Ինչպես տեղեկացրել էինք, Ռոմանոս Պետրոսյանի «դաբրոյով» Հրազդանի ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Հախվերդյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի մարզպետը Հախվերդյանին ներկայացրել է բուժանձնակազմին եւ հայտարարել է, որ նախկին տնօրեն Լիլիա Կարապետյանը 15մլն դրամի չարաշահում է կատարել, եւ քրեական գործ է հարուցվել նախկին տնօրենի դեմ: Արմեն Հախվերդյանն էլ՝ պաշտոնը ստանձնելուց հետո, ընկերոջն ու կնոջն աշխատանքի է ընդունում ԲԿ-ում:
Արմեն Հախվերդյանին հարցրինք՝ ճի՞շտ է, որ մարզպետը հայտարարել է 15 մլն դրամի չարաշահման մասին: «Հայտարարել է, բայց ես իրավաբան չեմ: Բոլոր փաստաթղթերն առգրավված են, նման հարցերով դիմեք իրավապահ մարմիններին»:
-Պարո՛ն Հախվերդյան, լուրեր են շրջանառվում, որ պաշտոնի նշանակվելու համար մարզպետին կլորիկ գումար եք «մաղարիչ» արել:
- Ես մենակ մի բան կարամ ասեմ, ես ինտերվյու չեմ տալիս: Մնացածը կարող եք ինքներդ հետաքրքրվել եւ իմանալ` ես գումար տվե՞լ եմ, թե՞ չեմ տվել: Կարաք գնաք համապատասխան մարմիններից իմանալ:
- Հրազդանի ԲԿ-ում Ձեր ընկերոջն օգնական եք նշանակել, իսկ կնոջը՝ Անիին, ներկայացրել եք բուժանձնակազմին: Ի՞նչ հաստիք է զբաղեցնում ԲԿ-ում Ձեր ընկերոջ կինը:
-Ո՞ր կնոջ մասին է խոսքը:
-Դուք եք գործի ընդունել, ի՞նձ եք հարցնում:
- Ձեր ինֆորմացիան սխալ է, ես միայն ասել եմ, որ մեր հետ աշխատելու է, չեմ ասել, որ աշխատում է:
-Դեռ հաստիքացուցակ չեք կազմել, ինչո՞ւ եք բերել ներկայացրել, իսկ տիկինն էլ աշխատողներին ասել է, որ բոլոր հարցերով իրեն դիմեն:
- Հաստիքացուցակը հենց հիմա կազմվում է, ամենայն հավանականությամբ, հաստիքը, որը որ կորոշվի, կուղարկի մարզպետարան, այնտեղից էլ կնշանակեն: Էլ ինձ հարց չտաք, ես շատ զբաղված եմ: