձևը սուր կողմեր չունենա:
«Այո, Միացյալ Նահանգները փորձել են այնպես անել, որ բանաձևում հակառուսական արտահայտություններ չլինեն: Եթե պատրաստում են խաղաղության միջավայր, ո՞նց կարող են հակամարտության կողմերից մեկին կտրուկ գնահատական տալ: Այդ դեպքում խաղաղության միջավայր չի լինի: Նախկինում ՄԱԿ-ը այդպիսի բանաձևեր է ընդունել, անհաջողության մատնվել: Երբ որ ուզում ես հակամարտող կողմերին բերել դիալոգի միջավայր, դու պարտավոր ես ձեռնպահ մնալ գնահատականներից, որոնք կարող են սուբյեկտիվ ընկալման տեղիք տալ և խոչընդոտել բանակցային միջավայրին»,-ասաց Սուրենյանցը:
Անդրադառնալով բանաձևի նշանակությանը, նա հիշեցրեց, որ սա ոչ թե պատերազմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, այլ Ուկրաինայի տարածքում պատերազմում էին Ռուսաստանի դեմ Արևմուտքը` ԱՄՆ գլխավորությամբ: Այս բանաձևը, ըստ Սուրենյանցի, կնպաստի գլոբալ լարվածության թուլացմանը: «Սա ամենակարևոր բանն է, իսկ Ուկրաինայի խեղճ տառապած ժողովրդին խաղաղության շանս կտա, եթե իմպլեմենտացիայի ենթարկվի այս բանաձևը»,-ասաց Սուրենյանցը:
Արդյոք Ուկրաինան ԱՄՆ-ի համար բե՞ռ է դարձել: Քաղաքագետը պատասխանեց, որ ԱՄՆ պետական պարտքի սպասարակումը մոտավորապես մեկ տրիլիոնի էր հասել․ «Դա գերազանցում էր ռազմական ծախսերին՝ սա արդեն ֆինանսական ճգնաժամի նշան էր և Միացյալ Նահանգներն ունեին գերծանրաբեռնված և գերտարածական օրակարգ, իսկ դա պահանջում էր շատ մեծ ֆինանսական ռեսուրսների ներդրում: Եթե այդպիսի մեծ ռեսուրսներ ծախսեին, դա բերելու էր անխուսափելի ֆինանսական ճգնաժամի, ինչի հետևանքով խորքային փոփոխություններ տեղի ունեցան, մտածողության, պատկերացումների ամերիկյան էսթաբլիշմենթում և դրա հետևանքն էր Թրամփի հաղթանակը: Հիմա Միացյալ Նահանգները գնում են պետական ծախսերի կրճատման՝ սա նշանակում է ավելի խաղաղասիրական արտաքին քաղաքականություն, ավելի թույլ միջամտություն աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Հիմա դուք սա կհամարեք, որ Միացյալ Նահանգները զոհաբերո՞ւմ են Ուկրաինային․ գնահատականի խնդիր է, զոհաբերության խնդիր չկա: Այլ կերպ կմեկնաբանեի` Զելենսկին թող անվերապահ չտրվեր Միացյալ Նահանգների նեոլիբերալ իշխանության՝ Բայդենի վարչակազմի քաջալերանքին: Զելենսկին, կարծում եմ, ունակ մարդ է և նա կարող էր հասկանալ, որ աշխարհում և Միացյալ Նահանգներում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք կարող են բերել Վաշինգտոնի քաղաքականության փոփոխության: Զելենսկին այդ հաշվարկը չի արել, սխալ ստրատեգիական հաշվարկի վրա է կառուցել իր քաղաքականությունը և ավելի տեղին է այս գնահատականը: Աշխարհաքաղաքականության մեջ զոհաբերություն բառը մի քիչ տեղին չի օգտագործելը»: